Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՎԱՎԵՐԱԳՐՈՂԸ
ՎԱՎԵՐԱԳՐՈՂԸ

ՎԱՎԵՐԱԳՐՈՂԸՀայրս` լուսանկարիչ Գագիկ Պողոսյանը, մեր նորագույն պատմությունը վավերագրողներից է: Գրապահարանի մի անկյունում դրված է «ФЕД-2» ֆոտոապարատը, որ նա թաքցնում էր վերարկուի տակ և օրերով անհետանում տանից: Երբ վերադառնում էր, սկսում էր աշխատել ամբողջ գիշեր: Առավոտյան սենյակի հատակը ծածկված էր հարյուրավոր լուսանկարներով:

Պապիկս ինձ գրել-կարդալ սովորեցրել էր նախքան դպրոց գնալը: Եվ ահա 1988թ. մի օր կարդացի լուսանկարներից մեկում երևացող ցուցապաստառների գրությունները` «Ազատ, անկախ Հայաստան», «Միացում», «Միասնականություն»…

 

-Ի՞նչ է նշանակում ազատ, անկախ,- հարցրի:

– Լինել ազատ նշանակում է, որ դու ազատ ես երգելու քո ազգային երգը, սովորելու ազգիդ պատմությունը,- երկար մտորելուց հետո պատասխանեց հայրս: Այդ խոսքերի իմաստը հասկացա արդեն դպրոցական տարիքում: Իսկ հայրս վավերագրում էր մեր ժողովրդի պատմությունը: Նրա արխիվում հազարավոր կադրեր են, բազմաթիվ թերթեր, որտեղ տպագրված են իր հեղինակային լուսանկարները` «Ուրբաթ», «Մունետիկ», «Հայ աշխարհ», «Առագաստ»…

Ես իմ լրագրողական գործունեության ընթացքում հասցրել եմ շատ մտավորականների ու արվեստագետների հետ հարցազրույցներ վարել: Բայց հայրս միշտ հրաժարվում էր հարցազրույց տալ` ասելով.

-Իմ խոսքը իմ լուսանկարներն են:

Սակայն, երբ այսօր նշում ենք Հայաստանի անկախության հոբելյանը, նա համաձայնեց ինձ հետ կիսվել իր հուշերով և խոհերով: Մինչ այդ, նրան համոզել հաջողվել էր միայն «МИР» միջպետական հեռուստաընկերության աշխատակից, մեկնաբան Լիանա Ազոյանին, որը ռեպորտաժ էր պատրաստել «Армянский фотограф» խորագրով…

-Լուսանկարել սիրում էի, բայց մտքովս չէր անցնի, որ կխորանամ այդ ասպարեզում։ 1988թ. փետրվարն էր, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը։ Թատերական հրապարակում հանրահավաք էր։ Գնացել էի, բայց առանց ֆոտոխցիկի։ Հաջորդ օրը հանրահավաքը ունենալու էր իր շարունակությունը։ Գնացի` վերցնելով իմ «ФЕД-2» ֆոտոապարատը: Լեռնային Ղարաբաղի Ժողովուրդը պայքարի էր ելել` Ադրբեջանի կազմից դուրս գալու և մայր Հայրենիքին միանալու կոչով։ Հարթակում էին Սիլվա Կապուտիկյանը, Սերո Խանզադյանը, Մարո Մարգարյանը, Համո Սահյանը, Իգոր Մուրադյանը, Զորի Բալայանը և շատ մտավորականներ։ Հանրահավաքի մասնակիցների թիվն աստիճանաբար ավելացավ՝ հասնելով մինչև միլիոնի: Եվ հենց հարթակում էլ ստեղծվեց «Ղարաբաղ» կոմիտեն, որը ղեկավարում էր Լևոն Տեր-Պետրոսյանը: Հետո Թատերական հրապարակը կոչվեց Ազատության հրապարակ` դառնալով մեր ժողովրդի պայքարի խորհրդանիշներից մեկը…

ՎԱՎԵՐԱԳՐՈՂԸԱյսպես սկսվեց հայրիկիս ուղին, մեր ժողովրդի՝ ազատության համար մղած պայքարի ճանապարհին ձևավորվեց Գագիկ Պողոսյան¬լուսանկարիչը: Նա մշտապես մեծ երախտագիտությամբ է հիշում իր ուսուցչին` «Հայ զինվոր» թերթի երկարամյա աշխատակից, անվանի լուսանկարիչ, լուսահոգի Հովհաննես Արմենակյանին:

¬1988թ.-ից մինչև Արցախյան պատերազմի ավարտը շատ կադրեր եմ վավերացրել՝ մոտ 15000-ից ավելի։ Դրանցից որևէ մեկն առանձնացնել չեմ կարող, քանի որ յուրաքանչյուրն իր ուրույն պատմությունն ունի: Բայց կա մի լուսանկար, որտեղ այն փոքրիկ տղան առաջին անգամ Հայոց եռագույնը բարձրացրեց Ազգային ժողովի շենքի տանիքին։ Դա հայ ժողովրդի կյանքում ամենաուրախալի օրերից մեկն էր,- հիշում է նա։ Այժմ այդ լուսանկարը տեղ է գտել մեր ժողովրդի ազգային զարթոնքն արտացոլող կոլաժում, որն արդեն 20 տարի փակցված է հայրիկիս աշխատասենյակի պատին։ Ես նորից նայում եմ այդ կոլաժին ու հարցնում.

-Մեր անկախությունը ծնվեց պատերազմի բոցերում, որին ավելացավ նաև 1988-ի երկրաշարժի հասցրած տառապանքը։ Ո՞րն էր հայի ուժը, որով նա հաղթահարեց այդ փորձությունները,- հարցրի հայրիկիս:

Ծանր ու բախտորոշ ժամանակներ էին։ 1988թ.-ին ամբողջ հայ ժողովուրդն էր ոտքի կանգնել՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու համար։ Սկսվեցին զանգվածային նստացույցեր, գործադուլներ, հացադուլներ… Եվ այդ պահանջը հասցեագրված էր Մոսկվային, որ հաշվի առնվեին մեր ժողովրդի շահերը և արդար պահանջները։ Սակայն մեր խնդիրներին արդարացի լուծում այդպես էլ չէր տրվում։ Տեսա, թե ինչպես Ադրբեջանը անմարդկային ոտնձգություններ սկսեց Բաքվի, Սումգայիթի ու Գանձակի (Կիրովաբադ) հայության դեմ, որոնք ցեղասպանության ակնհայտ դրսևորումներ էին: Թշնամին չբավարարվելով այդքանով՝ ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ։ Կազմավորվեցին ֆիդայական ջոկատները։ Հայրենիքին գինվորագրվել ցանկացողների թիվն այնքան մեծ էր, որ կամավորական ջոկատներն ստեղծվում էին մեկը մյուսի ետևից։ Իսկ նույն թվականի դեկտեմբերին էլ տեղի ունեցավ երկրաշարժը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ձերբակալությունները։ Սակայն հայ ժողովուրդն իր պայքարից ետ չէր կանգնում: «Մեզ պահողը ոգին էր»,- հիշում է նա: Մենք այսօր մի մեծ պարտք ունենք Եռաբլուր պանթեոնում հանգչող մեր ազատամարտիկների առաջ` օգտագործել մեզ ընձեռված պատմական եզակի հնարավորությունը և կառուցել նրանց երազած ուժեղ պետականությունը:

-Մինչև հիմա վառ է մնացել հարթակում կանգնած այդ 28-ամյա երիտասարդի` Մովսես Գորգիսյանի կերպարը, որն առաջինը բարձրացրեց եռագույնը և անմահացավ Երասխավանի ճակատամարտում: Նա ժողովրդի հիշողության մեջ հենց այդպես էլ կմնա` ձեռքը միշտ վեր պարզած, խիզախ ու համարձակ,- հիշում է նա:

Ես բացում եմ «Ուրբաթ» թերթի 1991 թվականի մայիսի 31-ի համարը և կարդում հերոսի խոսքերը.

