Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՆԻՍԻ 15-Ը ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԻ ՕՐՆ Է



Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցում իր պատվավոր տեղն ունի Պետական խորհրդանիշների օրը, այսինքն՝ մեր դրոշի տոնը, մեր զինանշանի տոնը, մեր օրհներգի տոնը։ Ես չգիտեմ՝ քանի հայ հունիսի 15-ին արթնացավ տոնական տրամադրությամբ, Հայաստանի Հանրապետության քանի քաղաքացի հասկացավ տոնի խորհուրդը եւ մտորեց անկախ պետականություն ու ինքնիշխան երկիր ունենալու բախտավորության մասին։ Նաեւ այն պարտականության, որ ունենք յուրաքանչյուրս այն քաջերի, նվիրյալների, հերոսների առջեւ, որոնք իրենց անձնվեր պայքարով, իրենց արյամբ ու կյանքով սնեցին հայոց սերունդների ըմբոստության, արժանապատվության, ազատասիրության խարույկը, որ չմեռնի անկախության տենչը։ Որ ապրի անկախ ու մեծ Հայաստանի տեսլականը։ Որ դարերի ամենակործան խորշակը մոռացության չտա մեր երբեմնի փառքի, ուժի ու խիզախության ապրեցնող հուշը։

Պետական խորհրդանիշները մեր ազգային պատվի խորհրդանիշն են, մեր զրկանքների, մեր հերոսության, մեր խիզախումի ու մեր հաղթանակի հավաստագիրը։ Տարիներ առաջ եվրոպական երկրներից մեկում աղետ էր եղել, երկրում սուգ էր, ու սեւ ժապավեններով սգակիր դրոշները խոնարհված էին։ Այդ օրը առաջին անգամ ես մտածեցի պետական դրոշի խորհրդի մասին։ Դրոշը մենք ենք, դրոշը մեր դեմքն է, մեր անունը, մեր արժանապատվությունը, մեր խիղճը։ Դրոշը մեր հավաքականությունն է՝ մեզ բոլորիս իրար կապող, մեզ նույնացնող։ Դրոշը աշխարհին պարզած մեր ինքնությունն է, մեր անկախ գոյության վավերագիրը, ուժեղ ու ինքնիշխան լինելու մեր կամքն ու վճռականությունը։

Մենք ունեցել ենք դրոշ նույնիսկ հազարամյակներ առաջ։ Հայոց նախարարական տները իրենց դրոշներն էին պարզում՝ որպես ուժի ու ռազմասիրության, որպես բարեկեցության ու անպարտելիության խորհրդանիշ։ Հայոց նախարարական տները այդ դրոշները հանում էին միմյանց դեմ։ Ու երբ դրոշներից մեկը խոնարհվում էր, մյուսի հաղթանակը երկար չէր տեւում, որովհետեւ դա հաղթանակ չէր։ Որովհետեւ՝ «ինքն իր մեջ բաժանված թագավորությունը դատապարտված է կործանման» ու կործանվեց։ Որովհետեւ մեզ մեկ դրոշ էր պետք՝ իբրեւ հավաստիքն այն իրողության, որ մենք մեկ ենք, մենք իրար հետ ենք, ոչ թե իրար դեմ։ Որ մենք մի պետություն ունենք, մի հայրենիք, մի հավատք։ Երբ հերթով մեկը մյուսի հետեւից ընկան մեր դրոշները, երբ օտարի դրոշը՝ որպես նախատինք, որպես արգահատանք ծածանվեց մեր հողի ու մեր երկրի վրա՝ փաստելով մեր պարտությունն ու օտարի հաղթանակը, մեր խեղճությունն ու օտարի ուժը, մեր անպատվությունն ու օտարի պատիվը, մեր սխալներն ու օտարի իրավունքը, մենք միացանք իրար՝ անդրոշ, անղեկ, անապագա, բայց՝ միացանք հայրենիքի հանդեպ մեր անսահման սիրո խարույկի շուրջ։ Նշխար-նշխար հավաքեցինք մեր քաջության, մեր ազգային արժանապատվության, մեր ազգասիրության ու կամքի ցիրուցան մասունքները։ Մենք հիշեցինք, լավ հիշեցինք, որ հայ ենք՝ անկախ ծագումից, քաղաքական կողմնորոշումներից, նյութական ու մտավոր ներուժից։ Ու մեն մի հատիկ դրոշ երազեցինք մեր հպատակ ու անտեր երկրի համար։ Մեն մի հատիկ դրոշ, որ բոլորինս էր լինելու, որ չէր հարցնելու հարուստ ու աղքատ, խելացի ու անխելք, ազնվական ու ռամիկ, նախարար ու շինական։ Հայինն էր լինելու՝ ազատ, ինքնիշխան հայ ժողովրդինն ու նրա անկախ Հայաստան երկրինը։ Երազեցինք մեն մի հատիկ դրոշ, երազեցինք 600 տարի, երազեցինք սերնդեսերունդ՝ պատրաստ վճարելու ցանկացած գին, պատրաստ ցանկացած զոհողության։ Մեն մի հատիկ դրոշ, որ կքշեր օտարի դրոշը մեր երկրից։ Կվաներ, որ նա իր բարձունքից չծաղրեր մեր խեղճությունը, հպարտ ու ամբարտավան չփողփողար իբրեւ մեր գլխին կախված սուր, իբրեւ մեր ուսերին իջած բռունցք։ Մեն մի հատիկ դրոշ, որ մեզ դարձներ իր հպարտության բաժնեկիցն ու ներբողեր մեր հաղթանակի հրճվանքը։

