ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿՐԿԻՆ ԳԱՐՈՒՆ Է ՊԱՅԾԱՌ..
Հեղինե Կարապետյանի որդին` Յուրա Խաչատրյանը, զոհվել է 1993թ.-ին: Անփարատ է որդեկորույս մոր վիշտը: Ու սրտում անթեղված ցավը դառնում է արցունքոտ տող եւ բանաստեղծություն:
Մի՛ փնտրիր իզուր մարդկանց շարքերում
Որդուդ հարազատ:
Հայացքդ մոլոր զուր մի՛ թաքցրու.
Դու լուռ ես, ինչպես քայլող հուշարձան:
Մարդկային հոսքը ծփում է դանդաղ,
Քո որդին չկա, զոհվել է մարտում,
Մի՛ փնտրիր իզուր…
♦♦♦
Երգով իմ` վառ պահել
կուզեմ կարոտը որդուս:
Թե սեւ գնդակը որդուս չգտներ,
Նա հերոսացած տուն կգար փառքով:
Ախ, հերոս է նա, թեկուզ շարքային:
Մայրական սիրտս շնորհել կուզե,
Շնորհել կուզե փառքեր հետմահու
Բոլոր շարքային զինվորներին քաջ,
Որոնք չհասցրին սխրանքներ գործել:
♦♦♦
Տղաները քաջ կռվից տուն չեկան.
Հոգիս վիրավոր մղկտում է դեռ,
Աղի արցունքից լճեր գոյացան,
Վիրավոր որդիս կռվից ետ չեկավ:
Հասակս ծաղկուն կռացավ մեկեն,
Ցորենը արտում կծղեց ու մնաց,
Խոտը չորացավ հերվա էն դաշտում,
Իմ զինվոր որդին կռվից տուն չեկավ:
Աշխարհում կրկին գարուն է պայծառ,
Ինձ համար կռիվ, պատերազմ է դեռ…
Խորագիր՝ #33 (1153) 31.08.2016 - 06.09.2016, Հոգևոր-մշակութային