Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ՀԵՐՈՍՈՒՀԻ ԿԱՆԱՅՔ



Թե ձեռքը զենք վերցրած

հայ կին տեսնեք, ուրեմն վերջ,

հարկավոր է ամեն ինչ

թողնել ու փախչել:

 

ՀԱՅ ՀԵՐՈՍՈՒՀԻ ԿԱՆԱՅՔՀայ կինը հայոց պատմության դժվարին և ճակատագրական պահերին անմասն չի մնացել մեր գոյապայքարից, ինչը վկայում է հայուհու քաջության ու հերոսության մասին: Բազմաթիվ հայուհիներ ֆիդայիների հետ կողք կողքի պայքարել են թշնամու դեմ, արհավիրքի ժամին դարձել են քաջ զինվորներ` ձգտելով պահպանել հայի՝ հայոց լեռնաշխարհում ազատ և ինքնուրույն ապրելու իրավունքը: Նշանավոր գրող, ազգային գործիչ ու դիվանագետ Ավետիս Ահարոնյանը, բնութագրելով հայ հերոսուհիների գործունեությունը, գրել է. «Դուք էիք, որ ազատության տատասկոտ ճանապարհին ցավոտ ու բոսոր մշուշի մեջ ամենից գեղեցիկ, ամենից խիզախ երազներ հյուսեցիք: Դուք էիք, որ ըմբոստության ժայռերի բարձրությունից գահավեժ նետվեցիք ժողովրդի մեծ տառապանքի ծովը, որ ուռած ու մրրկածուփ եռում էր ձեր ոտքերի տակ: Դուք էիք, որ բռնության և արհավիրքի խեղդող խավարի մեջ բոցավառ աչքերի փայլով մոլորված ու լքված հոգիների ուղիները լուսավորեցիք: ՓԱ՜ՌՔ ՁԵԶ»: Հայոց հազարամյակների պատմությունը հարուստ է իրենց կյանքը հայրենիքի ազատության համար նվիրաբերած անձնվեր, խիզախ ու համարձակ, հայրենասեր հայուհիների գործած սխրանքներով: Այդ նվիրյալ հայուհիները, սեփական ժողովրդի փրկությունը բարձր դասելով անձնական երջանկությունից, սիրով ու անտրտունջ գնացին գերագույն զոհողության՝ իրենց կյանքը նվիրաբերելով ազգի փրկությանը: Հայ կնոջ վեհ գաղափարներն ու ձգտումները չեն խեղդվել նրա կրոնական հավատարմության ու համբերության մեջ, այլ վտանգի պահին, հատկապես՝ օրհասական օրերին հայ կինը միշտ էլ գիտակցել է ու մարտնչել, հերոսացել է կամ հերոսներ ծնել ու դաստիարակել: Սկսած 5-րդ դարում Եղիշեի և Ղազար Փարպեցու նկարագրած «Հայոց աշխարհի փափկասուն տիկնանց» սխրանքներից մինչև Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկի, հայոց թագուհիներ Փառանձեմի, Զարմանդուխտի, Ջալալ իշխանի դուստր Ռուզանի, Ռուբինյան Հեթում սպարապետի կին Զարմանուհու, Այծեմնիկ Անեցու, քաջակորով, հայրենասեր, ազատատենչ մյուս անհատ հայուհիների