Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՐՋԱՅՑ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ



Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանագոտում եմ՝ գնդապետ Սողոմոն Խաչատրյանի հրամանատարությամբ գործող զորամասում, որի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում պատասխանատու եւ բարդ տեղամասում: Շրջում եմ զորամասում, հետեւում ծառայական անցուդարձին:

 

Խաղաղության պահապանները

 

Զինվորները վերադարձել են մարտական հերթապահությունից: Նրանց հանդիպում եմ զորամասի մատուռի մոտ: Եղանակը բարեհաճ է՝ տաք ու լուսավոր, ինչպես զինվորի ժպիտը: Զրուցում ենք: Տղաները պատմում են բանակային կյանքից, դիրքերից, զվարճալի դեպք-դրվագներ հիշում:

Հայաստանի տարբեր անկյուններից են: Ջոկի հրամանատար, սերժանտ Լևոն Թադևոսյանը Աբովյանից է, Պտղնի գյուղից:

-Բանակի մասին հազար բան էի լսել՝ և լավ, և վատ, բայց պետք է քո կարծիքն ունենաս: Եկա, տեսա և…-, Լևոնը ժպտալով ինձ է նայում:

-Եվ ինչ՝ հաղթեցի՞ր:

-Չէ՛,-Լևոնը արդեն սրտաբուխ ծիծաղում է,-եկա, տեսա ու սիրեցի զորամասս: Սիրեցի էս ջերմ մթնոլորտը: Փոքր եղբայրս՝ Էդմոնդը, հունվարին զորակոչվելու է, էնքան կուզեմ, որ հենց այստեղ ծառայի: Ընդամենը երկու ամիս է մնացել ծառայությանս ավարտին, ու հիմա հաճախ բանակային առաջին օրերս եմ մտաբերում: Հիշում եմ՝ մութ գիշեր էր, երբ զորամաս հասանք, ու վաղ առավոտյան «վերկաց» հրամանը սկզբում ինձ երազ թվաց, աչքերս պինդ փակեցի, բայց իրարանցումից-ժխորից արթնացա, ու հենց այդ պահից սկսվեց ծառայությունս…

Հիշում եմ, թե առաջին անգամ ոնց դիրքեր բարձրացա` մի քիչ տագնապած, մի քիչ անհանգիստ՝ ամեն դեպքում թշնամի է դիմացդ, բայց կար նաև վստահություն քո ու զինվոր ընկերներիդ ուժի հանդեպ…

Մարտական հերթապահությունը մեծ պատասխանատվություն է՝ հայրենիքի մի որոշակի հատված դու ես պաշտպանում, ու քո նվիրված, գիտակցված ծառայությամբ է սահմանային այդ հատվածը դառնում անառիկ: Դիրքերում լրիվ ուրիշ զգացողություններ են, ուրիշ չափումներ, ուրիշ հարաբերություններ: Դիրքը, հավատացեք, մեզ ավելի է մտերմացնում: Այստեղ չգրված օրենքներ կան, որ հազար գրված օրենքից էլ ուժեղ են: Դրանցից մեկն ասեմ՝ անկախ ամեն ինչից, թե զորամասում իրար հետ ինչ հարաբերություններ ունենք՝ նեղսրտած ենք, վիճած, դիրքեր բարձրանալիս այդ ամենը թողնում ենք ներքևում: Այստեղ մենք եղբայրներ ենք…

Անցած Նոր տարին դիրքերում դիմավորեցինք… թե ի~նչ ապրումներ էին, բառերով անհնար է պատմել: Գիտե՞ք՝ ինչ հպարտություն է, երբ հայկական բոլոր օջախներում այդ պահին խմում են քո կենացը՝ դիրք պահող տղերքի կենացը, ու ինչքա՜ն էլ ցուրտ լինի, ինչքա՜ն էլ ոսկորներդ կտրող պաղություն է, միևնույն է, դու այդ պահին զգում ես քո ժողովրդի ջերմությունը, ուշադրությունը, սերը…

Անցյալ տարի Ամանորի նախաշեմին սահմանամերձ գյուղերի տատիկները իրենց ձեռքով գործած տաք-տաք գուլպաներ և իրենց ձեռքով թխած գաթաներ էին ուղարկել: Իսկ երբ սահմանին լարված էր, թշնամին ակտիվացել էր, զինվորի կողքին կանգնեցին ազատամարտիկները…

Այս ամենը տեսնելով՝ քեզ ավելի ուժեղ ես զգում, հասկանում ես, որ ամբողջ ազգը քո կողքին է, որ քո մասին է մտածում, որ ամբողջ ազգը զինվոր է դառնում քեզ հետ… Ու դիրքերում կանգնած հենց էս մտքերն են գալիս, պտտվում գլխումս՝ թիկունքում օտար մարդ չկա, բոլորն էլ հարազատ են, ու ես պարտավոր եմ ավելի ամուր պահել հողը՝ մեր հողը…

Շարքային Հարություն Գասպարյանը Երևանից է: Ապագա լեզվաբան է: Վ. Բրյուսովի անվան համալսարանում է սովորում:

-Երբ առաջին անգամ ոտք դրեցի ծառայավայր, շատ էի ուրախացել, որ այս զորամասում եմ ծառայելու, որովհետև հենց այստեղ է նկարահանվել բանակի մասին պատմող իմ սիրած ֆիլմը՝ «Ես եմ»: Երբեք չէի մտածել չծառայելու մասին, որովհետև պարզ գիտակցում էի՝ զինվոր լինելը սուրբ գործ է, մենք մեր երկիրն ենք պաշտպանում, ու հիմա իմ հերթն է:

Մարտական հերթապահություն ենք իրականացնում թշնամու քթի տակ: Հեշտ չէ, պետք է հոգեբանորեն պատրաստ լինել, չերևալ հակառակորդի աչքին, զգուշությունն ու զգոնությունը չկորցնել:

Դիրքերում է՛լ ավելի ես կարևորում, արժևորում քո գործը, քո դերը, անսահման մի հպարտություն է սիրտդ պատում՝ դիրքում կանգնած դիտարկում ես, ու թե ամառ է՝ ծառ ու ծաղկունքով, թե ձմեռ է՝ ձյունով պատած սար ու ձորին քեզ տեր ես զգում, պաշտպան, գիտակցում ես, որ այդ ամենը քո հսկողության տակ է, ու հասկանում ես նաև, որ միայն Երևանը չէ քեզ հարազատ, այլ հեռու-հեռվում ծվարած այս գյուղը, որի անունը մինչ այս չէիր էլ լսել, այս գյուղում ապրող մարդիկ, որոնց տքնանքով լի ամեն օրը բացվում է թշնամու ուղիղ նշանառության տակ, ու թեև մի կտոր օրավուր հացը վաստակում են սեփական կյանքը վտանգելով, բայց էլի ամուր կառչած են մնում իրենց ծննդավայրին: Ու կարևորում ես խաղաղությունը, կարևորում ես հայրենիքի ամեն միլիմետրը, կարևորում ես զինվորի դերը՝ խաղաղություն պահող ու պարտադրող զինվորի:

Կրտսեր սերժանտ Արթուր Ղազարյանը ուշադիր լսում է ընկերների ասածը, գլխով համաձայնության նշան անում: Դիվիզիոնի սերժանտական խորհրդի նախագահն է, ծառայության կեսն արդեն անցել է:

-Տղերք ենք, պետք է ծառայենք ու ոչ թե պարտադրանքով, այլ՝ սիրով  և հպարտությամբ: Գոհ եմ, լավ ընկերներ ունեմ, լավ հրամանատարներ: Հարգանքի, վստահության մթնոլորտում ենք ծառայում: Երևի միակ դժվարությունը կարոտն է: Ամենաշատը կարոտել եմ մեր կապուտակ Սևանը:

Գիտեք, ծառայությունը քեզ ավելի է կապում քո հողին, քո ջրին, քո արմատներին, մեծերն ասում են՝ թե մի բանի վրա «ամագ» ես դնում, առավել թանկ ու հարազատ է դառնում: Հայրենիքի հանդեպ ունեցած սերս մեծացել է, հիմա ոնց որ հազար թելով կապված լինեմ իմ հող ու ջրին: Ինձ համար հայրենիքից դուրս երջանկություն չկա:

-Ճիշտ է,-կրտսեր սերժանտ Նարեկ Միրզոյանն է, երևանցի է: Էրեբունու բժշկական ուսումնարանն ավարտելուց հետո է եկել ծառայության: Ծառայելու մասին էլ իր հստակ տեսակետն ունի. «Ամեն տղա, ում տղան էլ լինի, պետք է անպայման ծառայի: Հայրենիքին տեր լինելուց առաջ նախ պետք է հայրենիքիդ զինվորը լինես ու «թասիբով» ծառայես, պետք է գիտակցես, որ պաշտպանում ես հայի համար ամենաթանկ հողակտորը աշխարհի վրա՝ հայրենիքդ: Ու նաև հասկանաս՝ ոչ ոք պարտավոր չէ քո փոխարեն պաշտպանելու հարազատ մորդ ու քրոջդ, կնոջդ կամ սիրած էակիդ, քո տունը…»:

Նարեկը նվիրված և «թասիբով» ծառայության համար արժանացել է «Քաջարի մարտիկ» և «Բանակի գերազանցիկ» կրծքանշանների:

-Առայժմ այսքանը,- ոնց կտրուկ սկսել էր, կտրուկ էլ ավարտում է Նարեկը:

♦♦♦

Ցրտում է, ձյան փաթիլներն օդում պար են բռնել: Ասես՝ երկու աշխարհների արանքում եմ. այնտեղ՝ մայրաքաղաքում, կյանքը եռում է, տաք սրճարաններում երիտասարդ տղաները սուրճ են խմում, զրուցում տարբեր թեմաներից, խոսքերով թշնամու հերն են անիծում: Այստեղ՝ սահմանագծին, ձյունը սաստկացել է, զինվորական համազգեստը դարձել է ճեփ-ճերմակ: Զինվոր տղերքը պաշտպանում են մոլորակի ամենաթանկ հողակտորի խաղաղությունը ու այդ խաղաղությունը խախտել ցանկացողի հերն են անիծում… գործերով:

Իսկ ձյունը գալիս է ու գալիս, ծածկում սար ու ձոր, աշխարհը ճերմակ հագցնում… Ասում են՝ ճերմակը խաղաղության գույնն է…

 

Զորամասի բուժկետում

 

ՇՐՋԱՅՑ ԶՈՐԱՄԱՍՈՒՄԶինվորի առողջության պահպանումը բանակի կարևորագույն խնդիրներից է: Այցելում ենք զորամասի բուժկետ: Բարեկարգ և լուսավոր է, ապահովված անհրաժեշտ սարքավորումներով: 2015թ. ճանաչվել է «Զինված ուժերի լավագույն բուժծառայություն»:

Զորամասի բուժծառայության պետ, բ/ծ մայոր Մխիթար Քոչարյանն ավարտել է Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը:

-Զինվորներին արդյունավետ բուժօգնություն ցուցաբերելը, ինչ խոսք, կարևոր է,- նշում է Մխիթար Քոչարյանը,- բայց պակաս կարևոր չէ, որ ստեղծվեն համապատասխան նախադրյալներ, որպեսզի զինվորները չհիվանդանան: Զորամասում զինվորների հետ մշտապես սանիտարալուսավորչական դասընթացներ են անցկացվում, արվում է հնարավորը, որ նրանք լիարժեքորեն տիրապետեն բժշկական առաջին օգնությանը, իրազեկված լինեն, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել արյունահոսության դադարեցման, կոտրվածքների, օձի, կարիճի խայթոցների ժամանակ, հետևեն անձնական հիգիենային, իմանան, թե ինչպես պետք է վարվել արևահարության կամ ցրտահարության ժամանակ: Ձմռան սեզոնին, կապված տեղավայրի օդի բարձր խոնավության հետ, երբեմն-երբեմն անգինայով հիվանդացության դեպքեր են գրանցվում, իսկ ամռանը, կարող եմ հպարտությամբ շեշտել, աղիքային ոչ մի խնդիր մեզ մոտ չի արձանագրվում:

Քանի որ զորամասը մարտական հերթապահություն է իրականացնում, զորամասային օղակից բացի, աշխատանք է տարվում նաև մարտական հենակետերում: Մարտական հերթապահության գնացող զինվորները մանրակրկիտ բուժզննման են ենթարկվում, ամենաչնչին գանգատն իսկ աչքաթող չի արվում: Դիրքերում ունենք սանհրահանգիչներ, բացի այդ, բժիշկները ևս հաճախակի այցելում են մարտական հենակետեր:

Ընդունարանի բուժքույր Մանիկ Աբովյանը զորամասի հնաբնակներից է: Այստեղ է առաջին իսկ օրերից, երբ դեռ նոր-նոր էր կազմավորվում գունդը: Կրթությամբ դեղագործ է: Տիկին Մանիկը հին օրերից բազմաթիվ հիշողություններ ունի` տխուր ու դառը, տառապանքով լի ժամանակներ էին: Տագնապ, վիշտ, ցավ, կորուստներ…

-Մեքենայով հաճախ էինք գնում դեղորայք ստանալու: Քանի անգամ է թշնամին կրակ բացել մեքենայի ուղղությամբ, թիվ ու հաշիվ չկա:

Հաճախ հենց թշնամու կրակատարափի տակ էին մեր բժիշկները կյանք պարգևում: Դրսում պատերազմ էր, ներսում էլ վիրավոր զինվորի կյանքի համար էին պայքարում:

Շատ բան է փոխվել այսօր այն ժամանակների հետ համեմատ` նորոգված բուժկետ, ժամանակակից բուժսարքավորումներ, մասնագետ կադրերի պակաս չկա, այն օրերից անփոփոխ է մնացել սերը, նվիրումն ու պատասխանատվությունը, հոգատարությունն ու ջերմությունը զինվորի նկատմամբ:

 

Ճաշարանում

 

ՇՐՋԱՅՑ ԶՈՐԱՄԱՍՈՒՄԶինվորի ծնողներին միշտ էլ մտահոգում է, թե ինչ են ուտում, ինչպես են սնվում որդիները: Փորձում եմ փոքրիկ հարցախույզ անցկացնել զինվորների հետ, թե բանակային որ կերակուրն են հատկապես սիրով ճաշակում, ու զուգահեռ պատմում եմ, որ խորհրդային բանակում ծառայած հայրս ամեն անգամ ձուկ ճաշակելիս միշտ կրկնում է. «Բանակում կերած տապակած ձկան համը մինչ օրս բերանումս է»: Զինվորները ժպտալով լսում են, նրանցից մեկն անկեղծանում է. «Մոր սարքած ճաշերն անփոխարինելի են, բայց բանակում էլ են համով պատրաստում»: Ու սկսում են թվարկել` «կարտոֆիլի պյուրե, կարտոֆիլի ժարիտ, լոբով ճաշ, աղցաններ…»:

Մտնում եմ ճաշարան, իսկ զինվորներն այստեղ մտնելուց առաջ պետք է դեռ ձեռքերը լվանան քլորաջրով՝ ախտահանեն:

Քլթքլթալով եփվում է կերակուրը: Շուրջս եմ զննում. զինվորը ճաշարան մտնելիս պետք է զգա հարմարավետություն, ճաշի համը, հոտը ախորժելի լինի: Ճաշարանի պատերին խոհարարական ցուցումներ են և զինվորների ձեռքով նկարված կտավներ: Սեղանին շարվում է սպասքը: Զինվորների ծնողների համար նոթատետրումս հատուկ նշում եմ, թե ինչ է ուտելու այդ պահին զինվորը` «մենյուն»` բորշչ, բրնձով-ոսպով փլավ, հավի միս, գազարով, կաղամբով աղցան, հյութ:

-Տարբեր նախասիրություններ ունեն զինվորները,-գրառումս նկատելով՝ ասում է ճաշարանի պետ, ենթասպա Կարեն Մոսինյանը,-ճաշատեսակները պարբերաբար փոփոխվում են, մշտապես բազմազանություն ենք մտցնում: Սննդի մեջ օգտագործում ենք նաև այս վայրերի առատ պարգևները` մասուր, ուրց, տարբեր հատապտուղներ ու մրգեր:

ՇՐՋԱՅՑ ԶՈՐԱՄԱՍՈՒՄՃաշարանը հագեցած է բանջարեղեն, հաց կտրող, խոհարարական այլևայլ սարքավորումներով: Հատուկ սառնարաններում առանձին պահվում են մատուցվող բոլոր ճաշատեսակների, աղցանների նմուշները: Սնունդ ընդունելուց կես ժամ առաջ բուժկետից գալիս, պարտադիր ստուգում են սննդի որակը, ճաշարանի մաքրությունը, նոր միայն թույլատրվում է մատուցել:

-Զինվորի ծննդյան օրն այստեղ չեն մոռանում: Ճաշարանի մի անկյունում հատուկ սեղան կա` հոբելյարի համար է,-ասում է պարենային ծառայության պետ, մայոր Համլետ Սահակյանն ու շարունակում,-տոնական օրերի ճաշացանկը մի փոքր տարբերվում է: Մասնագիտական տոներին էլ հատուկ սեղաններ ենք նախատեսում: Նոր տարին մոտենում է, չափաբաժնի մեջ փոփոխություններ կան «Ամանորին համահունչ»` սուջուխ, բաստուրմա, սալ, հյութեր… Կարելի է ասել` զինվորների ամանորյա սեղանը քաղաքացիականից չի տարբերվի:

Ճաշարանում երաժշտությունը թևածում է, խառնվում զինվորական սպասքի շխկոց-թխկոցին, զինվորները ճաշում են… Անուշ լինի կերածդ հացը, զինվո՛ր…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ հեղինակի

Խորագիր՝ #48 (1168) 07.12.2016 - 13.12.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


08/12/2016