Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԿՐԿԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ»



(Պատառիկներ օրագրից)

 

Սկիզբը՝ նախորդ համարներում

 

«ԿՐԿԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ»Ոչ ոքի չեմ տեսնում, որովհետև տազ են արել, պոչները քաշել ետևի ոտքերի արանքը ու կուչ եկել, սսկվել ու սպասում են մինչեւ ամպը գա, ինչպես Համոն կասեր՝ հոտը գա, բայց հասկանում եմ նաև, որ տազ են արել մեր զինվորի ահից, մեր առյուծ, մեր արծիվ զինվորի, մեր կոմբատ Սահակյան Սամվելի. ես…ես…ձեր ցա՜վը տանեմ… Էս ի՜նչ հրաշք եք դուք, ո՞նց պարզերես արեցիք բոլորիս, ո՞նց կռվեցիք ձեր պապերի, հայրերի ու ձեր իսկ փոխարեն, իմ փոխարեն, Երևանի սրճարաններում ու բարերում թրև եկողների փոխարեն ու մնացիք կանգուն, մնացիք, որ ցույց տաք հայի իրական դեմքը: Ես գրառումս փակում եմ, որովհետև չեմ ուզում, որ մոտեցող վաշտի հրամանատար ավ. լեյտենանտ Սուղյանը նկատի, որ գրառում եմ կատարում:

Ես և Սուղյանը խոսում ենք տարբեր թեմաներից, և ուրախանում եմ, որ նա հպարտորեն է խոսում իր զինվորների և իր հրամանատար Սամվել Սահակյանի մասին, որին ես նույնպես շատ հարգում եմ, որովհետև տեսնում եմ, թե ինչպես է ապրում զինվորով, դիրքով, բանակով և այն ամենով, ինչ կապված է մեր երկրի ու հայրենիքի հետ: Գումարտակի շտաբի պետը Բաղդասարյան Սամվելն է, որը Ստեփանակերտից է ու մի քանի օր առաջ մեկնել էր քաղաք, որ հուղարկավորի հորը, որը նույնպես ազատամարտիկ է եղել և մահացել էր դեռ հիսունհինգը չբոլորած:

Հյուր է գալիս Սամվել Թադևոսյանը, և ես ուրախանում եմ: Սամվելը եկել է Գևորգի և Րաֆֆիի հետ և նկարահանում է կատարում: Մենք կանչում ենք Համբիկին, որը մասնակցել է առաջին օրվա մարտին, և Սամվելը սկսում է նկարահանումը:  Համբիկը չի ուզում ներկայանալ ու ներկայացնել իր կատարածը և մի քանի րոպեում է ամոթխած պատմում ամբողջը, ասես ոչինչ չի եղել, ասես դա եղել է սովորական օրերից մեկը: Համբիկը բժշկական համալսարանի ուսանող է:

Զինվո՜ր, քո ցա՜վը տանեմ, զինվո՜ր, այսօր՝ զինվոր, վաղը՝ բժիշկ, ես քո ցա՜վը տանեմ, որ լույս ես, որ հույս ես ու հավատ՝ արժանի քո հայրենիքին ու երկրին:

Սամվելենք աշխատում են ողջ օրը, և վերադառնում ենք 3-րդ ՀԴԿ: Սամվելը խնդրում է մի կում խմել, մենք ծիծաղում ենք ու ասում, որ խմելու համար խիստ պատիժ է սահմանված, որ որոշված է խմել միայն տանը կամ երբ ծառայության չենք լինի:

Երեկոյան զանգահարում է Գեորգի Պետրոսյանը և հայտնում, որ հանդիպումը կայացել է, և որ նախագահը շատ կարճ հարցազրույց է տվել` բարձր տրամադրությամբ: Ես ուրախանում եմ, երկար նստում օջախի շուրջ, մտորում, լրացնում օրագիրս ու անցնում մեքենայի ետևի նստատեղին՝ քնելու: Իմ կարճ բոյի համար նստատեղը ավելի կարճ է թվում, ուզում եմ ոտքերս մեկնել, բայց կարծես «Ուազ» մեքենան նեղացած լինի, ու կուչ գալով զինվորական բաճկոնիս տակ`  մարում եմ:

 

  1. 05. 2016թ.

Արթնանում եմ ջարդված, կարծես քնած չլինեմ, այլ` ծեծված: Սիրտս սառը գարեջուր է ուզում, բայց որտեղի՞ց, երբ ինքս եմ բոլորին արգելել խմելը: Տղաներն արդեն օջախի մոտ են, և ես խնդրում եմ մի բաժակ թունդ սուրճ: Համլետը հարցնում է` չես լվացվո՞ւմ: Ես ասում եմ` սուրճից հետո, ու նստում կոճղից սարքած աթոռ կոչվածին: Գիշերն անձրև է եկել, ու տարածքը ցեխոտ է: Մեր կողքով անցնում են զինված, հոգնած ու ցեխոտ զինվորները` ավտոմատներով, բահերով ու քլունգներով: Մենք հրավիրում ենք տաք թեյի ու սուրճի, չեն գալիս, բայց աչքերով ցույց են տալիս կողքից քայլող լեյտենանտին, որ նրան ասենք: Սպան շնորհակալություն է հայտնում ու շարունակում ճանապարհը:

Զինվո՜ր, քո ցա՜վը տանեմ, զինվո՜ր:

Ա՜յ մարդ, էս ի՞նչ ազգ ենք մենք: Զինվոր ենք` լավն ենք, հրամանատար ենք` լավն ենք, ուսուցիչ ենք` լավն ենք, հողագործ ենք` լավն ենք,  բա ինչո՞ւ միշտ միասնական չենք, ինչո՞ւ չենք կարողանում ամեն տեղ միասնական լինել, ինչո՞ւ բանակում կարողանում ենք հրամանատար ընդունել ու սիրել, բայց կյանքում ամեն մեկս ուզում է, որ ի՜նքը լինի, կամ ի՜ր հորեղբոր տղան: Է՜հ, մեզնից էլ գլուխ չեմ հանում, ու թվում է, որ սա մեր վերջին դասն է, որ բոլորիս համախմբի մի դրոշի շուրջ: Թե չէ ամեն մեկս մի դրոշ ենք ստեղծել, անունը դրել կուսակցություն և «հուռա՜» ասելով գնում ենք: Հիշեցի Պարոնյանին՝ առաջ պոռալով` ետ-ետ կերթանք:

Ես մեկնում եմ տղաներին այցելության: Կապ եմ տալիս, որ գան օգնեն: Մեքենայով մոտենում եմ ու տեսնում` Սալվարդեցի Մանվելի հետ մի քանի նորակոչիկ կա կանգնած: Բարևում եմ ու հարցնում անունները: Մի փոքրամարմին տղա պատասխանում է, որ իր անունը Թևան է: Ես հարցնում եմ. «Ա՜յ տղա, դու հո տումեցի չե՞ս»: Նա հպարտորեն պատասխանում է, որ տումեցի է ու կասկածանքով նայում երեսիս` մտածելով, որ ծանոթ ենք: Ես գրկում եմ նրան ու ասում. «Կարողանալո՞ւ ես էն Թևանի նման կարգին մարդ դառնաս»: Նա ժպիտով պատասխանում է, թե` որ այստեղ եմ, ուրեմն կարգին մարդ եմ: Մենք ծիծաղում ենք, վերցնում սնունդը ու ճանապարհվում: Խրամատները, ինչպես լաբիրինթոս, երկար, ծուռումուռ են: Քրտինքը կամաց-կամաց իջնում է դեպի աչքերս և միրուքիս մեջ կարծես ոջիլ եմ զգում: Ուսիս վրայից կախված զենքս տեղափոխում եմ թիկունքիս, որ երեսս մաքրեմ, բայց զգում եմ, որ ամբողջովին թաց է, ու հասկանում եմ, որ քրտնած եմ ամբողջովին: Շատ երկար ենք քայլում և երբ վերջապես հասնում ենք, ես ստվեր եմ ման գալիս, որ մտնեմ հով տեղ: Միակ տեղը, որ ստվեր կա, տղաների քնելու տեղն է: Ես ներսում նստում եմ պատին հենած քարին ու սկսում զրուցել տղաների հետ: Զինվորներն են՝ Ստեփանակերտի ՄՕԲ-ը և մերոնք: Բոլորը համերաշխ ծառայում են:

Օրս անցկացնում եմ բոլոր կողմերից դիրքերը զննելով ու նորից վերադառնում բազա: Ժամը 6-ին ինձ զանգահարում է Ադմիրալ Սամոն և հրավիրում ընթրիքի` Մատաղիս: Սամվելի հետ են նաև Ապարանցի Ռազն ու Հակոբյան Սմբատը: Մենք չորս հին ընկերներով ընթրում ենք առանց խմիչքի ու անցնում հեռուստացույցի մոտ` նայելու նախագահի փոքրիկ ասուլիսը ինքնաթիռում: Նախագահի ելույթից մենք գոհ ենք: Ես տղաներին հրաժեշտ եմ տալիս ու մեկնում ՀԴԿ:

Հայհոյում եմ:

Մանվելը մեքենան կանգնեցնում է ու զարմացած նայում երեսիս: Ես հասկանում եմ, որ բարձրաձայն եմ հայհոյել: Ծիծաղում եմ և նորից հայհոյում, և Մանվելը հասկանում է, որ ես հայհոյում եմ սրճարաններում ու բարերում նստած քարտեզ գծողներին: Տո բա մեկը չասի` դուք ո՞վ եք, որ որոշեք մեր ազգի ճակատագիրը ձեր սրճարաններում: Մեր ճակատագիրը վճռողները սահմանին են` մեր զինվորները:

Զինվո՜ր, քո ցա՜վը տանեմ:

Օջախի շուրջ նստած տղաները տեղ են տալիս, և ես ծխախոտ եմ վառում, ու քննարկում ենք նախագահի ելույթը: Տղաները զվարթանում են, և ոչ ոք չի ուզում քնել, սկսվում են քաղաքական մեկնաբանությունները` խրամատային կերպարանք ստացած:

Զինվո՜ր, քո ցա՜վը տանեմ: Գնում եմ քնելու:

 

  1. 05. 2016թ.

Գիշերը ձվի տեսքով լուսին էր կախվել և շատ գեղեցիկ էր: Քնելուց առաջ ուզում էի մի պահունակ փամփուշտ էլ ես կրակեի, բայց ափսոսացի, որովհետև փամփուշտը նաև փող արժե: Օրս բացվել է հրաշալի, թեպետ անձրևոտ է: Օրս բացվել է հիշողությամբ լի, որովհետև 24 տարի առաջ այս օրը մենք մտանք Լաչին, և ես անցել եմ հիշողություններիս. և՜ ուրախանում եմ, և՜ հպարտանում, որ կարող եմ 24 տարի հետո նորից կանգնել սահմանին, հին ընկերներիս և արդեն 25 և 24 տարեկան դարձած որդիներիս հետ: Արագ թեյ եմ խմում ու Մանվելի հետ պոկվում «կալգոտկա», որ կարողանամ զանգահարել ընկերներիս ու շնորհավորել Քաշաթաղի ազատագրումը: Դիրքում խաղաղ է, և ես տղաների հետ սուրճ եմ խմում ու վերհիշում Լաչինի ազատագրումը: Էս ո՞նց թռան տարիները, ես ե՞րբ հասցրի ծերանալ, տղաներս ո՞նց դարձան ինձ զինակից: Զինակիցներս ո՞նց են կամաց-կամաց ու հերթով մարում, հեռանում այս աշխարհից: Այսօր մտքովս անցան տղաները, որոնց հետ մտել եմ Լաչին, ու հասկացա, որ կիսվել ենք, կիսվել ենք մի քանի մասի: Մի մասը զոհվեցին, մի մասը մահացան պատերազմից հետո, մի մասը հեռացան արտերկիր, իսկ մի մասն էլ ինձ հետ է այստեղ` «կալգոտկայում», կողքի դիրքերում և բազայում: Այս ի՞նչ շուտ թռան տարիները:

Տղաների հետ երկար ենք նստում: Զրուցում ենք հիմնականում առաջին և երկրորդ պատերազմում զոհված տղաներից, հիշում տարբեր դրվագներ ու նորից տխրում: Օրը թեքվում է դեպի մայրամուտ, և ես վերադառնում եմ ՀԴԿ: Օջախը տաք է, վրան դրված է թեյնիկը: Ես փայտ եմ ավելացնում մարմրող անթեղներին ու նստում դեմ-դիմաց: Սիրում եմ կրակի հետ խաղալ ու մտորել: Հիշում եմ նախագահի երեկվա ելույթը, հիշում՝ սրճարաններում քարտեզ գծողներին, հիշում՝ նրանց երազանքային հարձակումները և նահանջները, ազատագրումները և հանձնումները, հիշում եմ հիշոցով բարձրաձայն ու քթիս տակ մրմնջում` վա՜յ մեզ, վա՜յ մեզ, վա՜յ մեզ, ես ձեր երազախաբ տիրու դարդը անիծեմ:

Զինվո՜ր, քո ցա՜վը տանեմ:

Ես հոգնած եմ, ես զինվոր եմ, ես զինական եմ և ուրախ, որ կարող եմ իմ ազգի համար մի պիտանի բան կատարել, քան նստել սրճարանում ու օդում գծած քարտեզի մոտ երազախաբ լինել:

Զինվո՜ր, քո ցա՜վը տանեմ:

Բարի գիշեր:

 

  1. 05. 2016թ.

Առավոտյան սուրճից հետո ես, նստած դեպի դիրքեր տանող ճանապարհի եզրին, ուզում եմ կապվել Սիսիան, սակայն չի ստացվում: Մոտենում է գնդի հրամանատարի մեքենան, կանգնում: Մոտենում եմ մեքենային: Մեքենայից իջնում է գնդապետ Գ. Մանգասարյանը, բարևում բոլորիս, ապա ես և ինքը առանձնանում ենք ու զրուցում: Գնդապետը ինձ վրա շատ լավ տպավորություն է թողել: Մեկ ամսից ավելի է, ինչ նա է նշանակվել այս գնդի հրամանատար, և ես տեսնում եմ, թե ինչպես է չարչարվում, որ գունդը խելքի բերի: Քչախոս է, խոսքը՝ հատու, պահանջկոտ է և բանը մի անգամ ասող: Իսկական հրամանատարական պահվածք: Կապվում եմ դիրքեր. անհրաժեշտ է սնունդ տանել դիրքեր և մնալ: Սակայն ինձ հայտնում են, որ պետք է պատրաստվեմ ետ վերադառնալու Սիսիան: Գումարտակի հրամանատարը և շտաբի պետը, իմանալով այս մասին, տխրում են, տխրում են նաեւ իմ տղաները:  Զինվո՜ր, քո ցա՜վը տանեմ: Առանց ձեզ ես ի՞նչ պետք է անեմ: Դիրքեր կապ եմ տալիս, որ պատրաստվեն, սակայն հինգ ժամ հետո ինձ հայտնում են, որ դեռ փոխարինող չունենք և պետք է շարունակենք մեր ծառայությունը: Տղաները ցնծում են: Մարտակերտի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը ( հետագայում գեներալ) կապ է տալիս, որ գնամ Մատաղիս, որտեղ և հանդիպում եմ նաև Կարո Քեբաբչյանին: Ողջագուրվում ենք և հացի սեղանի շուրջ սկսում զրուցել:

Շարունակելի

 

«ՍԻՍԱԿԱՆ» ջոկատի հրամանատար,

պահեստի գնդապետ ԱՇՈՏ ՄԻՆԱՍՅԱՆ

Խորագիր՝ #35 (1155) 14.09.2016 - 20.09.2016, Ճակատագրեր


14/09/2016