քաջագործությունները, թշնամու դեմ մինչև վերջ կռվելու և նահատակվելու անձնազոհության օրինակներից մինչև 1724 թվականին՝ Երևանի ինքնա- պաշտպանության ժամանակ, տղամարդկանց կողքին թուրքական 60 հազարանոց բանակի դեմ կռվող հայ կանանց հավաքական սխրագործությունները հայրենասիրության ուղեցույց են դարձել սերունդների համար: Այս ամենը լավագույնս ցույց է տալիս, թե հայ կինն ինչպես է դարերի ընթացքում ըմբռնել ու յուրացրել այն վեհ սկզբունքը, որ ոչ ոք իրավունք չունի ժողովրդի ազատությունը զոհաբերելու իր անձնական խնդիրներին: Օսմանյան տիրապետության ժամանակաշրջանում թվում էր, թե հայ կնոջ առաքինությունները հետզհետե կվերանան, ֆիզիկական գոյությունը պահպանելու ձգտումը կգերակշռի նրա վարքում, և հոգու վեհ ձգտումներն աստիճանաբար կանհետանան: Սակայն այդպես չեղավ հայ կնոջ պարագայում: Հայ կնոջ քաջակորով ոգու մի հուզիչ ապացույց է տալիս Վարդան Շահրազը` իր հուշերի գրքում գրելով, թե ինչպես հայ գյուղերից մեկում 90 տարեկան մի հայ կին, ձեռնափայտին հենված, մոտեցել է իրենց ու դժվարությամբ ծնկի գալով, դողդողացող ձեռքերը վեր պարզելով` դիմել է Աստծուն՝ ասելով. «Փա՜ռք քեզ, Աստվա՛ծ, որ հայն էլ թվանք ունի, փա՜ռք քեզ, որ ինձ արժանի արիր այն տեսնելու»: Սա փաստում է, որ այդ մեծահասակ կնոջ մեջ ազատության սերը մեռած չէր, և նա, անկասկած, այդ սերը փոխանցել էր իր զավակներին ու թոռներին: Երբ կոթուրցի քրդախոս հայ պառավ կինը՝ Զմոն, որը տարիներ շարունակ հոգ էր տարել հեղափոխական գործիչների մասին` նրանց պատսպարելով, կերակրելով ու ոգևորելով, հիվանդացել էր ու կուրացել, նրան առաջարկել էին իր ծառայությունների դիմաց 20 թուման, վերջինս նեղացած ու վիրավորված առարկել էր՝ ասելով. «Ես ձեզ համար չեմ աշխատել, այլ ազգի համար եմ արել»: Պատահական չէ, որ 19-րդ դարի վերջին՝ հայ ազատագրական պայքարի շրջանում, հայ կանայք տղամարդկանց կողքին էին, նրանց ոգևորում և աջակցում էին բոլոր հարցերում: Հայ ընտանիքը դարձել էր ազգային դիմադրության կիզակետը: Հենց այստեղ էր դարավոր վրեժը բռունցքի վերածվել. կինը, կռվելով տղամարդու կողքին, նրան ներշնչեց ինքնիշխան ապրելու կամք, խոր հավատ՝ ազատության և անկախության վերջնական հաղթանակի հանդեպ:

