Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳԵՎՈՐԳ ՄՂԴԵՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԳԵՎՈՐԳ ՄՂԴԵՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ԳԵՎՈՐԳ ՄՂԴԵՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆՄեկ տարի առաջ՝ ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակում էր խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ կիրառելով ինչպես տարբեր հրաձգային զինատեսակներ, այնպես էլ խոշոր տրամաչափի ականանետներ: Հենց այդ օրը առաջնագծի հյուսիսարեւելյան հատվածում մահացու հրազենային վիրավորում ստացավ 1996թ. ծնված շարքային ԳԵՎՈՐԳ ՄՂԴԵՍՅԱՆԸ:

Մահվան տարելիցի կապակցությամբ հայրենի Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի ավագ դպրոցում տեղի ունեցավ ապրիլյան պատերազմի հերոս Գեւորգ Մղդեսյանին նվիրված հիշատակի ցերեկույթ եւ պատանի գիտակների հուշամրցաշար:

Մեկնարկեց Գեւորգին նվիրված «Ճակատագրով հերոսը» տեսաֆիլմի ցուցադրությամբ, ապա իրենց մտավոր ուժերը փորձեցին պատանի գիտակները:

Հուշամրցաշարին մասնակցում էին նախընտրական փուլը հաղթահարած երեք լավագույն թիմերը: Մոտ մեկ ժամ տեւած պայքարից հետո մեր եռագույնը խորհրդանշող կարմիր, կապույտ, ծիրանագույն թիմերից հաղթող ճանաչվեց թիմի ավագ Էվա Բաղդասարյանի գլխավորած կապույտ թիմը՝ արժանանալով հերոսի դիմանկարով հուշանվերի: Ուշագրավ էր, որ թիմի ավագը մրցանակը հանձնեց հերոսի մորը՝ տիկին Անժելային: Մրցույթից հետո տեղի ունեցավ Գ. Մղդեսյանին նվիրված երգի պրեմիերան:

Միջոցառման ավարտին «Արեւ» կրթամշակութային զարգացման կենտրոնի տնօրեն Արթուր Գասպարյանն ասաց. «Լրացավ մեկ տարին այն դառը-տագնապալի հիշողությունների, որ կոչվեց «Քառօրյա պատերազմ»: Պատերազմ, որ տեւեց ընդամենը մի քանի օր, բայց թողեց սպիներ, որոնք այլեւս երբեք չեն ջնջվելու մեր սրտերից՝ թողնելով նաեւ անջնջելի մի վկայություն մերօրյա հայոց պատմության փառքի էջերում: Ու այդ էջերում գրված անունների շարքում է Գեւորգ Մղդեսյանի անունը»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