Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ՔԱՄԻՆ ԽԱՂՈՒՄ ԷՐ ԱՎԱԶԻ ՀԵՏ



ԵՐԲ ՔԱՄԻՆ ԽԱՂՈՒՄ ԷՐ ԱՎԱԶԻ ՀԵՏՀատուկ նշանակության գումարտակը տեղակայվել էր անապատում, որտեղ կեսօրից հետո օդի ջերմությունը ստվերում հասնում էր սնդիկի սյան հիսուն աստիճանի։ Վարակաբեր մի շրջան էր սկսվել, երբ անձնակազմի մարտական ոգին անկում էր ապրում համաճարակների բռնկումից։ Եվ ժամանակ առ ժամանակ զորամասի տարածքից մի քանի զինվոր էին տեղափոխում մոտակա լազարեթ՝ բուժելու դիզենտերիայից, բծավոր-որովայնային տիֆից և էլի ուրիշ շատ զզվելի հիվանդություններից։ Շարքայիններ Շարիֆ Շեյխովն ու Իսկանդեր Զեուշևը նոր էին դուրս գրվել հոսպիտալից և, վրանում նստած, յուղում էին իրենց հաստիքային զենքերն ու պատրաստվում մարտական առաջադրանքի, որի բնույթի ու նշանակության մասին ոչինչ առայժմ չգիտեին։ Նրանց աչքերի դեռ չտարրալուծված դեղնությունն ու վտիտ մարմինների դալկությունը վկայում էին, որ երկուսն էլ տառապել են Բոտկինի հիվանդությամբ և տակավին ախտահարման ազդեցության տակ էին։ Զինվորների մերկ, մաշված կրծքներին՝ սրտին մոտ, արյան խումբը մատնանշող միանման դաջվածքներ կային՝ իբրև ցուցում կամ հիշեցում անտեղյակների, որ նրանք ենթակա են մահացու զրկանքների, որ իրենց կյանքը հաճախ մազից է կախված: Իսկ ավելի հաճախ՝ ինչ-որ մեկի ՔՄԱՀԱՃՈՒՅՔԻՑ, որի գիտակցումը խեղաթյուրում, թունավորում էր ազնիվ երիտասարդի էությունը: Բռնադատում խիղճը…

Օդային հետախուզության մեկնելուց առաջ զինակից ընկերների միջև անկաշկանդ զրույց էր ծավալվել։

– Չե՞ս վախենում, Շե՛յխ,- անհանգիստ հարցրեց Զեուշևը։

– Ինչի՞ց,- չհասկանալու տվեց Շեյխովը։

– Մեռնելուց։

– Իսկ դո՞ւ։

– Ես ի՞նչ։

– Վախենո՞ւմ ես, թե՝ չէ։

– Կարծես՝ քեզ համար է խաղ ու պար։

– Է՛հ, ես ի՞նչ իմանամ՝ մահն ինչ է, կամ թե՝ մահապարտի մտքով ինչեր պիտի անցնեն։

– Ես էլ չգիտեմ, մենակ թե՝ չեմ ուզում ժամանակից շուտ ոտքերս տնկել։

– Քո ուզելով չի։

– Դրանից էլ վախենում եմ։

– Դրանի՞ց ես վախենում, թե… ուրիշ բանից:

– Ձեռ մի՛ առ, տափա՛կ։

– Դու հենց սկզբից էլ կյանքի սիրահար տղա էիր։

– Թե չէ՝ քո պետքը չի։

– Չէ՛, ինչու, պարզապես երկար-բարակ մտածելուց օգուտ չկա…

– Սարսափելի է՝ ամեն օր մարդիկ են զոհվում։

– Վերջը գլխիդ փորձանք ես բերելու։

– Ինչի՞ համար, հանուն ինչի՞…

– Մի հեքիաթ հիշեցի, տատիս պատմածն է, որի իմաստը այն ժամանակ այդպես էլ չհասկացա։ Փոքր էի…

– Դե լա՜վ, հիմար մի ձևանա, սիրտ չունեմ։

– Այ, դո՛ւ, անսի՛րտ տղա…- Շեյխովը ընկերոջ քթի տակ շրխկոցով լիցքավորեց ձեռքի գնդացիրը եւ վճռական ոտքի ելավ։

Հրամանատարի կանչով մարտիկները կազմ-պատրաստ մտան նրա վրանը։ Քարտեզի վրա նշումներ անելով՝ մայորը հանգամանալից ներկայացրեց առաջադրանքի մանրամասները, և քիչ անց բեռնատար «Զիլ»-ը նրանց տանում էր օդանավակայան։ Ճանապարհին զինվորները լուռ էին, թեպետ ընդհատված զրույցը երկուսի միջեւ ներքուստ շարունակվում էր:

