Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՌՈ-ԶՈՐԱՄԱՍ ՀԱՄԱԳՈՐԾԱՑՈՒԹՅՈՒՆԸ  ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ Է
ՌՈ-ԶՈՐԱՄԱՍ ՀԱՄԱԳՈՐԾԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ Է

ՌՈ-ԶՈՐԱՄԱՍ ՀԱՄԱԳՈՐԾԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ ԷԿայազորային ռազմական ոստիկանության դերի ու նշանակության, զորամաս-ռազմական ոստիկանություն փոխգործակցության, նորաստեղծ կարգապահական վաշտի գործունեության մասին է մեր աշխատակից, մայոր Սամվել Հարությունյանի զրույցը ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի կայազորային բաժնի պետ, փոխգնդապետ ՌՈԼԱՆԴ ՕՂԻԿՅԱՆԻ հետ:

-Պարոն փոխգնդապետ, ո՞րն է Ձեր ղեկավարած կառույցի հիմնական առաքելությունը:

-Կայազորային ռազմական ոստիկանության գործունեությունը միտված է զինվորական կայազորի ներսում կատարվող հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը, ինչպես նաև կարգապահության, օրինապահության ամրապնդմանը: Մեր բաժինը սպասարկում է զինվորական բոլոր կառույցները` զորամասերը, զինվորական կոմիսարիատներն ու հոսպիտալները, եւ իր սահմանված գործառույթները իրականացնում է հավուր պատշաճի:

-Ի՞նչ կասեք ռազմական ոստիկանություն-զորամաս համագործակցության մասին:

-Առանց չափազանցության, համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: Պարբերաբար զորամասի հրամանատարության հետ համատեղ քննարկում ենք զինծառայողի կողմից թույլ տրված այս կամ այն զանցանքը, այն ծնող պատճառները, տալիս «ախտորոշումը», գտնում խնդրի լուծումը: Յուրաքանչյուր հարցի սրտացավ ու շահագրգիռ մոտեցում ենք ցուցաբերում:

-Այս համագործակցության շուրջ կարծիքները թե՛ զինվորականության և թե՛ հասարակության մեջ երկբևեռ են: Այս թեման ամենաչարչրկվածներից է: Թերևս չարժե՞ ավելորդ անգամ փակագծերը բացել…

-Ընդհանուր առմամբ, տեղյակ եմ տարածված կարծիքներին, սակայն ասեմ, որ մեր բաժնի կողմից սպասարկվող զորամասերում ունենք հենակետեր, և մեր աշխատակիցները առավոտից իրիկուն զորամասում են` զորքի հետ: Նրանք քսանչորս ժամ զինվորի ու սպայի կողքին են: Իհարկե, ոչ կարգապահ, միջանձնային փոխհարաբերությունները պարզելու իրենց մեթոդներն ունեցող, զինվորական օրենքները խախտելու հակում ունեցող զինծառայողների սրտով չէ զինվորական ոստիկանի ներկայությունը: Իսկ բարեխիղճ ծառայողների համար ոստիկանը սրտացավ մեկն է, որ պատրաստակամ է դիմացինին օգնելու: Աստված մի արասցե, եթե ծանր դեպք լինի զորամասում, ապա ՌՈ պետի հրամանով զորամասի հրամանատարի հետ հավասար պատասխանատվության է ենթարկվում նաև տվյալ կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետը՝ սպասարկող անձնակազմի հետ միասին:

ՌՈ-ԶՈՐԱՄԱՍ ՀԱՄԱԳՈՐԾԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ Է-Բոլոր կարգի դեպքերի հետ կապված՝ ինչպիսի՞ն է վիճակագրությունը այս կայազորում:

-Նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատ՝ 40-45 տոկոս նվազում ունենք հանցածին իրավիճակի և դեպքերի ու պատահարների առումով:

-Նվազումը ինչո՞վ է պայմանավորված:

-Առաջին հերթին՝ ռազմական ոստիկանություն-զորամաս առողջ ու նպատակային համագործակցությամբ: Ոչ մի դեպք չի թաքցվում: Մշտապես իրականացնում ենք կանխարգելման աշխատանքներ, եւ եթե գրանցվել է որեւէ անցանկալի դեպք, ապա շատ արագ և օբյեկտիվ բացահայտում ենք: Անպատժելիությունը բացառվում է:

-Պարոն փոխգնդապետ, Ձեր ստորաբաժանման կազմում գործում է կարգապահական վաշտ: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում:

-Կարգապահական վաշտն ստեղծվել է 2012 թվականին: Բոլոր զինվորական կայազորներում այսօր գործում են նմանատիպ կարգապահական վաշտեր, որտեղ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի համաձայն իրենց տույժերն ու պատիժն են կրում կարգապահական խախտում թույլ տված պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողները՝ տասը օրից մինչև մեկ ամիս ժամանակով: Սպայական և ենթասպայական կազմը կարգապահական վաշտում տույժ չի կրում:

-Փաստորեն, կարգապահական վաշտում էլ նույն զինվորական ծառայությունն է, սակայն ավելի խստացված ռեժիմով:

