Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍԻԼՎԱՆ ԾԱՌԱՅՈՒՄ Է...
ՍԻԼՎԱՆ ԾԱՌԱՅՈՒՄ Է…

ՍԻԼՎԱՆ ԾԱՌԱՅՈՒՄ Է...Նուրբ, փոքրամարմին, համեստ ժպիտով այս հաճելի ու բարետես  կինն արդեն 25 տարի է, ինչ ՀՀ զինված ուժերում է: Ներկայումս ՀՀ Խաղաղապահ բրիգադում է ծառայում: Արդյոք վաստակած հանգստի գնալու ժամանակը չէ՞, երբեմն անցնում է մտքով, սակայն զորացրվելու մասին ցանկացած միտք շուտով տեղի է տալիս. մի շատ կարևոր բան պահում է նրան…

Սիլվա Խաչատրյանն ընդամենը 19 տարեկան էր, երբ 1992 թվականին ծառայության անցավ «Հատուկ գնդում»: Ավարտել էր իրավաբանական տեխնիկումը: Ծառայությանը զուգահեռ սովորում էր միլիցիայի բարձրագույն դպրոցի հեռակա բաժնում: Նորաստեղծ ազգային բանակի զինծառայողների համար դժվար շրջան էր. պատերազմն ամենակատաղի փուլում էր: «Շահումյանում, Լաչինում, Քարվաճառում, բոլոր այդ դժվար պահերին մենք էլ ենք տղաների հետ եղել: Մշտապես առաջնագծում չէի լինում, բայց պարբերաբար գնում էի անձնակազմը ստուգելու»,-հիշում է Սիլվան:

-Ձեր ծնողներն ինչպե՞ս ընդունեցին այդ բարդ շրջանում զինվորագրվելու Ձեր որոշումը,-հարցնում եմ զարմացած:

-Միայն իմ չէ, քրոջս հետ ենք ընդունվել ծառայության: Իրոք ծանր տարիներ էին, սակայն դա մեր որոշումն էր, ու ծնողներս հարգանքով և ըմբռնումով մոտեցան դրան:

Հարցիս, թե այդ տարիներից ի՞նչն է հատկապես տպավորվել, պատասխանում է. «Համախմբվածությունը: Դժվարությունները, որոնց միջով պատերազմի թեժ տարիներին անցնում էինք ամբողջ անձնակազմով, մի ընտանիք էին դարձնում մեզ: Սերը, հարգանքը միմյանց հանդեպ, անձնուրաց ծառայությունը, ահա այն ամենալավ բաները, որ կարելի է հիշել պատերազմի տարիներից: Հաճախ էլ վատ հիշողություններ են արթնանում. հիշում եմ, որ միաժամանակ 20-30 դիակ էին բերում… Լուռ հրաժեշտ էինք տալիս զոհվածներին, ճանապարհում…: Զոհեր, զոհեր, զոհեր…հարազատ ու անդառնալի կորուստներ… Հիմա էլ ամենադժվարն ինձ համար «Անդարձ կորուստների մատյանի» վրա աշխատելն է: Ամեն տարի այս մատյանում վերահաշվառում անելիս ասում եմ. «Աստված տա, որ այստեղ նոր անուններ երբեք չգրվեն»:

Սիլվայի ընտանիքը զինվորական է: Երկու քույրերը և նրանց ամուսինները զինծառայողներ են, նրանց երեխաները՝ նույնպես: Ամուսնուն՝ նույնպես զինծառայող, հանդիպել է «Հատուկ գնդում»: 7 տարի միասին ծառայելուց հետո հասկացել են՝ իրար պետք են նաև որպես կյանքի ընկերներ: Զինվորականների այս ընտանիքում մեծանում են 15-ամյա դուստրը և 14-ամյա որդին: «Երբ առաջնեկովս  հղի էի, մինչև ծննդաբերության օրը  ծառայության եմ եկել: Ինձ ասում էին՝ «Ուազիկով» ենք քեզ ծննդատուն տանելու,- ժպտում է Սիլվան: -Երբ արդեն ծննդատան ճանապարհին էի, լուրջ-լուրջ ասացի՝ վաղը ծառայության եմ, ինձ ո՞ւր եք տանում»: Կարելի է ասել՝ երեխաներս ինձ հետ ծնված օրից և դեռ ավելի վաղ ծառայության մեջ են: Դրանից է, որ հիմա շատ ինքնուրույն ու կազմակերպված մարդիկ են:

