Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿՐԱԿԻ ՄԻՋՈՎ
ԿՐԱԿԻ ՄԻՋՈՎ

ԿՐԱԿԻ ՄԻՋՈՎ-Ծանոթանանք:

-Շարքային Սերգեյ Սահակյան:

-Քանի՞ ամսվա ծառայող ես:

-Տասնչորս:

-Մասնագիտացո՞ւմդ:

-Բուժկետի վարորդն եմ:

-Երբվանի՞ց ես մեքենա վարում:

-9-ը տարեկան էի: Հայրս առաջին անգամ մեքենայի ղեկը ինձ վստահեց: Այդ օրվանից էլ վարում եմ ու շատ եմ սիրում վարորդի գործը:

-Ապրիլյան պատերազմի ժամանակ քանի՞ կիլոմետր հաղթահարեցիր:

-Չեմ հաշվել: Մեքենայի արագությունն եմ մտապահել` հարյուր տասը կիլոմետր…

-Հարյուր տա՞սը…

-Պաշտպանական շրջանի հրամանատարական կետում էի: Այդտեղից հասնում էի մարտադաշտի այս կամ այն հատված, տեղափոխում վիրավորներին… Փորձում էի չնկատել, որ կրակում են…

-Ստացվո՞ւմ էր:

-Եթե կռվել է պետք, կռվում ես…

-Քանի՞ զինծառայողի ես տարհանել:

-Քսանմեկ. պատերազմի ամենածանր պահն էր: Երբ սպասումը ձգվում էր, մտնում էի մարտադաշտ` վիրավորներին կամ զոհերին դուրս բերելու…

ԿՐԱԿԻ ՄԻՋՈՎ-Չէի՞ր վախենում:

-Վախենում էի: Բայց ոչ թե թափվող կրակից: Վախենում էի՝ տղաներին խփված տեսնելուց: Վախենում էի, որ առավոտյան ինքս ինձ չեմ ճանաչի…

-Փոխվեցի՞ր:

-Պատերազմի ժամանակ ես փոքր էի, իսկ հիմա մեծացել եմ… Ոնց է շերեփուկը գորտ դառնում, այ, այդպես…

-Ի՞նչ է պատերազմը:

-Երբ մարդն ինքն իրեն տանուլ է տալիս…

-Իսկ ի՞նչ է խաղաղությունը:

-Լավը դառնալու հնարավորություն:

-Պարգեւատրվել ես «Արիության համար» մեդալով…

-Զինվորը անշահախնդրորեն է կռվում: Բայց, ինչ խոսք, գնահատված լինելը ոգեւորում է:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