Տեղանքի համառ ու ձիգ հետախուզումը ապարդյուն չանցավ։ Վագրախայտ ուղղաթիռը ձկնկուլի պես վայրասլաց մխրճվեց Անգղերի կիրճը՝ հալածելու ամեն շարժում։ Ներքևում մի ինչ-որ գորշավուն զանգված ուղտի կապանով խուճապահար փախչում էր։ Շեյխովի արձակած տեղատարափ կրակահերթը բազմակետվեց փախչողի կիպ կողքին: Աֆղանցին գնդակահարվելու ահից ճապաղեց գետնին։ Հանձնարարվեց վնասազերծել «խռովարարին»: Եվ մայորն իր ստորադրյալների հետ դուրս թռավ ուղղաթիռից։ Շարքային Շեյխովը, տեղանքում արագ կողմնորոշվելով, նախահարձակ հնարքով տապալեց լեռնապատի տակ՝ օձածաղկի ցանցառ քոլի հետեւը կուչ եկած աֆղանցուն՝ շահելով կոչումով ավագի բարեհաճությունը։

Մայոր Գրոմիլոն, որ աֆղանական պատերազմի առաջամարտիկներից էր և երեկվա կաթնաբերան պատանյակներից քաղաքականապես հասուն և մարտունակ զինվորներ կրթելու հարուստ փորձ ուներ, պատերազմական գործողությունների թատերաբեմում հայտնված նորընծա գվարդիականի հոգու բանը նաև յուրովի քննել գիտեր։ Տեսնելով Զեուշևի անճարակությունը, ինչը կարող էր և «հանցավոր անհնազանդություն» որակվել, քանի որ միջադեպի նկատմամբ իր վերաբերմունքը որևէ կերպ չցուցաբերած հետախույզը, շփոթմունքից ակամա հակառակվելով հրամանատարի հրահանգին, պարապ կանգնել և սոսկումով նայում էր վճռականություն դրսևորած զինակցի՝ Շարիֆ Շեյխովի խոշտանգումներից գալարվող խռովարարին, որի ածիլած գլուխը արևի շողերից փայլում էր նորահաս սեխի պես և ուր որ է ճաք պիտի տար, Գրոմիլոն հայհոյալից սպառնաց. «Խղճո՞ւմ ես, հա՜, բոզի՛ տղա, որպեսզի մինչև «երեք» հաշիվը սատկացրած լինես էդ տականքին, դե՛, շո՛ւտ, մե՛կ, երկո՛ւ…»։ Եվ երբ հոգեկան հավասարակշռությունը վերջնականապես  կորցրած Զեուշևը, զգայական խավարի մեջ այլևս չտարբերելով ո՛չ յուրային, ո՛չ օտար, զենքը ուղղեց (ինչպես մայորին թվաց) զինակից ընկերոջ՝ Շեյխովի վրա և պատրաստվում էր արշավել, հետևեց հրամանը. «Կա՛ց, ապո՜ւշ»։ Ապա կատարվեց այն, ինչը Իսկանդեր Զեուշևը ժառանգելու էր մնացած ողջ կյանքի համար։ Նրան՝ որպես հոգեբանորեն անկայուն տարրի, կարգի հրավիրեցին՝ տալով մի քանի աքացի…

– Տա՛ր սրան ոլորանի ետևը, ու վա՛յ քեզ, թե մեկ էլ խոսքս գետնով տվեցիր,- մռնչաց մայոր Գրոմիլոն՝ ավտոմատը Զեուշևի ձեռքը տալով։- «Գո՛րծ արա», զինվո՛ր։