-Կայազորային կարգապահական վաշտում ծառայությունը, ինչպես զորքերում, ընթանում է ըստ օրվա կարգացուցակի և դասացուցակի, սակայն ավելի խստացված գրաֆիկով: Եթե զորամասերում դասերի տևողությունը վեց ժամ է, այստեղ՝ ինը ժամ: Ի դեպ, մենք զորամասից հրավիրում ենք առավել պատրաստված սպաների, որոնք անցկացնում են շարային, մասնագիտական, հասարակական-պետական եւ այլ պարապմունքներ:

Ամեն օր 14.00-ից-15.00 անձնակազմը ամբուլատոր բուժզննում է անցնում: Դասակներում կատարվում է օրվա ամփոփում, որի ժամանակ նշվում են լավագույն կողմերով աչքի ընկած զինծառայողները:

-Այս տարի քանի՞ զինծառայող է «անցել» կարգապահական վաշտով:

-2016 թվականի օգոստոսից մինչ օրս՝ մոտ 80 զինծառայող:

-Եվ ի՞նչ խախտումների համար:

-Հիմնականում՝ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու: Առանց թույլտվության իրավունքի թեկուզ մեկ ժամ զորամասից բացակայողը ենթարկվում է կարգապահական տույժի: Այս պահի դրությամբ կարգապահական վաշտում իրենց տույժն է կրում պարտադիր ժամկետային և պայմանագրային ութ զինծառայող: Պայմանագրային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Ալեքսանյանը և սերժանտ Հայկազ Մուրադյանը կարգապահական տույժի են ենթարկվել հսկիչ-անցագրային կետի վերակարգի ոչ պատշաճ կատարման համար, ժամկետային զինծառայող, շարքային Իշխան Բաբաջանյանը՝ զինվորական համազգեստի կրման կանոնների խախտման համար, իսկ շարքային Հովհաննես Չթեյանն էլ ֆիզպատրաստության դասերից պարբերաբար ուշանալու համար: Երբ զինծառայողին բերում են կարգապահական վաշտ, նրանք իրենց հետ ունենում են անհատական գրքույկներ, որոնցում նշված է, թե տվյալ զինծառայողը քանի անգամ է խախտում թույլ տվել: Եթե առաջին խախտումը չէ, ապա տվյալ զինվորը հրամանատարության կողմից ենթարկվում է կարգապահական տույժի տասից մինչև տասնհինգ օր ժամկետով: Օրվա կարգացուցակը մեկ անգամ խախտելու համար հրամանատարությունը առավել մեղմ տույժ է նշանակում:

-Զարմանալի է, որ «պատժիչ» հիմնարկում ստեղծված են նման լավ  պայմաններ` մաքուր և կոկիկ զորանոց, գեղեցիկ կահավորված, դիդակտիկ նյութերով ու մեթոդական վահանակներով հագեցած լսարաններ, առանձին լոգարան, սանհանգույց: Ամենուր հաճելիորեն աչք է շոյում մաքրությունը, կարգ ու կանոնը: Շենքն ապահովված է ջեռուցման ժամանակակից համակարգով…

-Մի՛ մոռացեք, որ մենք գործ ունենք սահման պահող զինվորի հետ: Մեծ հաշվով՝ այստեղ իր պատիժը կրող զինվորը հանցագործ չէ: Ես իմ խոսքում ասացի, որ կարգապահական վաշտը նույն զորամասն է, պարզապես ծառայությունն անցնում է խստացված ռեժիմով:

-Լինո՞ւմ են դեպքեր, երբ նույն զինծառայողը մի քանի անգամ է հայտնվում կարգապահական վաշտում:

-Եղել է, որ նույն զինվորը երկրորդ անգամ է պատիժը կրել մեզ մոտ: Բայց նման դեպքերը մատների վրա կարելի է հաշվել: Ով մեկ անգամ կարգապահական վաշտում պատիժ է կրել, հաստատ ամեն ինչ կանի, որ երկրորդ անգամ չընկնի այստեղ:

-Եթե կարգապահական վաշտում տույժ կրող զինծառայողը պատժի կրման ընթացքում իրեն դրական կողմերով է դրսևորում, հնարավո՞ր է պատժի չափը վաղաժամկետ նվազեցնել:

-Ըստ պաշտպանության նախարարի հրամանի՝ եթե կարգապահական վաշտի զինծառայողը պատժի կրման ժամանակ իրեն դրսևորել է լավագույն կողմերով, մենք չենք կարող նրա պատժի կրման ժամկետը նվազեցնել: Բայց եթե գունդը բերվում է մարտական բարձր պատրաստականության աստիճանի, տվյալ զինծառայողը հետ է ուղարկվում ծառայության վայր:

-Ձեր աշխատակիցները մարտական հենակետերում լինո՞ւմ են:

-Կայազորային բաժնի աշխատակիցները ամիսը երկու անգամ պարտադիր գիշերակացով լինում են մարտական հենակետերում: Գնում ենք ոչ միայն ինչ-որ բան հայտնաբերելու, բացահայտելու, այլ նաև տղաներին ոգևորելու: