Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՁԵԶ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՆԱ
ՁԵԶ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՆԱ

ՁԵԶ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՆԱԱրագածոտնի մարզի Մուղնի համայնքը աչքի չի ընկնում իր մեծությամբ, սակայն այստեղից են սերում բազում հայորդիներ, որոնք բարձր են պահում հայ զորականի պատիվը: Այս սրբազան գործում, անշուշտ, իր դերակատարությունն ունի նաեւ Մուղնիի Մեսրոպ արքեպիսկոպոսի անվան հիմնական դպրոցը: Կրթօջախը միշտ վառ է պահում Մեծ հայրենական պատերազմում, Արցախյան ազատամարտում եւ հրադադարի հաստատումից հետո զոհված իր հայորդիների հիշատակն ու պատիվը: Դպրոցի պատերին մեծ զորականների եւ ռազմարվեստին նվիրված պաստառներ են: Դպրոցի տնօրինության որոշմամբ, ստեղծվել են հերոսացած հայորդիներին նվիրված անկյուններ եւ դասասենյակներ: Զարմանալի չէ, որ դպրոցի շրջանավարտներից շատերն են դառնում կուրսանտներ, սպաներ կամ պարտադիր զինծառայության անցնելով՝ դառնում օրինակելի զինվոր, քանզի ռազմահայրենասիրական ոգին եւ ռազմարվեստի մասին գիտելիքները ստանում են դեռ դպրոցական տարիներից:

Ցավոք, դպրոցն ունի նաեւ հրադադարից հետո զոհված չորս հերոսներ, որոնցից մեկն էլ 2016-ի ապրիլյան մարտագործողությունների ժամանակ Ջրականի պաշտպանական շրջանում զոհված Հովհաննես Հարությունյանն է: Մայիսի 27-ին նա կդառնար 20 տարեկան:

ՁԵԶ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՆԱՄայիսի 27-ին Մուղնիի Մեսրոպ արքեպիսկոպոսի անվան հիմնական դպրոցի դահլիճի պատվավոր հյուրերի շարքում հերոսածին մայրերն էին ու Արցախյան ազատամարտի մասնակիցները, եւ դպրոցականների կազմակերպած հերթական միջոցառումը՝ արիության դասը, նվիրված էր Հովհաննես Հարությունյանի անմար հիշատակին: Երեխաներն իրենց ռազմերգերով, ասմունքով եւ պարերով հուզեցին ներկաներին:

 Հովհաննես Հարությունյանի ընտանիքը «Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական կազմակերպության կողմից պարգեւատրվեց «Հայկ նահապետ» արձանիկով: «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպությունը Հովհաննեսի ծնողներին փոխանցեց կազմակերպության կողմից Հովհաննեսին հետմահու շնորհված «Հայրենիքի պաշտպանության համար» շքանշանը, իսկ դպրոցի տնօրենը, փոխտնօրենն ու զինղեկը հայրենանպաստ գործի համար արժանացան պատվոգրերի:

Այնուհետեւ միջոցառման մասնակիցներն այցելեցին Մուղնիի Սուրբ Գեւորգ եկեղեցու՝ հերոսներին նվիրված խաչքարի մոտ, խնկարկեցին նրանց հիշատակը:

Հ. ԿԻՍԵԲԼՅԱՆ