Հայրենասիրության և հեղափոխության առաջին սերմնացանները դարձան Թամարա Ադամյանը (Ներսիսյան), Ժենյա Ադամյանը (Քալանթարյան), Նատալյա Ամիրխանյանը (Մուրադյան), Դարիա Գոլոշյանը (Թադևոսյան), Նատալյա Մատինյանը, Սաթենիկ Մատինյանը (Արղության Ծաղիկ), Մարիամ Մակարյանը (Մարո), Մարիամ Վարդանյանը (Նազարբեկյան Մարո), Կարմիր Իրիցու տան Գյուլեն, Սրբուհի Եգանյանը (Աստղիկ) և ուրիշներ: Ազատության նվիրյալ շատ հայուհիներ օգտակար եղան զենքերի փոխադրության ու պահեստավորման գործում: Մարտական խմբերի առաջնորդ հայուհիներից էր Ակնի շրջանի կանանց առաջնորդը՝ ուսուցչուհի Յուղաբեր Պահլավունին, որը հայտնի էր «Վարժուհի» անունով: Նա ոչ միայն կազմակերպում էր զենքի փոխադրությունը, այլև սուրհանդակի պարտականություններով շրջում էր Դերսիմի Խոզաթի, Արաբկիրի և Տևրիկի շրջաններում: 1895 թվականի ինքնապաշտպանական կռիվների ժամանակ, առաջավոր դիրքերի վրա կռվելով, նա նահատակվեց: Երբ 1890 թվականի սեպտեմբերին կազմակերպվեց հեղափոխության, ազատագրական շարժման առաջին ձեռնարկը՝ Սարգիս Կուկունյանի արշավանքը, Էրզրումում մի կին իր տղային՝ Ստեփանին, հանձնեց Ս. Կուկունյանին` ասելով, որ իր տղան պետք է նրա հետ գա, որպեսզի իր քույրերի վրեժը լուծի թուրքերից: Նույն ձևով մի քանի գյուղերի կանայք իրենց տղաներին հանձնեցին Ս. Կուկունյանին: 1895 թվականին Զեյթունի ինքնապաշտպանական հերոսամարտում հայ կանայք, զենքը ձեռքներին, տղամարդկանց հավասար կռվել են ոճրագործ թուրքերի դեմ: Այդ կռիվներին իր հերոսությամբ աչքի է ընկել ու անմահացել հայուհի Զմրուխտը: Հայուհիների՝ հանուն հայրենիքի անձնական կյանքն ու ապագա երջանկությունը զոհաբերելու, սխրանքների, անձնազոհության օրինակները անչափ շատ են: Ահա մեկ օրինակ ևս: Հայ օրիորդը, նկատելով, որ ինչ-որ տեղ իր սիրեցյալը փորձում էր կյանքը պահպանել հանուն իրենց ապագա միության, երջանկության, թուրքերի դեմ կռվում համարձակություն չէր ցուցաբերում, վերջ է տալիս իր կյանքին` մահվանից առաջ գրելով իր սիրեցյալին. «…Դու, որ Հայաստանի ազատության գործը չգերադասեցիր, քան իմ ու քո անձնական երջանկությունը, դու, որ սերդ զոհեցիր ավելի բարձր գաղափարական սրի, կատարիր խոսքդ. անձդ զոհ դիր հայրենյաց սուրբ սեղանի վրա: Լցվիր թունավոր վրեժխնդրությամբ Բաբկեն Սյունիի նման: Կատարի՛ր վերջին կտակս, դրանով միայն կհանգստանան ոսկորներս գերեզմանի մեջ… Ների՛ր ինձ»: Նամակն անմիջական հասցեագրում չուներ որևէ մեկին, սակայն հասցեատերն այն ըմբռնեց և այդ վայրում՝ Խանասորի դաշտի կռիվներում, հերոսաբար մարտնչեց թշնամու դեմ: Չնայած ուներ հնարավորություն կենդանի մնալու, սակայն հրաժարվեց մարտի դաշտից հեռանալ և մինչև վերջին փամփուշտը մխրճեց ոճրագործների սիրտը, ու հերոսի մահով ինքն էլ անմահացավ: Նամակի հեղինակը մեծ հայրենասեր Մարիամ Մակարյանն էր, նրա նամակը հասցեագրված էր իր սիրեցյալ Արիստակես Զորյանին, թվագրված էր 1896 թվականի դեկտեմբերի 2-ով: Սասունի Խուլբի շրջանի Ահրոնք գյուղում 1847 թվականին ծնված Մակոյենց Աննայի, որին համագյուղացիները Աննա Մայրիկ էին ասում (Կարո Սասունու մայրը), հերոսական գործերի փառքը տարածվել էր գյուղի, շրջանի սահմաններից շատ հեռու: Նա ոչ միայն զենքով, այլև դիվանագետի հեռատեսությամբ շատ համագյուղացիների կյանք էր փրկել: 1904 թվականի Սասունի կռիվներում Գելիեգուզանի մի խումբ հայուհիներ, փախչելով իրենց հետապնդող թուրքական արնախում մարդակերների ճանկերից, բարձրացել են լեռան վրա: Երբ թուրքական ոհմակը մոտեցել է նրանց, կույր Հռիփսիմեն (Ըռփո Տայո), աղջկա ձեռքը բռնած, մյուս ձեռքում՝ տոպրակով ամուսնու աճյունահողը, գոչել է. «Հերիք է, որքան ստրուկի պես ապրեցինք, և թե… մեզ կմնա գերադասել պատվավոր մահ՝ անարգ թշնամիեն ձեռքը իյնալեն», ապա ժայռից ցած է թռել: Նրա օրինակին հետևել են շատերը: Ֆիդայական կռիվներում սխրանքով են անմահացել Սոսե Մայրիկը (1868-1953), Մակոյենց Աննա Մայրիկը (1847-1915), հերոսուհի Մաքոն, Մարիամ Մակարյանը, հայտնի ֆիդայուհի Մարինոսը, Գևորգ Չաուշի խմբից՝ Զարուհին (Զըրե), ալվառինջցի Խանիկը, Ագապին՝ Տուրբախի կինը, Մոկունք գյուղից՝ Եսթերը, Մոկունաց (Միրզոյան) Լուսին, ցրոնքցի Շուշանը և ուրիշներ: Զինատար կին հայդուկների շարքում էին Սևքարեցի Սաքոյի կինը՝ Մարո Ղարաքեշիշյանը, Շողերը, Սաթենիկ Մատինյանը (Ծաղիկը), Ուզունլուծի (Յոզղաթ) հերոսուհի Գոհարիկ Մարգարյանը, Գևորգ Չաուշի զինակից, կին հայդուկ Եղսոն: Հայտնի են եղել նաև Հայո-Հայաստանը, Սաթո Օհանջանյանը, Սատան Սիմեյանը, Գայլ Շահենը, Խազալը, Մավին, Աղավնի Վարպետյանը և ուրիշներ: Սասունի ինքնապաշտպանական կռիվներում աչքի են ընկել հերոսաբար կռվող շենիկցի Շաքեն, նրա հերոսուհի քույրը՝ Շուշանիկը, Հռիփսիմեն (Ռպե, Ռպո, Ռբե), Հեզիկը և Ալթունը, շատախցի Սրբուհին, Իսկուհի (Սևո) Համբարձումյանը, Ուրֆայի հերոսամարտում` Խանում Քեթենջյանը, Մարիամ Չիլինգարյանը, Շապին Գարահիսարի հայտնի կռիվներին մասնակցել են Վերոնիկա Թանջուտյանը, օրիորդ Ավանեսյան Ս., Մարիամ Աշճյանը, Ծաղեր Տեր-Մովսիսյանը և հարյուրավոր հայ կանայք: 1920 թվականի գարնանը քեմալական Թուրքիան, շարունակելով օսմանյան հայակուլ քաղաքականությունը, լայնածավալ հարձակում սկսեց Կիլիկիայի հայկական բնակավայրերի վրա: Հաճընի, Մուսա լեռան և այլ վայրերի ինքնապաշտպանական կռիվներին ակտիվորեն ու անձնազոհ մասնակցում էին նաև հայուհիները: Նրանցից Նվարդ Թելյանը, Եսթեր Մալյանը, Ագուլինե Խանջյանը և ուրիշներ հերոսաբար զոհվեցին և փառքով պսակվեցին թուրքերի դեմ կռիվներում: Անցած հարյուրամյակը հայ ժողովրդի լինել-չլինելու ժամանակաշրջան դարձավ, ազգային-ազատագրական պայքարի դար, թուրքական սպանդից, նրանց ստեղծած գեհենից փրկվելու, ազգն ու ազգայինը պահպանելու դար: Հայ կնոջ հերոսացումները շարունակվեցին ոչ միայն 1915-1923 թվականներին թուրքական հրոսակների դեմ մղվող ինքնապաշտպանական մարտերում, այլև Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գործող ռազմաճակատներում ու թիկունքում, նաև 20-րդ դարավերջին Արցախում ազատագրական շարժման ու պատերազմի տարիներին: Հայ կինը, ոգևորված հայդուկ կանանց օրինակով, դարձյալ իր դերի մեջ էր. հերոսաբար մաքառում էր` իր տուն ներխուժած թշնամուն դուրս վռնդելու և հայրենի տանն ու հողին տեր կանգնելու համար:

 

Շարունակելի

Խորագիր՝ #17 (1188) 03.05.2017 - 09.05.2017, Պատմության էջերից


06/05/2017