Թեկուզ միջօրեն փոխվեր մայրամուտի և գաղջ մթնոլորտում տեղի ունեցող միրաժային երևույթները չխանգարեին շրջապատը դիտարկել բնականոն տեսքի ու ձևի մեջ, միևնույն է, շարքային Զեուշևի աչքին աշխարհում ամեն ինչ քառատված, գլխիվայր էր երևում։ Եվ թվում էր՝ ինքն իր ստվերն է տանում գնդակահարության։ «Եվս մի քայլ…»,- աղճատ մի միտք առկայծեց Զեուշևի դժժացող գլխում, որը գնալով վերածվում էր անօդ տարածության։ Սրտխառնոցն ու գլխապտույտը կուպրի ներգործությամբ լղոզում էին ուղեղի յուրաքանչյուր ծալք, որում դիմակայելու՝ մարդ մնալու թեկուզ մի վհատ խոկում կար։ Անխիղճ արևն էլ, իբրև արնախում զեռուն, ահագին՝ շեկ չանչերով կարծես ծվատում էր խեղճի ծոծրակը, ինչից կոկորդում լեղու կծվահամ էր գոյանում, և ուզում էր գոռալ, գոռա՜լ. «Բա՛ց թող, անասո՛ւն…»։ Շուտով աշխարհն իր ձայնային և գունային երանգներով դադարեց այլևս ընկալելի լինելուց. շուրջը ամեն ինչ ու ամեն բան քարացավ-խամրեց։ Աֆղանցու քայլող դիակից էլ մի պահ միայն մի սև բիծ նշմարվեց ու կորավ… Եվ կատաղությունից քրտնամխած Գրոմիլոյի լրբությունը՝ «Շո՛ւտ արա, վե՛ր կաց, վիժվա՛ծք, թե չէ՝ քամակդ կպատռեմ», այժմ արդեն նշանակություն չուներ մարած զինվորի համար։

– Վա՛տ է, շա՛տ վատ, ընկեր հրամանատար,- տեսնելով Զեուշևի ուշագնաց լինելը՝ վախեցած ասաց Շեյխովը։- Հարվածը քներակին կպավ, ով գիտի՝ շունչը փչեց…

– Թե որ սաղ մնաց, ուրեմն կապրի, թե ապրեց՝ կփոշմանի, որ լույսաշխարհ է եկել,- խրատեց մայորը։

Արևելքի գաղջ ցիկլոնը վայրագ ոռնոցով խուժեց լեռնանցք, պատեպատ զարկվեց, լափլիզեց թերթաքարերն ու լեռներում ծաղկած փուշը, լաց եղավ, առավ օտարի շունչն ու մի քանի գիշանգղերի հետ քշեց հեռու ավազահանքերը։ Եվ երբ կիրճը խաղաղվեց, ինչ-որ տեղ քարայրից դուրս եկավ վիթը՝ քնարաձև եղջյուրներով նրբագեղ մի կենդանի, թեթև ոստյուններով ցած իջավ քարափից, կանգնեց ուղտի ճամփին և վայրի վեհությամբ նայեց հեռուն՝ ոլորանին անշարժ պառկած զինվորի կողմը, որը թե՛ հրապուրում եւ թե՛ ախորժելի էր թվում չքնաղ գազելին։ Կենդանին բնազդական մղումով անշտապ մոտեցավ և սկսեց զգուշավոր հոտոտել Զեուշևի խայտականաչ համազգեստը, ապա ապարդյուն ծամծմոցից հիասթափված՝ իր վարդագույն, սառը դնչիկով լիզեց ընկածի դժգույն-արնաշաղախ դեմքը, խնամքով լպստեց աչքերի փոշին, և հանկարծ զինվորի փշրված հոգում կյանք առավ անաղարտ մնացած քաղցրիկ մի զգացում. «Մա՜մ… մա՜մ…»։ Կենդանություն ստացած մարմնի անակնկալ շնչից կենդանին խլշկոտաց և փախավ, ինչպես առվակի ջրերում երևացած իր անծանոթ անդրադարձումից։

Անապատի անգութ արևը դադարեց խարկել Զեուշևի ջարդված, ուժասպառ մարմինը, և մայրամուտի հետ ժայռերի դժնի ստվերները չարքերի պես լցվեցին կիրճը։ Նա բացել էր աչքերը և անհաղորդ նայում էր երկնքին, ուր աղոտ ցոլցլում էր Մեծ Արջի համաստեղությունը։ Համատարած ամայության ու անզգայության մեջ ժամանակի ահեղ զգացողությունն է, որ տիեզերական ահռելի ուժով սարսափեցրեց մեկնիմեկեն գիտակցության եկած զինվորին՝ ստիպելով մտաբերել, վերապրել կատարվածը… Զեուշևը ցնորվածի նման վեր թռավ տեղից։ Նայեց չորս դին։ Ոչ ոք չկար։ Միայն մի քանի անգղ ինչ-որ լեշի շուրջը խռնվել, աքլորակռիվ էին տալիս. նա ճանաչեց իր երբեմնի «հակառակորդին», որի նորահաս սեխի պես գլուխը, ի վերջո, ճաք էր տվել… Ու հիմա մարդկային ուղեղի մեջ թաթախված մորմերն ու կարիճները խրախճանք էին սարքել՝ սնվելով աստվածային նյութով։

– Աաա՜, հիի՜…- սոսկումից գոռալով՝ ափսթաթեց որքան հնարավոր է հեռու գարշելի տեսարանից, կարծես, ուր որ է, մորմերի խլրտոցը փոխանցվելու էր իրեն։

Ծնկներն արնոտելով՝ թեք ընկավ ճամփեզրի քարերին և աղեկտուր հեկեկաց։ Վախն ու հոգեկան անասելի տառապանքը աղավաղել էին Զեուշևի ազնիվ, պատանեկան դիմագծերը՝ արտահայտելով մի անհասցե-անանուն պարսավանք։ «Տականքնե՜ր, ծախու շնե՜ր»։

– Ինձ լքեե՜լ եե՜ն…

– Լքեե՜լ եե՜ն, ե՛ն, ե՛ն…- արձագանքում էր կիրճը։

Այն միտքը, որ ցանկացած պահի խոշտանգված աֆղանցու հետքով եկած վրիժառուները կարող էին սպանել իրեն կամ, որ ամենազարհուրելին էր, գերության մեջ տանջամահ անել, ահ ու սարսափ էր ներշնչում լքյալ զինվորին. «Մի՞թե ինքն այլևս չի լինելու աշխարհում… երբ շատ ու շատ իր հասակակիցներ անհոգ կյանք են վայելում՝ անմարդկային է, անհեթեթ։ Ինչո՞ւ հատկապես ինքը…»։ Ահա այս պարտադրվող անբնականությունն էլ խենթացնում էր Զեուշեւին։ Հիշում էր, թե ինչպիսի խանդավառությամբ էր բանակի շարքերն անցնում, որովհետև (ծիծաղելի է) հոգնել էր աշխարհիկ կյանքից՝ հավատալով, թե բանակը կփոխի իրեն՝ կկոփի կամքը, կդարձնի ուժեղ և ինքնուրույն տղամարդ, որից հետո հանգիստ կարող էր նոր կյանք սկսել, տնօրինել իր բախտը, ինչպես սիրտը կամենար։ Ափսոսում էր իր չապրած սերը՝ որպես անապատի երկչոտ մի վիթ…

Գոռալու, հեկեկալու եռանդը շուտով լքեց զինվորին. վրա հասավ վախի հիվանդագին մի վիճակ, որն ուղեկցվում էր տենդագին դողով ու զառանցանքով: Զեուշևը գիշերն անցկացրեց լեռնանցքում, և ուղղակի բարեբախտություն էր, որ մոլեռանդ մոջահեդների ձեռքը չընկավ, ոչ էլ ոհմակով թրևող վայրի շներին ու չախկալներին կեր դարձավ։ Դեռ ավելին՝ լուսադեմին վագրախայտ ուղղաթիռը վայրէջք կատարեց նույն տեղում. մայոր Գրոմիլոն ու Շարիֆ Շեյխովը «դասալքած զինվորին» գտան ամբողջովին փսխունքի մեջ կորած…

Անհնազանդության եւ քաղաքականապես անբարեհույս պահվածքի համար Զեուշևին պատժեցին՝ նետելով ցամքած քիրիզի մեջ, որը մի խորունկ ջրհոր էր։ Օրվա որոշակի ժամերի փոխնիփոխ ինչ-որ մեկը հսկում էր կարգազանցին, մեկ-մեկ էլ մի քիչ հաց ու ջուր էին իջեցնում փոսը։ Փոսի բերանը հսկող զինվորներից ոչ ոք իրավունք չուներ բառ անգամ փոխանակելու հետը։ Միայն մայոր Գրոմիլոյի աջակցությունը վայելող սերժանտ Շեյխովն էր (նրան առաջ էին քաշել «բարեխիղճ ծառայության համար») համարձակվում առաջվա պես զրուցել զինակցի հետ։

– Հը՛, խելքդ գլուխդ եկա՞վ, իգի՛թ,- ձայն տվեց վերևից։

– Հիմա ի՞նչ է լինելու, Շե՛յխ,- հատ ու կտոր հարցրեց Զեուշևը։

– Ուրիշ էլի ի՞նչ ես ուզում, որ լինի, դավաճան։

– Ախր, ո՞ր մեղքիս համար։ Ի՞նչ եմ արե՜լ…

– Գվարդիականներիս պատիվը գետնով տվեցիր, չդիմացար փորձությանը, մինչև իսկ… թյո՜ւ…

– Սո՛ւտ է, սո՜ւտ…

– Մայոր Գրոմիլոն ասաց, որ քեզ, պատերազմական օրենքի համաձայն, կգնդակահարեն…,- սառնասրտորեն հայտնեց Շեյխովը։

– Ո՜չ, չեմ ուզում… ինչի՞ համա՜ր…

– ՔՈ ՈՒԶԵԼՈՎ ՉԻ, տխմա՛ր, մի՞թե դատարկ գլուխդ դեռ չի մտել։

– Էլ չեմ անի, Շե՛յխ, խոստանում եմ։

– Ճիշտ հակառակը՝ պիտի անես։

– Բայց ի՞նչ։

– ԽԻՂՃԴ ՄԵՌՑՐՈՒ։

– Հա՛, կմեռցնե՛մ, խոստանում եմ, Շեյխ, կմեռցնե՛մ… երդվո՜ւմ եմ։

– Կսպանե՞ս։

– Ո՞ւմ։

– Ում որ հրամայեն։

– Հա՛, կսպանե՛մ, անպայման կսպանե՛մ։

Շեյխովին շարունակ թվում էր, թե ինքը կանգնել և կեղտաջրով լցված փոսի մեջ է նայում, որտեղից նրա նրբազգաց ռունգերին մեզի և էլի ինչ-որ գարշանքի հոտ էր փչում։

– Արդեն գնո՞ւմ ես, սպասի՛ր, Շե՛յխ, խնդրում եմ… Ասա… աֆղանցուն ո՞վ սպանեց։

– Դու ի՛նքդ նրա վերջը տվիր։

– Ո՜չ…

– Մնաս բարով, մարդասպա՛ն։

– Մի՛ գնա, Շեյխ, գոնե մի քիչ ջո՜ւր…

– Չի՛ կարելի, հրամայված չէ։

– Ախր, ծարավից կմեռնե՜մ…

– Դո՛ւ ես մեղավոր։

– Սպասի՛ր, Շե՛յխ, լսո՞ւմ ես, Գրոմիլոյին ասա, որ ե՛ս… որ ե՛ս արդեն փոխվել եմ…

Վերջալույսին անապատի խորշակաբեր քամին խաղում էր ավազաթմբերի մերկ լանջերին, գլորում էր ուղտի անցած տարվա փուշը և, փշե չոր գնդեր սարքելով, փոշու և ավազի հետ լցնում էր փոսի մեջ հատընդհատ տնքացող զինվորի գլխին, դեմքին։ Շարքային Զեուշևը փոշեկուր աչքերը անհաղորդ հառել էր երկնքին, ուր վառվռում էր ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԹԱԳԸ… Ժամապահը ոտքի վրա դանթում էր։ Եվ երբ մութը հիմնովին երկրի վրա համահարթեց ամեն ինչ, գիշերով մոլորված մի վիթ համրաքայլ մոտեցավ և դունչը զգուշորեն կախեց գարշահոտ փոսը…

Հանկարծ ջրի մի քանի կաթիլ ընկավ Զեուշևի պապակած շուրթերին, ինչից զինվորի «անխիղճ հոգում» արթնացավ անմոռաց, կաթոգին մի զգացում. «Մա՜մ…»։

Լուսադեմին փոխարինման եկած ժամապահը, անտեսելով անարգանքի վիրապը նետվածի հետ խոսքի չբռնվելու արգելանքը, ձայն տվեց վերեւից.

– Լսի՛ր, Իսկանդե՛ր, ես եմ, Ռասո՛ւլը,- ներքև չնայելով,- ուզում եմ՝ իմանաս, որ ես քեզ դավաճան չեմ համարում. ով ի՛նչ ուզում է, թող ասի, բայց դու, մեկ է, վարվել ես ոնց որ իսկական ջիգիթ՝ խղճիդ թելադրանքով, իսկ ամենակարևորը՝ չես դավաճանել ինքդ քեզ։ Մարդ ես մնացել, մա՛րդ. դրա համար էլ ես քեզ հարգում եմ՝ քո բոլոր թուլություններով հանդերձ։ Ա՛ռ, վերցրո՛ւ, ծարավ կլինես, Իսկանդե՛ր, լսո՞ւմ ես…

Զեուշևը լռում էր։

Եվ երբ ժամապահը, մոտենալով փոսեզրին, ուզում էր տափաշիշը կախել հորի մեջ, քիչ մնաց սարսափահար ինքն էլ հայտնվեր հատակում՝ չհավատալով աչքերին։ Ներքևում ոչ ոք չկար։

Փոսը դատարկ էր…

ԳԱԳԻԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ

Խորագիր՝ #50 (1170) 21.12.2016 - 27.12.2016, Հոգևոր-մշակութային


21/12/2016