Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՆՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ. ԿԱՅԼԱՍ



ԲՆՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ. ԿԱՅԼԱՍՏիբեթի Կայլաս լեռան գագաթին մինչեւ այժմ չի եղել ոչ մի մահկանացու:

Լեռը նման է քառանիստ ձյունապատ բուրգի:

Տիբեթցիները համոզված են, որ Կայլասը համատեղում է տիեզերական երեք գոտիներ` երկինք, երկիր եւ ստորգետնյա աշխարհ: Բուդդիստները Կայլասը համարում են Բուդդայի մենաստանը, եւ այդ պատճառով էլ հոգեւոր տեքստն ավետում է. «Ոչ մեկը չի համարձակվի բարձրանալ սարը, որտեղ բնակվում են աստվածները, իսկ ով տեսնի նրանց կերպարանքը, կմեռնի»:

 

Չհաջողված վերելք 

Հասարակ մահկանացուների համար լեռը դեռեւս մնում է չնվաճված, չնայած Հիմալայան ութ հազարանոցների համեմատությամբ ունի ընդամենը 6700 մ բարձրություն: Պատմում են, որ ովքեր ցանկացել են վերելք կատարել, նրանց առաջ անհաղթահարելի օդային պատնեշ է կանգնել:

Կա պատմություն, ըստ որի՝ չորս անգլիացի լեռնագնացներ, ձեւանալով որպես ուխտավորներ, միանում են տիեզերական իմաստնություն ձեռք բերելու համար Կայլասի մատույցներ այցելած ուխտավորների խմբին եւ կատարում սուրբ պտույտ լեռան շուրջ, այսպես կոչված՝ Կորա: Մի պահ նրանք հեռանում են սուրբ արարողակարգի արահետից եւ որոշում վեր բարձրանալ: Որոշ ժամանակ անց նրանք վերադառնում են լեռան ստորոտում գտնվող ուխտավորների ճամբար` կեղտոտ, պատառոտված ու խելացնոր աչքերով, նրանց ուղարկում են հոգեբանական կլինիկա, որտեղ լեռնագնացներն անհավանական արագ ծերանում են եւ մեկ տարին դեռեւս չբոլորած, գիտակցության չգալով, մահանում են:

2000թ. իսպանացի լեռնագնացները, մեծ գումար վճարելով չինական իշխանություններին, դժվարությամբ Կայլաս բարձրանալու իրավունք են ստանում, սակայն լեռան ստորոտի ճամբարից վեր բարձրանալ չեն կարողանում, քանի որ նրանց ճանապարհը փակում են հազարավոր ուխտավորներ: Իրենց բողոքն են արտահայտում նաեւ Դալայ Լաման, Միացյալ ազգերը եւ մի շարք այլ միջազգային կազմակերպություններ: Իսպանացիները ստիպված հրաժարվում են վերելքից:

2004թ. սեպտեմբերին Ռուսաստանի ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Յուրի Զախարովը ինչ-որ կերպ «թմրեցնելով» Տիբեթի հասարակության զգոնությունը, կարողանում է տղայի` Պավելի հետ առանց թույլտվության հարավարեւելյան կողմից բարձրանալ Կայլասի մինչեւ 6200 մ հատվածը, սակայն գագաթը նվաճել չի հաջողվում:

Պրոֆեսորը պատմում է. «3-5 վայրկյանը մեկ երկնքում գնդաձեւ պայծառ բռնկումներ էին լինում` նման տիբեթական սրբապատկերների: Ցերեկը երկնքին նայելիս աչքերը բացելու եւ փակելու պահին երկնքում պարզորոշ երեւում էին լուսավոր շերտեր, որոնք կազմավորում էին հսկայական ցանց, ծածկելով ողջ շրջապատը, կազմված հարյուրավոր սվաստիկաների պատկերներից (կեռ խաչ)»: Վերելքին համընթաց կտրուկ վատանում է  նաեւ եղանակը, ինչը ստիպում է նրանց դադարեցնել վերելքը:

Լեռան առեղծվածը

Տիեզերքից կատարված նկարների վրա երեւում է, որ Կայլասը գտնվում է քարե գալարագծերի կենտրոնում: Լեռը տիեզերքի եւ Երկիր մոլորակի ամենամեծ էներգիայի ինքնատիպ կուտակիչ է, որին օժանդակում է լեռան բրգաձեւությունը:

Ուշագրավ մի փաստ եւս. ուխտավորները նկատել են, որ մեկ օրում սարի շուրջ պտույտի (53 կմ երկարություն) արդյունքում արագանում են կենսական գործընթացները, ինչի արդյունքում եղունգները եւ մորուքը մեկ օրում արագորեն աճում են:

Հնարավոր է՝ չեն հերքում հետազոտողները, որ Տիբեթի քարանձավները իրենցից  ներկայացնում են մարդկային գենոֆոնդի պահուստ, եւ այնտեղ այսօր «կոնսերվացված» են երկրի առաջին քաղաքակրթության ներկայացուցիչները:

Կայլասի եւս մեկ հանելուկ. նրա շուրջ գտնվող երկու լճերից մեկը` «կենդանի», մյուսը «մեռած» ջրով է: Դրանք բաժանվում են միմյանցից նեղ  պարանոցով: «Կենդանի» լճի ջուրը բյուրեղային է, մաքուր եւ համով, պարզում է գիտակցությունը, բուժիչ ազդեցություն ունի: Այդ լճի ջուրը մշտապես մնում է հանդարտ, նույնիսկ ուժեղ քամու դեպքում:

Մյուսի` «մեռած» լճի Լանգա-ցո (անվանում են նաեւ Դեմոնա լիճ) ջուրը աղի է, պիտանի չէ խմելու համար, այստեղ մշտապես ալեկոծություն է, նույնիսկ առանց քամու առկայության:

ԱՂՎԱՆ ՉԱՏԻՆՅԱՆ

ԽՍՀՄ վաստակավոր լեռնագնաց

Խորագիր՝ #23 (1194) 14.06.2017 - 20.06.2017, Հոգևոր-մշակութային


14/06/2017