Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՏՈՆ ՔԱՇԱԹԱՂՈՒՄ
ՏՈՆ ՔԱՇԱԹԱՂՈՒՄ

ՏՈՆ ՔԱՇԱԹԱՂՈՒՄՀայոց բանակի 25-րդ տարեդարձի առթիվ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի բոլոր համայնքներում տեղի ունեցան տոնական միջոցառումներ: Ավանդույթի համաձայն՝ կազմակերպվեցին այցելություններ զորամասեր: Բերձորի թիվ 1 և թիվ 2, ինչպես նաև Հերիկի, Միրիկի և այլ դպրոցների աշակերտները նվերներ էին պատրաստել զինվորների համար, որոնք պետք է հասնեն նաև մարտական հենակետեր: Տեղի համույթների երգիչ-երաժիշտները, պարային խմբերը հանդես եկան համերգով, շնորհավորեցին զինվորների տոնը:

Հունվարի 28-ին շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ Բերձորի Խաղաղության հրապարակին կից բարձունքում գտնվող Արցախյան գոյամարտում նահատակված հերոսների հուշահամալիրում ծաղիկներ խոնարհվեցին: Դպրոցականներ, ազատամարտիկներ, հյուրեր՝ բոլորը հարգանքի տուրք մատուցեցին հերոսների հիշատակին: Հուշահամալիրում 3 պատերի վրա փորագրված են 300-ից ավելի այն քաջորդիների անունները, ովքեր իրենց կյանքը տվեցին Քաշաթաղի շրջանի ազատագրման կռիվներում:

 

♦♦♦

«Շնորհավոր տոնդ, հայրենիքի՛ պաշտպան» խորագրով յուրահատուկ հանդես կայացավ Բերձորի պետական մանկապարտեզում: Ավագ խմբի սաներն իրենց ծնողների, դաստիարակների, հյուրերի առջեւ ներկայացան երգով, պարով ու ասմունքով: Բեմում ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված քաջերի լուսանկարներն են:

Հայոց բանակի օրը շրջանի հանրակրթական դպրոցներում կայացան «Արիության դասեր», տոնական հանդեսներ: Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 դպրոցի Փառքի սրահում հանդես եկան 6-8-րդ դասարանների աշակերտները: Հնչեցին ռազմահայրենասիրական երգեր, ասմունք` նվիրված հայ զինվորին, նրա բազկի ուժին:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