«Ազատ և անկախ ապրելը մեզ համար ինքնապաշտպանության խնդիր է: Մեր գոյատևելու ձևը և պայմանը ազատ ու անկախ լինելն է։

…Յուրաքանչյուր հայ ազատ է, անկախ է, ինչպես հայ ազգը, և յուրաքանչյուր հայ ինքը պետք է ծառայի այդ անկախության գաղափարին՝ առանց փնտրելու որևէ ծառայեցնողի կամ ղեկավարի…

Մենք անկախություն ունենք մեր մեջ և ուզում ենք ուղղակի տեր լինել այդ անկախությանը»:

Այսպես կարող էր մտածել մի ժողովրդի զավակ, որի համար անկախությունը լոկ բառ չէր, այլ գաղափար` սերնդեսերունդ փոխանցվող թանկագին հարստություն: Պատմական նախախնամությամբ Հայաստանի անկախության հռչակումը համընկավ մի շատ կարևոր իրադարձության հետ. 1991թ. սեպտեմբերի 29-ին Մայր Աթոռ Սուրբ  էջմիածնում տեղի ունեցավ Մյուռոնօրհնությունը` Վազգեն Ա Վեհափառի և Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա կաթողիկոսի հանդիսապետությամբ: Գագիկ Պողոսյանի համար թանկ են այս իրադարձության կադրերը ևս:

-Ոչ մի կաթողիկոս եկեղեցու խորանից չէր ասել` «Կեցցե հայոց ազգը և Հայոց անկախ պետականությունը»: Վազգեն Ա Վեհափառին վիճակված էր ապրել այդ երջանկությունը և նոր եփված մյուռոնը անվանել Անկախության մյուռոն, որով առաջինը օծվեց Հայոց նորանկախ պետությունը,- ասում է նա:

¬Այո՛։ Ի սկզբանե օրհնված են մեր պետության հիմքերը: Եվ մենք պարտավոր ենք այդ սրբալույս մյուռոնով միավորվել ու միահամուռ ուժերով հզորացնել մեր երկիրը։

-Մեր ժողովուրդը կկատարի իր այդ առաքելությունը ևս։ Հայը սիրում է իր պետականությունը։ Հակառակ դեպքում, ինչպե՞ս բացատրել այն ֆենոմենը, որ 1915-ի ցեղասպանությունից ընդամենը 3 տարի անց արյունաքամ եղած ժողովուրդը կարողացավ վերականգնել իր անկախությունը. պետություն, որ թեև կարճ կյանք ունեցավ. բայց այսօրվա Հայաստանի հիմքը դարձավ: Եվ մենք այսօր սխալվելու իրավունք չունենք,- ընդգծում է լուսանկարիչը:

Հայը երբեք վախկոտ կամ մարդասպան չէ: Եվ թշնամուց վրեժ լուծելու միակ ուղին երկու ուժեղ հայկական պետություն ստեղծելն է: Իսկ պետության հիմքը մեր հզոր բանակն է, որի ակունքներում կանգնած է եղել Սպարապետ Վազգեն Սարգսյանը: Լուսանկարներից մեկի ետևում մի շատ թանկ մակագրություն է` «Շնորհակալ եմ, Վազգեն»: Գագիկ Պողոսյանի համար առանձնահատուկ տեղ ունեն 1992թ. մարտի 2-ի կադրերը` առաջին զինվորական երդումը, որին մասնակցում էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ` տարեց ազատամարտիկներից մինչև 18-ամյա երիտասարդներ: Մենք այս պատկերը տեսանք նաև այս տարվա ապրիլյան ծանր օրերին, երբ թշնամին երեք ուղղություններով ռազմական գործողություններ սանձազերծեց Արցախի դեմ: Բայց մենք կրկին հաղթեցինք` չունենալով և ոչ մի երկրի աջակցությունը: Հաղթեցինք, քանի որ մեր թիկունքին ունենք հազարամյակների պատմություն, որը ուժ է տալիս մեր զինվորներին:

-Մովսես Գորգիսյանն ասում էր` «Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու»։ Այսօր Հայաստանն անկախ պետություն է՝ իր մարտունակ հզոր բանակով, որը մեր բոլորիս հպարտությունն է: Ապրիլյան պատերազմի օրերին, նայելով մեր զինվորներին ու կամավորներին, համոզվեցի, որ կգա նաև այն ժամանակը, երբ հայոց եռագույնը կծածանվի նաև Արևմտյան Հայաստանում: Փառք մեր բանակին, որը պահպանում է մեր երկրի սահմանները,- ասում է Գագիկ Պողոսյանը:

Նա ունի երկու նվիրական նպատակ` բացել ցուցահանդես և ժողովրդի «դատին» հանձնել պատմության վավերագիր հանդիսացող իր լուսանկարների գիրք-ալբոմը:

 

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