Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԼԽԱՎՈՐԸ՝ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎԱՉԱՓ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ



ԳԼԽԱՎՈՐԸ՝ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎԱՉԱՓ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԳումարվեց 2016թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի առաջին նիստը:

 

Հունիսի 20-ին հանձնաժողովը գումարեց իր առաջին նիստը:

Քննարկման առարկա են ամառային  զորակոչի առնչությամբ զորակոչիկներից և նրանց հարազատներից ստացված դիմում-բողոքները:

Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը տեղեկացրեց, որ մինչ այժմ հանձնաժողովն ստացել է 70 դիմում:

-2009թ.-ից սկսած հանձնաժողովը գործում է յուրաքանչյուր զորակոչի ժամանակ: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են բժիշկներ, իրավաբաններ, հասարակական խորհրդի անդամներ: Արդեն բավական մեծ փորձ ունենք, որպեսզի կարողանանք պատշաճ մակարդակով իրականացնել մեր գործառույթները: Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս փորձելու ենք օպերատիվորեն արձագանքել բոլոր դիմումներին, քննարկել բոլորին հուզող  հարցերը և ընդունել իրավաչափ որոշումներ: Քաղաքացիների հետ հարաբերություններում պահանջվում է առավել համբերատարություն, նրբանկատություն, իսկ զորակոչային մարմինների հետ աշխատելիս` նաև սկզբունքայնություն,  հետևողականություն: Համագործակցության շրջանակներում մեզ կհաջողվի հասնել որոշակի դրական արդյունքի,- նշեց Գեղամ Հարությունյանը:

ԳԼԽԱՎՈՐԸ՝ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎԱՉԱՓ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԱռաջին դիմումատուն Գեղամ Դոլուխանյանն էր: Նա դժգոհում էր` իր որդուն, որ ողնաշարի հետ կապված առողջական խնդիր ունի, հանրապետական զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովը պիտանի է ճանաչել զինվորական ծառայության համար: Ծնողը ներկայացրեց նաև մասնավոր բուժհաստատությունում կատարված ՄՌՏ հետազոտության տվյալները, այլ բժշկական փաստաթղթեր:

Փոխանցեց նաև բժիշկների կարծիքը` տղային ծանրաբեռնել չի կարելի: Զորակոչիկի հայրը, իր մտահոգությունը հայտնելով որդու առողջական վիճակի վերաբերյալ, միաժամանակ նշեց` ինքը շատ է ուզում, որ որդին ծառայի, միայն թե լրիվ առողջանալուց հետո:

Բոլոր փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո հանձնաժողովը տեղեկացրեց. զորակոչիկն ունի 3 մմ-ից փոքր ճողվածք, 4 մմ և ավելի լինելու դեպքում նոր կարելի էր մտածել տարկետման մասին: Հանձնաժողովի նախագահն իր պարզաբանմամբ փորձեց փարատել ծնողի մտահոգությունը:

-Ձեր որդին ենթակա է զորակոչման: Բժշկական հանձնաժողովի որոշումն իրավաչափ է: Բանակ զորակոչվում են ոչ միայն կատարելապես առողջ տղաները, այլ նաև առողջական որոշակի խնդիրներ ունեցողները: Կարևոր է, թե այդ խնդիրներն արտահայտվածության ինչ աստիճանի են: Տվյալ դեպքում գործ ունենք սահմանափակումով ծառայության պիտանի զորակոչիկի հետ: Ամենակարևորը, ոչ մեկը իրավունք չունի բանակում ծանրաբեռնելու նրան, վտանգելու առողջությունը:

Գեղամ Դոլուխանյանը գոհ մնաց հանձնաժողովի պարզաբանումներից: Միայն նշեց, որ հետամուտ է լինելու զորամասում սահմանափակումով ծառայության մասին որոշման լիարժեք կատարման ընթացքին:

Հաջորդ երկու դիմումների կապակցությամբ հանձնաժողովը որոշեց միջնորդել հանրապետության  զինկոմին՝ լրացուցիչ հետազոտություններ անցկացնելու:

Հարություն Կեցոյանը պնդում էր, որ իր որդին 2015թ. լուրջ վիրահատություն է տարել, և որ պոչուկը հիմա էլ ցավում է, քանի որ պարբերաբար բորբոքային վիճակ է առաջանում: Բացի այդ, դեղերից ալերգիա ունի, հնարավոր չէ լիարժեք բուժում իրականացնել: Ձմռանը ոտքերը ուռչում են, կարմրում, ճաքճքում: Վիրաբույժն էլ կրկնակի վիրահատության կարիք է տեսնում:

ԳԼԽԱՎՈՐԸ՝ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎԱՉԱՓ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈւսումնասիրելով 2013թ.-ից առկա բժշկական փաստաթղթերը՝ հանձնաժողովը եզրակացրեց, որ վերը նշված կետերով տվյալ զորակոչիկի առողջական վիճակը հիմնականում բավարար է զորակոչվելու համար, անհանգստացնող է միայն պոչուկի հարցը: Թեև պոչուկի հատվածի արտաքին զննումը լուրջ շեղումներ ի հայտ չբերեց, այնուամենայնիվ հանձնաժողովի նախագահը որոշեց միջնորդել զինկոմին` քննության առնելու զորակոչիկի կրկնակի վիրահատության հնարավորությունը, քանի որ հետազոտական ակտի նկարագրական մասում քաղաքացիական բուժհաստատության բժշկի եզրակացությունը հստակ էր՝ վիրահատությունն անհրաժեշտ է:

Զորակոչիկ Սարգիս Մուրադյանի արտաքին տեսքն արդեն իսկ փաստում էր, որ նա որոշակի առողջական խնդիր ունի՝ մի տեսակ գունատ էր, հյուծված: Տղայի առողջական խնդիրները ներկայացրեց մայրը՝ մի աչքը չի տեսնում, ճնշում, գլխացավեր ունի, ամիսը երկուսից վեց անգամ ուշագնաց է լինում: Բժշկի նախնական զննումը հաստատեց զորակոչիկի տեսողական խնդիրները: Սակայն չկային ուշագնաց լինելու վերաբերյալ արձանագրված փաստաթղթային հիմնավորումներ: Հանձնաժողովը որոշեց զորակոչիկին ուղարկել լրացուցիչ հետազոտության:

Առաջին օրը հանձնաժողովի անդամները քննարկեցին 25 դիմում-բողոք, որի մեծ մասը առողջական խնդիրների վերաբերյալ էր: Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո էր միայն կայացվում համապատասխան որոշում: Հատկապես կարևոր էր այն հանգամանքը, որ բոլոր դիմումներն ու բողոքները քննարկվում էին դիմումատուի և զորակոչիկի մասնակցությամբ: Նրանց հնարավորինս մատչելի պարզաբանվում էր որոշման իրավական հիմնավորումը, որպեսզի բոլորն էլ վստահ լինեն՝ իրենց իրավունքներն ու շահերը չեն ոտնահարվում:

Հանձնաժողովի աշխատանքները կտևեն մինչև հուլիսի 27-ը: Այդ ընթացքում հիմնավորված, իրավաչափ դիմումներին Գեղամ Հարությունյանը խոստանում է տալ համապատասխան ընթացք՝ անցանկալի երևույթներից խուսափելու համար: Համեմատության համար նշենք, որ նախորդ զորակոչի ժամանակ 181 դիմումից 106-ի համար հանձնաժողովը համապատասխան միջնորդություն էր ներկայացրել հանրապետության զինկոմին:

Արսեն ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #23 (1143) 22.06.2016 - 28.06.2016, Բանակ և հասարակություն, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


22/06/2016