Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ



ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 23-ին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին ընդառաջ բացվել է «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Հանդիսավոր բացմանը ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ցուցահանդեսը կազմակերպել է «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը: Փաստագրական, արխիվային և գեղարվեստական ձևաչափով ներկայացված են 1990-2016 թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած կարևոր մշակութային, գիտական, քաղաքական, հասարակական, տնտեսական և այլ ոլորտների տարբեր իրադարձությունների մասին պատմող լուսանկարներ:

Ծանոթանալով աշխատանքներին՝ քաղաքապետը պատրաստակամություն հայտնեց հետայսու էլ աջակցելու նմանօրինակ նախաձեռնություններին: Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն իր խոսքում նշեց նաեւ, որ այս խորհրդանշական՝ ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրը բացված ցուցահանդեսով տրվում է ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների մեկնարկը:

-Այս լուսանկարներն արձանագրել են մեր 25-ամյա պատմության վայրիվերումները, ընդվզումները, հաղթանակներն ու կորուստները: Դրանց նայելիս մեկ անգամ ևս հպարտություն ես ապրում, հասկանալով, որ այլևս պետություն ունենք, և որ քո պապերի երազած անկախ երկրի ականատեսն ու մասնակիցն ես,- հավելեց Արամ Սուքիասյանը:

«Մենք» հիմնադրամի տնօրեն Պավել Սարգսյանը նշեց, որ նմանատիպ հագեցած միջոցառումներն առավել հետաքրքիր են դարձնում Երևանի մշակութային կյանքը: Իհարկե, դժվար էր 133 լուսանկարով ներկայացնել 25 տարիների ժամանակագրությունը, բայց հնարավոր է ընդհանուր պատկերացում կազմել պետության զարգացման ընթացքի մասին:

Ցուցահանդեսում օգտագործվել են ՀՀ պաշտպանության նախարարության, տարբեր լրատվական գործակալությունների, անհատ լուսանկարիչների արխիվային աշխատանքները: Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 5-ը, այնուհետև կներկայացվի Նյու Յորքում և Գլենդելում, իսկ հոկտեմբերին՝ նաև Փարիզում և Մոսկվայում:

 

Արսեն ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #33 (1153) 31.08.2016 - 06.09.2016, Հոգևոր-մշակութային


31/08/2016