Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԲ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ



ՍՈՒՐԲ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԼՂՀ Քաշաթաղի շրջանի Հակ գյուղի Սուրբ Մինաս եկեղեցում տեղի ունեցավ  39 երեխայի մկրտության արարողությունը, որին ներկա էին բարերար Վերջինիա Դևիսը (ԱՄՆ)  «Թուֆենկյան» հիմնադրամի հիմնադիր Ջեյմս Թուֆենկյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, այլ պաշտոնատար անձինք, հարևան համայնքների բնակիչներ:

Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք-Քաշաթաղ գավառի պատմական Հակ գյուղը հիշատակվում է դեռ 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Ժամանակագրությունում»: 18-րդ դարակեսին, երբ հայաթափվում էր այս տարածքը, Հակը եզակի բնակավայրերից էր, որտեղ հայերը շարունակեցին ապրել քրդաթրքերի հարևանությամբ: 1918թ. Հակը հիմնովին հայաթափվեց, և հետագայում բռնակցվեց նորաստեղծ Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությանը: 1993 թ. գարնանը տարածքն ազատագրվեց, և 2 տարի անց Հակը վերստին հայացավ: Այժմ գյուղում կա 20 տնտեսություն 105 բնակիչով:

2009 թվականին բարերար Վերջինիա Դևիսի հովանավորությամբ և «Թուֆենկյանի» աջակցությամբ կարգավորվեց գյուղի խմելու ջրի համակարգը, վերանորոգվեց եկեղեցին: 2016թ. ամռանը ԼՂՀ ԱԺ պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը (ընտրված Քաշաթաղի և Շուշիի շրջանից) աշխատանքային այցով եղել էր ԱՄՆ-ում և հանդիպել Վերջինիա Դևիսին. որոշվել էր այս անգամ ևս իրականացնել ընդհանուր մկրտություն՝ ընդգրկելով Բերձորի գիշերօթիկ հաստատության սաներին և Հակի երեխաներին: Որոշվել էր նաև նորոգել քամիներից վնասված եկեղեցու տանիքը: Հակի գյուղական համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գառնիկ Մանգասարյանը կազմակերպեց դեպի Սուրբ Մինաս եկեղեցի տանող ճանապարհի բարեկարգումը:

Մկրտության արարողությունն սկսվեց Արցախի թեմի Նոր Շահումյանի շրջանի հոգևոր հովիվ և Դադիվանքի քահանա տեր Հովհաննես Հովհաննիսյանի Տերունական աղոթքով: Բերձորի գիշերօթիկի սաների կնքահայրեր դարձան ԱԺ պատգամավոր Լ. Հովհաննիսյանը, «Թուֆենկյան» հիմնադրամի հիմնադիր Ջեյմս Թուֆենկյանը, նույն հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդուքչյանը, հոգաբարձու Անդրանիկ Գասպարյանը, Հարի Համպերը, Ֆրեդ Հայրապետյանը: Աստվածահաճո արարողությունը տևեց մի քանի ժամ, որի ընթացքում կնքահայրերն իրենց սանիկների համար խնդրեցին Հույս, Հավատ, Սեր և Մկրտություն: Սուրբ արարողությունից հետո մատուցվեց մատաղ ու կարմիր գինի: Բարերարները մկրտված երեխաներին նվիրեցին «Նոր կտակարան» և գրենական պիտույքներ: Նվերներ հատկացրին նաև դպրոցի 12 սաներին:

ՍՈՒՐԲ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԳյուղի դպրոցը գործում է վերաբնակեցման առաջին տարվանից, սակայն հետագայում աշակերտների թիվը պակասեց, և Հակի դպրոցը միավորվեց հարևան Լեռնահովիտի (Եզնագոմեր) միջնակարգին: Այժմ տարրական դասարանների աշակերտները սովորում են տեղում, իսկ մնացածը հաճախում են Լեռնահովիտի դպրոց: Նրանց տեղափոխությունն իրականացվում է դժվարանց ու վտանգավոր ճանապարհով: Այս տարի առաջին դասարան կընդունվի 4 աշակերտ, նույնքան էլ՝ եկող տարի: Գնալով ավելանում է գյուղի աշակերտների թիվը: Դպրոցը պետք է առանձնանա: Այս նպատակով պետք է նորոգվի «Հայ կրթական հիմնադրամի» շենքը, որը կառուցվել է մոտ 15 տարի առաջ: Բարերարները այցելեցին դպրոց, ծանոթացան տիրող վիճակին: Այստեղ բնակիչներին հուզող հիմնական խնդիրը ճանապարհների և բնակարանների բարեկարգումն է, կապի բարելավումը, համացանցի միացումը, դպրոցի նորոգումը և առանձնացումը, եւ, իհարկե, մանկապարտեզ ունենալը:

«Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդուքչյանը, կարևորելով Սուրբ Մինաս եկեղեցում կայացած մկրտության խորհուրդը, ասաց. «Իրականացնելով այս Սուրբ Մկրտությունը, վերակերտում ենք մեր պատմությունը, և հենց մկրտվող այս սերունդը պետք է Սուրբ Հոգին բերի ու այստեղ ապրեցնի. սա է խորհուրդը»: Հիմնադրամի հոգաբարձու Անդրանիկ Գասպարյանը, խոսելով հետագա ծրագրերի մասին, կարևորեց վերաբնակեցման գործընթացին օժանդակելը, սակայն տեղեկացրեց, որ հիմնադրամը առայժմ նախընտրում է տնտեսության զարգացումը:

Բարերար Վերջինիա Դևիսը, որ ժամանել էր դստեր հետ, Սուրբ Մինասի նորոգումը նախաձեռնել է ի հիշատակ Մեծ եղեռնից փրկված իր տատի՝ Վերժինե Մուրադյան-Կարապետյանի: Տեր Հովհաննես քահանան նշեց, որ 39-ը խորհրդանշում է Հայոց այբուբենը:

Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց բարերարներին եւ անդրադարձավ նաեւ շրջանի բնակչության հայրենանվեր խիզախումներին՝ վկայակոչելով ապրիլյան իրադարձությունները, երբ մոտ 1200 հոգի հասավ առաջնագիծ և թիկունք կանգնեց մեր զինվորին:

Արևամուտին հյուրերը հրաժեշտ տվեցին Հակի բնակչությանը՝ նոր հանդիպման ակնկալիքով:

 

Զ. ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #34 (1154) 07.09.2016 - 13.09.2016, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


07/09/2016