Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Լ. ՌԵՇԵՏՆԻԿՈՎ

Լ. ՌԵՇԵՏՆԻԿՈՎ

Պատերազմ գնում էին պաշտպանելու հայրենիքը, այլ ոչ թե խորհրդային իշխանությունը

 

2015թ. հանդիսավորությամբ նշվեց Հայրենական պատերազմում տարած  Մեծ հաղթանակի 70-ամյակը: Այդ կարևոր իրադարձության հետ կապված տեղի ունեցան բազմաբնույթ միջոցառումներ, հրավիրվեցին գիտա-գործնական նստաշրջաններ, տպագրվեցին գրքեր և հոդվածներ: Մինչդեռ, մեր օրերում դեռևս շարունակվում են 1941-1945 թթ. մարտական գործողությունների ուսումնասիրությունները: Հետևաբար ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում մի ուշագրավ հոդված, որի հեղինակն է պատմական գիտությունների թեկնածու, արտաքին հետախուզության գեներալ-լեյտենանտ, Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի (հիմնադիրն է Ռուսաստանի նախագահը) տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովը:

 

«Սադրա՞նք»

 

Ընդհուպ մինչև 1941 թ. հունիսի 22-ը ԽՍՀՄ ղեկավարությունը Ստալինի գլխավորությամբ բնակչությանը ներշնչել էր, թե Գերմանիան չի հարձակվի Խորհրդային Միության վրա: Ցավոք, հետագա դեպքերն ու իրադարձությունները ապացուցեցին հակառակը: Պատերազմից ութ օր առաջ պետական հեռագրական գործակալությունը՝ ՏԱՍՍ-ը, հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, որով հերքեց շրջանառվող լուրերը, թե Գերմանիան պատրաստվում է հարձակվել ԽՍՀՄ-ի վրա: Հայտարարությունն արվեց այն ժամանակ, երբ գերմանացիները Խորհրդային Միության արևմտյան սահմաններին էին մոտեցնում մեծաքանակ ռազմական ուժեր: Խորհրդային հետախուզությունը բազմիցս զգուշացրել էր նախատեսվող հարձակման մասին և նույնիսկ նշել էր օրը՝ հունիսի 22-ը:

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑԻ. Ստալինը չէր հավատում այդ հաղորդագրություններին: Նրա դուստրը՝ Սվետլանա Ալելուևան, հետևյալ կերպ էր բացատրում Ի. Ստալինի նման վերաբերմունքը. «Հայրս չէր կարող ենթադրել, որ 1939 թ. պայմանագիրը (նկատի ունի ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև կնքված չհարձակման պայմանագիրը), որն իր զավակն էր համարում, և որն արդյունք էր իր մեծագույն խորամանկության, կխախտվի իրենից ավելի խորամանկ թշնամու կողմից: Դա նրա քաղաքական մեծագույն սխալն էր: Նույնիսկ երբ պատերազմն ավարտվեց, նա սիրում էր ասել. «Է՜հ, գերմանացիների հետ մենք անպարտելի կլինեինք»:

Հայտնի է, որ 1941 թ. հունիսի 22-ին խորհրդային ժողովրդին ուղղված կոչով հանդես եկավ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Վ. Մոլոտովը: Հունիսի 22-ից մինչև հուլիսի 3-ը Ստալինը շփոթմունքի մեջ էր և հրապարակավ հանդես չէր գալիս: Գերմանիայի հարձակումը նրա համար անձնական ծանր հարված էր: Չէ՞ որ նա իր հրապարակային ելույթներով հավատացրել էր սեփական ժողովրդին, որ մոտակա տարիներին պատերազմ չի լինի: Խորհրդային Միության մարշալ Գ. Ժուկովը հետագայում վկայում էր, որ նույնիսկ գերմանական հարձակումից մեկ օր անց՝ հունիսի 23-ին, Ստալինը հույս ուներ, թե այդ հարձակումը կարող է սադրանք լինել, որի մասին Հիտլերը, հավանական է, տեղյակ չէր:

Բարձրագույն իշխանության շրջանում տիրող շփոթմունքն անցնում է նաև բանակին: 1941 թ. վերջին արդեն Կարմիր բանակը կորցրել էր 4 մլն 473 հազար մարդ, որից 2 մլն. 516 հազարը` ռազմագերիներ: Այս թվերը բնավ չեն խոսում զինվորների և սպաների վախկոտության մասին: Ընդհակառակը՝ պատերազմի առաջին ամիսներին խորհրդային զինծառայողները ցուցադրեցին քաջության և հերոսության բազմաթիվ օրինակներ:

Պատերազմի սկզբին արդեն Ստալինը շատ լավ հասկանում էր, որ քաղաքացիական պատերազմի (1918-1922 թթ.) ավարտից անցել է 20 տարի, և որ գրեթե բոլոր ընտանիքներում կային կուլակաթափ եղածներ, բռնադատվածներ, հավատի համար գնդակահարվածներ: Եվ նման մարդիկ պատրաստ չէին կռվելու այսպես կոչված «սոցիալիստական գաղափարների համար»: Մեր ինստիտուտի աշխատակիցը պատմեց իր գյուղացի հոր մասին, որին 1936 թ. կուլակաթափ էին արել: Նա փախավ Ուրալից այն կողմ: 1938 թ. նրան կրկին կուլակաթափ արեցին: Նա փախավ ավելի հեռու՝ սիբիրյան Բոդայբո քաղաքը: Ռազմաճակատ մեկնելիս նա կնոջն ասաց. «Ես այս իշխանությանը չեմ պաշտպանի: Գերի կհանձնվեմ:» Սակայն երեք-չորս ամիս անց նրանք ռազմաճակատից սկսեցին ստանալ նամակներ, որոնցում ընտանիքի հայրը գրում էր. «Նրանք (գերմանացիները) ցանկանում են ոչնչացնել մեր Ռուսաստանը և մեր ռուս ժողովրդին»: Այդ մարդը հերոսաբար զոհվեց Լենինգրադի համար մղվող կռիվներում: Երբ 1942 թ. ԽՍՀՄ-ում ԱՄՆ-ի դեսպան Ա. Հարրիմանը Ստալինի հետ ունեցած զրույցի ժամանակ իր հիացմունքն էր հայտնել խորհրդային զինվորների քաջության մասին, որին Ստալինն ասել էր. «Դուք մտածում եք, որ նրանք կռվում են մե՞զ համար: Ո՛չ, նրանք կռվում են իրենց Մայր Ռուսաստանի համար»:

 

Ռուբեն ՍԱՀԱԿՅԱՆ

պատմական գիտությունների դոկտոր