Հայերեն | На русском | In English
ՀՀ պաշտպանության նախարարությունում հետևողականորեն ուսումնասիրվում են զորացրված զինծառայողների զինվորական գրքույկներում մարտական հերթապահություն իրականացնելու, մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումների առկայության կամ դրանց վավերականության վերաբերյալ «Թեժ գծով» ստացված ահազանգերը: Խնդիրը հանրային հնչեղություն է ստացել հատկապես հանրապետության բուհերում ուսման վարձի մասնակի փոխհատուցման արտոնությունից օգտվողների շրջանակը պարզելու առումով:
Ձեռնարկվում են միջոցներ թերությունները շտկելու, սխալների կրկնվելը բացառելու ուղղությամբ՝ զինգրքույկներում ներառելով զորացրված յուրաքանչյուր զինծառայողի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվելու իրավունքները հավաստող գրառումներ: «Թեժ գծով» հնչած յուրաքանչյուր ահազանգ մանրակրկիտ ուսումնասիրվել է և առ այսօր ստացված դիմում-բողոքների վճակագրական պատկերը հետևյալն է՝
զորացրված զինծառայողների կողմից զինվորական գրքույկներում 2016թ. ապրիլի 2-ից 6-ը տեղի ունեցած մարտերին մասնակցելու մասին համապատասխան գրառումների վերաբերյալ ներկայացվել է ընդամենը 75 դիմում-բողոք, որից՝
-70 դիմում-բողոքներում ներկայացված հարցերը չեն հիմնավորվել, քանի որ տվյալ զորամասերի ստորաբաժանումները նշված ժամանակահատվածում մարտերին չեն մասնակցել, զորամասերի պաշտպանության տեղամասերում հակառակորդի կողմից գրոհներ (հարձակողական գործողություններ) չեն իրականացվել: Տվյալ զորամասերն իրականացրել են մարտական հերթապահություն, հետևաբար զինվորական գրքույկներում կատարվել են գրառումներ միայն մարտական հերթապահություն իրականացնելու վերաբերյալ,
-մեկ զինծառայողի վերաբերյալ, որը մասնակցել է մարտերին և պարգևատրվել է «Արիություն» մեդալով` զինվորական գրքույկում համապատասխան գրառում չի կատարվել,
-չորս զինծառայողների վերաբերյալ փաստաթղթերում հաշվառված տվյալները ճշգրտման կարիք ունեն:
Դիմում-բողոքներում արտացոլված խնդիրների ուսումնասիրման, թերությունների վերացման, մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար ԼՂՀ պաշտպանության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, և որոշ պաշտոնատարներ արդեն ենթարկվել են պատասխանատվության:
Միաժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությունը համագործակցում է ՀՀ ԿԳ նախարարության, պետական բուհերի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ ապրիլյան գործողությունների ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած զինծառայողների ուսման վարձի՝ օրենքով սահմանված մասնակի փոխհատուցման չափը հնարավորինս ավելացնելու նպատակով:
Դիմում ենք բոլոր զորացրված զինծառայողներին՝ զինգրքույկներում գրառումների անհամապատասխանության դեպքում դիմել ՀՀ ՊՆ «Թեժ գծի» 1-28 անվճար հեռախոսահամարով, հավաստիացնում ենք, որ յուրաքանչյուր խախտման դեպք անհատապես կուսումնասիրվի և կստանա համապատասխան ընթացք, իսկ մինչ օրս դիմողները ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ կստանան գրավոր պատասխաններ: