Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՂԵԼ Է, ՉԻ ԵՂԵԼ...
ԵՂԵԼ Է, ՉԻ ԵՂԵԼ…

ԵՂԵԼ Է, ՉԻ ԵՂԵԼ...-Ուշադիր լսիր, մի Խաչ ես պատրաստելու ընկերոջս համար: Օտարերկրացի է: Ուրեմն՝ անգլերեն գրված է Jesus… Որ մեջտեղի S-ն բոյովացնես, բառը խաչի տեսք կստանա:

-Չէ՛, հեռախոսով չեմ հասկանա, արի երես առ երես բացատրի,- ընդհատում է Արշակը:

-Իզուր չի անունդ Փայտ Արշակ, -սիրտս թեթևացնում եմ հեռախոսը անջատելուց հետո, թեև շատ լավ գիտեմ, որ Փայտ մականունը Արշակին կպել է փայտից իրեր պատրաստելու համար: Դե արի էս սառնամանիքին հասիր Արշակենց տուն:

…Ես Արշակի հետ հին «թշնամություն» ունեմ: Նա միակն է իմ լրագրողական պրակտիկայում, որին չեմ կարողացել անկեղծության մղել: Արշակը Արցախյան պատերազմի մասնակից է, բայց մինչ օրս նրա բերանից գոնե մի նախադասություն չեմ կորզել կռվի մասին: Չի պատմում ու վերջ:

…Արշակի դեմքը լարված էր:

– Բարկացա՞ծ ես, – հարցնում եմ՝ անակնկալի եկած:

– Տունը ծախելու եմ, -պատասխանում է համարյա գոռալով…

– Բա Նանան ո՞ւր է,- ես անցնում եմ խոհանոց Նանային գտնելու հույսով:

– Գնաց վարսավիրանոց:

Արշակը սկուտեղը դողդողացնելով դնում է սեղանին: Սկուտեղի վրա երկու բաժակ կա, մեկը՝ ապակուց, մյուսը՝ մետաղյա:

– Տունը ծախելու եմ: Ծախելու եմ, գնամ մի ուրիշ տեղ տուն առնեմ, ուրիշ ելք չկա, – Արշակը ապակե բաժակը մեկնում է ինձ,- Կարևոր չէ՝ որտեղ, մենակ պրծնեմ էս անտեր խանութից: Օր չկա, որ Նանան մի բան չմոգոնի: Մեկ էլ կտեսնես՝ գույնը գցած ներս ընկավ, թե՝ տեսե՞լ ես Սերոբը մեր խանութն ինչքան է մեծացրել, գրենական պիտույքների բաժին է բացել: Համ էլ՝ երկրորդ հարկ են շարում: Ասում են՝ կտոր են վաճառելու երկրորդ հարկում:

Իսկ էս Նոր տարվա օրերին ուղղակի հոգիս հանեց: Ասում է՝ մտա մեր խանութը, ասեղ գցելու տեղ չկար: Հաշվել եմ՝ մենակ 20 տեսակի շոկոլադ ունեին: Հիմա Սերոբը միլիոններ աշխատեց, միլիոններ….

Որ ասում է՝ մեր խանութը, ավելի եմ կատաղում: Ասում եմ՝ աղջի՛, էդ մեր խանութը չի, Սերոբի խանութն է, մի՛ գնա Սերոբի գրպանի փողը հաշվի, քե՞զ ինչ՝ Սերոբն ինչքան փող կաշխատի:

…Արշակի մեծ, փշփշոտ, ճաքճքած մատների մեջ նույնիսկ ալյումինե բաժակն է անբնական փոքր թվում…

– Պատերազմից է մնացել, -ասում է Արշակը:

Բաժակը փոքր-ինչ ծռմռված է: Կողքերին դեղին շրջանակ կա. հավանաբար, դրանով նաև սուրճ են եփում: Արշակը նկատում է, որ զարմացած տնտղում եմ հնաոճ ալյումինե բաժակը:

– Իգորինն է:, – ասում է,- Իգորը ռուս էր, Տյումենից: Խորհրդային տարիներին Արտաշատում էր ծառայել: Հետո սիրահարվել էր Արտաշատ հորքուրին հյուր եկած մի ղարաբաղցի աղջկա, ամուսնացել հետը ու տեղափոխվել Ղարաբաղ:

-Ազատամարտի՞կ էր:- Ես ուրախանում եմ, որ խանութի թեման փակվեց:

– Կնոջ գյուղն էր պաշտպանում: Ասում էր՝ ուզում էի գնալ իմ երկիրը, պատերազմն սկսվեց: Մերոնց շատ եմ կարոտել. կռիվը վերջանա, թուրքերի հախից գանք, ընտանիքս առնեմ, գնամ իմ տուն: Ասում էր՝ էս գյուղում 3 տարի ապրել եմ, հո թուրքի երախի մեջ չեմ թողնելու- գնամ…Էդպես էլ արեց: Պատերազմից հետո գնաց Տյումեն:

-Լավ է, որ չի զոհվել:

-Չէ՛, չզոհվեց: Լավ տղա էր: Էս բաժակն ինձ կապում է անցյալին՝ պատերազմին, իմ զոհված ընկերներին, ողջերին…Երբեմն թվում է, թե պատերազմը չի էլ եղել: Հեքիաթ էր, երազ: Բայց այս սպին ցավում է: Այստեղ…

Արշակը ձեռքով շոշափում է սիրտը, և ես տեսնում եմ նրա կոր դաստակն ու կծկված մատները…

– Իգորն ինձ փրկեց: Ձեռքս արնաշաղախ մսագունդ էր, իսկ ոտքիցս արյունը առվի պես հոսում էր: Մեկ էլ զգացի՝ ինչ-որ մեկն ինձ շալակում է: Հետո միասին սողում էինք գնդակների միջով…

-Իգորը քո ընկե՞րն էր:

-Չէ՛, այդ օրը երկրորդ անգամ էի տեսնում նրան: Այս ալյումինե բաժակով ինձ ջուր էր տալիս հիվանդանոց տանելու ճանապարհին ու ռուսի առոգանությամբ անընդհատ ասում էր՝ ախպերս, ախպերս…երևի իր իմացած հայերեն միակ հարմար բառն էր այդ պահին….

Ես բացում եմ վարագույրը: Խանութի բազմագույն լույսերը արտացոլվում են լուսամուտի ապակուն….

– Իսկապես, ձեր խանութում լիքը մարդ կա, -ասում եմ ու անմիջապես զղջում, որ հիշեցրի խանութի մասին:

-Ի՞նչ, – Արշակը մտքերով Իգորի հետ է:

– Մեր խանութը չի, Սերոբի խանութն է, – ասում է անհավես:- Մերը չի: Էրեխեքս մանր էին, մեծս երկու տարեկան էր, փոքրս՝ մեկ: Խանութն էլ հո խանութ չէր, Սերոբի ասած՝ բուտկա էր էլի: Ասի՝ ծախեմ, փողը տամ Նանային, էրեխեքին պահի, մինչև Արցախը թուրքերից մաքրենք, կգամ, դրանից լավը կառնեմ…Հոգուս մեղք չեմ անի, Սերոբը լավ էլ գին տվեց, մի բան էլ ավելի տվեց. ասաց՝ գիտեմ՝ ֆիդայի տղա ես, էս էլ իմ կողմից էրեխեքիդ նվեր:

Վատ մարդ չի Սերոբը: Գիտի, որ մշտական աշխատանք չունեմ, նեղն ենք, մեկ էլ կտեսնես՝ դուռը թակեցին, մի արկղ խնձոր, մի կիլո շոկոլադ տվին, թե՝ ընկեր Սիմոնյանն է ուղարկել: Նանան ժպիտը դեմքին՝ շնորհակալություն է ասում Սերոբի ուղարկած ուտելիքը վերցնելիս, ներս է հրավիրում բանվորներին, սուրճ է հյուրասիրում, հենց նրանք գնում են, դուռը փակում է ու հարձակվում վրաս:

-Էդ խանութը ե՞րբ ես վաճառել Սերոբին:

– 93-ին:

– Նանան նո՞ր է գլխի ընկել:

-Մինչև վերջերս Սերոբը խանութում միայն հաց ու բուլկի էր վաճառում: Հետո պաշտոնը բարձրացրին, տղան էլ եկավ Ռուսաստանից, խանութը մեծացրին, անունն էլ դրին Մարկետ: Ու Նանան հանկարծ հիշեց, որ էդ խանութը մերն էր: Ու մենակ էդ չհիշեց: Հիշեց, որ ես դպրոցում հինգեր էի ստանում, իսկ Սերոբը՝ երեք ու երկուս: Բայց հիմա Սերոբը ընկեր Սիմոնյան է, իսկ ես՝ ընդամենը Արշակ քեռի: Որ Սերոբի կինը ջիպով է ման գալիս, իսկ իր պես գեղեցկուհին ճխլտվում է երթուղային տաքսու մեջ…

….Ես գիտեմ, թե ինչից պիտի խոսեմ, որ Արշակը խաղաղվի:

– Սա իմ տեսած նմուշի լուսանկարն է: Հազվագյուտ դիզայն է՝ խաչի տեսքով գրված է՝ Jesus….մեջտեղի S տառը որ երկու կողմից երկարացնես, Խաչ է դառնում…Կկարողանա՞ս պատրաստել: -Ես հանել եմ լուսանկարած Խաչը ու ցույց եմ տալիս Արշակին:

– Լավ է մտածված,- Արշակի լարված դիմագծերը միանգամից թուլանում են, դեմքին ժպիտ է հայտնվում:

-Արի գնանք իմ սենյակ, նոր բաներ եմ պատրաստել, արի տես:

Սենյակում ամենուր փայտի կտորներ են թափված, ինչ-որ գործիքներ: Պատերին ազատ տեղ չկա, ամենուր փայտի վրա փորագրված պատկերներ են՝ նատյուրմորտ, սրբապատկեր, դիմանկար… Ցածրիկ սեղանի վրա արձանիկներ են դրված:

-Միայն փայտն է ինձ հասկանում, -ասում է Արշակը:

-Կարողանո՞ւմ ես վաճառել:

-Հիմնականում արտասահմանցիներն են գնում:

-Շատ սիրուն գործեր են:

-Փայտը մետաղի նման չի, փայտը առնում ես ձեռքերիդ մեջ, ու նա զգում է հոգիդ: Հոգիդ դատարկում ես փայտի մեջ, փայտը շունչ է առնում, խոսում է հետդ:

Դուռը զանգում են:

-Նանան եկավ,-ասում եմ ես ու գնում դեպի դուռը: 8-9 տարեկան երեք տղաներ մտնում են ներս: Հետո ես լսում եմ Արշակի ձայնը.

-Նանան չի, աշակերտներս են եկել: Շուտով 5 հոգի էլ կգան:

Փոքրիկները վերարկուները թողնում են միջանցքում, մտնում են սրահ, շարքով տեղավորվում բազմոցին ու զարմացած նայում վրաս: Հետո տղաներից մեկը ոտքի է կանգնում, պայուսակից հանում է ծաղկաման հիշեցնող մի փոքրիկ փայտե ծուռումուռ իր ու դնում է սեղանին: Խելոք աչքերով, սիրուն տղա է: Մազերը պղնձագույն են, դեմքին ցաքուցիր պեպեններ կան:Ես ակամա ժպտում եմ:

-Դո՞ւ ես պատրաստել,-հարցնում եմ: Գլխով է անում:

-Ես ու Արշակ քեռին:

-Շատ գեղեցիկ է,-ասում եմ՝ ծաղկամանը զննելով:

– Մեջը անթառամներ դնելու համար է,-բացատրում է լուրջ-լուրջ:

– Շատ սիրուն է, -կրկնում եմ՝ դեմքիս հիացմունք նկարած: Տղան շրջանցում է սեղանը, մոտենում է ինձ ու գնահատող հայացքով ուշադիր նայում վրաս: Հետո ասում է.

– Կուզե՞ք՝ Ձեզ նվիրեմ…

– Շատ եմ ուզում:

Տղան ծաղկամանը զգուշորեն դնում է ափի մեջ ու հանդիսավոր մեկնում ինձ:

– Համ էլ Արշակ քեռին հաղթել է թուրքերին, կրակել է ավտոմատով, ինձ պատմում է ամեն օր…

-Ի՞նչ,-ես նետվում եմ միջանցք, որտեղ Արշակը փոքրիկների վերարկուներն է դասավորում:

-Ուրեմն ես քեզ էդքան խնդրում էի, ինձ ոչինչ չէիր պատմում, բայց էս երեխային ամեն օր…

-Դու Վահիկի տարիքին չես…, – արդարանում է Արշակը:

– Գյուտ արեցիր:

– Ես չեմ կարող քեզ էնպես պատմել, ոնց որ Վահիկին եմ պատմում: Եղել է, չի եղել….

…Դրսում հեքիաթային ձմեռ է: Ես ու Արշակը քայլում ենք դեպի կանգառ: Ձյունը հաճելիորեն ճռճռում է մեր ոտքերի տակ: Խանութի նեոնային լույսերը գունավորում են ճերմակ ծառերն ու երկնքից թափվող պսպղուն աստղափոշին:

-Էս էլ մեր խանութը, -ասում է Արշակը, ու մենք ծիծաղում ենք:

 

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