-Շատ եմ սիրում զինվորական համազգեստս,- ասում է Սիլվան: -Հպարտ եմ, որ զինվորական եմ դարձել, ունեմ այսքան տարիների զինվորական կենսագրություն: Երբեմն մտածում եմ զորացրվելու մասին, բայց անմիջապես էլ մտափոխվում եմ: Անցած ճանապարհս ետ է կանգնեցնում ինձ այդ քայլից:

-Սիլվան մեր անձնակազմում շատ հարգված է նախ և առաջ իր մարդկային որակների համար,-ասում են աշխատակիցները: -Բոլորիս հանդեպ հոգատար է, ուշադիր: Նրա մոտ վերապատրաստվող անձնակազմը, որպես կանոն, առաջխաղացման է ներկայացվում: Ինքն էլ անմիջապես անցնում է նոր համալրվածներին ուսուցանելու գործին, փոխանցում է իր հսկայական փորձը, աշխատանքի բոլոր նրբությունները, բոլոր «գաղտնիքները»:

-Երբ իմացա, որ Նապոլեոնը մի քանի գործողություն միաժամանակ է կատարել,- ասում է զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Վահան Ծատինյանը,- մտածում էի` հնարավո՞ր բան է: Սիլվայի օրինակով համոզվեցի, որ հնարավոր է: Միաժամանակ ներքին հեռախոսով է խոսում, բջջայինով մի քանի հարցերի է պատասխանում, գրություն է կարդում, մի ձեռքով էլ ինչ-որ բան գրում: Ֆենոմենալ հիշողություն ունի: Զորամասի ամբողջ անձնակազմին անուն-հայրանունով, ազգանունով գիտի: Եթե ինչ-որ մարդու մասին հաստիքապաշտոնային տվյալներ են պետք, ասում ենք`  Սիլվա, «այսինչյան այսինչ», անմիջապես պատասխանում է. «այսինչ գումարտակ, այնինչ վաշտ, բայց արդեն զորացրվել է այսքան ժամանակ առաջ»: Քայլող հանրագիտարան է, շտեմարան: Օրվա մեջ  զորամասում ուրիշ ոչ մի անուն այնքան հաճախակի չի հնչում, որքան նրանը: Մի դեպք պատմեմ: Անցյալ ձմռանն էր: Մտա շարային մաս, տեսնեմ՝ Սիլվայի մի ձեռքին «սիստեմա» է միացրած, իսկ մյուս ձեռքով համակարգչի վրա ինչ-որ բան է հավաքում: Դրան զուգահեռ` պատասխանում է անընդհատ գնացող-եկող սպաների հարցերին: Բոլորն էլ գիտեն, որ անգամ այս վիճակում Սիլվան պատրաստ է օգնելու: Մի մեխ մեխեցի պատին, որպեսզի  «սիստեմայի» լարը գոնե պատից կախվի, հարմար լինի: Մինչև օրս մեխը դեռ կա:

Ցանկացած պարագայում Սիլվան ծառայության մեջ է: Նրա նման մեկ ուրիշ մարդու չեմ հանդիպել: Բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը նույնպես շատ բարձր է գնահատում նրա աշխատանքը:

-Երբ «Հատուկ գնդից» տեղափոխվում էի Խաղաղապահ զորամաս, շատ դժվար էր բաժանումը հարազատ միջավայրից, մանավանդ, որ պատերազմի ծանր օրերին ես այդ զորամասի մի մասնիկն էի: Նոր կոլեկտիվ, նոր ղեկավարություն… Հիմա արդեն անասելի ջերմություն եմ զգում մեր զորամասի շեմքից ամեն առավոտ ներս մտնելիս,-ասում է Սիլվան:

Բանակային 25 տարիների ընթացքում իր գլխավոր ձեռքբերումների մասին հարցիս էլ այսպես պատասխանեց. «Գուցե անհամեստ հնչի, բայց կարծում եմ, որ 25 տարիների ծառայությունը զորքերում ինձ լավ մարդ է դարձրել: Այսքանը»:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարը՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