Մենք ունեցանք դրոշ, մենք՝ անժլատ ու շռայլ, մեր արյունը քամեցինք մեր դրոշի վրա։ Կարմիր ներկեցինք։ Մենք ծովից ծով Հայաստանի, մեր սիրելի, մեր թանկ կորուստների ցավի, մեր բաղձանքի տեսիլքով ներկեցինք մեր դրոշը։ Կապույտ ներկեցինք։ Մենք մեր ազգային ինքնության, մեր կերպի, մեր տեսակի գույնով օծեցինք մեր դրոշը։ Ծիրանագույն ներկեցինք։ Մեր Արյունը, մեր Երազը, մեր Տեսակը՝ մենք՝ մեր կենսագրությունը. կարմիր, կապույտ, ծիրանագույն դրոշի կերպարանքով վերածնված։

Եռագույնը մեզ հետ էր Ազատության հրապարակում երկինքն ակոսող խորհրդային ինքնաթիռների ու մեր հավաքական ըմբոստությանն ուղղված զրահամեքենաների դեմ։ Եռագույնը մեզ հետ էր, երբ ազատագրում էինք մեր բռնադատված հայրենիքի մի փոքրիկ հատվածը՝ Արցախը։ Եռագույնը մեզ հետ էր, երբ հերթական գյուղը մաքրում էինք օտար շնչից։ Եռագույնը մեզ հետ էր, երբ զոհվում էինք, երբ մենք՝ անուժ ու գետնատարած, դրոշը գետնին չէինք գցում, երբ մեր փակվող աչքերի մեջ մարում էր եռագույնի ըմբոստ փողփողանքը։ Եռագույնը մեզ հետ էր, երբ հող ազատագրած ռազմիկին հանձնում էինք հողին՝ պատիվներով ու փառքով, մենք եռագույնն էինք խոնարհում նրա վրա՝ իբրեւ ամենամեծ պատիվ։ Մենք եռագույնով էինք Հերոս օծում նրան։

Մեր երիտասարդ սերունդը աչքը բացել, տեսել է եռագույնը։ Եռագույնը նրա համար նույնքան բնական է ու օրինաչափ, որքան սեփական ազատ, անկախ երկրում ապրելը։ Պետականության, դրոշի կորուստը նրա համար հեռավոր, անիրական անցյալ է, պատմության դասագրքերին պահ տված տխուր հիշողություն։ Եռագույնը նրա կենցաղի անբաժան մասն է՝ հաստատուն, անհերքելի, անվտանգ։ Եվ գուցե լավ է, որ եռագույնը տեսնելիս նրա հոգում ոչ մի թրթիռ չի առաջանում, չի մտածում, որ եռագույնը կարող էր եւ չլինել։ Գուցե լավ է, որ մենք, ի տարբերություն եվրոպացիների, մեր օրհներգը լսելիս ձեռքը չենք դնում սրտին։ Առանց ձեռքը դնելու էլ մենք շատ խորն ենք զգում, մենք շատ լավ գիտենք, թե որտեղ են ծնվում երախտիքի, փառքի ու օրհնության հնչյունները։ Մենք շատ լավ գիտենք, թե ում եւ ինչ ենք օրհնում։ Մենք օրհներգում ենք մեր պատմությունը, որ մեզ աշխարհին բացճակատ նայելու իրավունք է տալիս, ի տարբերություն ցեղասպանություն ու նախճիր գործած ազգերի, որոնք իրենց ազգի պատմությունը ժառանգելու հետ, ժառանգել են նաեւ հանցագործ նախնիների մեղքը՝ աշխարհի ու սերունդների առջեւ։

Մենք օրհներգում ենք մեր նախնիներին՝ նրանց տաղանդը, նրանց ստեղծած մշակույթը, որ մեզ համաշխարհային քաղաքակրթության մասնիկը լինելու իրավունք է շնորհում, թույլ է տալիս վաստակել աշխարհի հարգանքն ու երախտագիտությունը։ Մենք օրհներգում ենք մեր խիզախ զորականներին, մեր ռազմական սխրանքները, մեր զենքի ուժն ու հաղթանակը։

Մենք օրհներգում ենք մեր երկհազարամյա հավատքը, հանուն հավատքի մարտիրոսվածներին, մեր Քրիստոսապատգամ վարքն ու ազգային նկարագիրը։ Մենք օրհներգում ենք մեր այսօրն ու ապագան, մեր անկախությունն ու ինքնիշխան երկիրը։ Մենք՝ մեծից փոքր, բանվորից մինչեւ նախագահ ոտքի ենք կանգնում մեր օրհներգի առաջ, դրոշը համբուրում ենք ծնկած ու խորին խոնարհումով։ Ու փառք ենք տալիս Աստծուն, որ սեփական դրոշի առաջ ենք ծնկում ու սեփական երկրի հիմնն ենք պատվում հոտնկայս։

Հունիսի 15-ին մեր երկրում տոն էր։ Թերեւս ամենավեհացնող, ամենագեղեցիկ, ամենապարտավորեցնող տոներից մեկը։ Հունիսի 15-ը առիթ էր հիշելու, հարց տալու ինքներս մեզ, թե ինչպե՞ս ենք ապրում այսօր, արժանի՞ ենք նախնյաց փառքին, որով այնքան սիրում ենք հպարտանալ։ Համաշխարհային քաղաքակրթության մեջ այնքան զորեղ ու առաջատա՞ր ենք այսօր, որքան նախկինում էինք, դասեր քաղե՞լ ենք պատմությունից։ Մեր զինանշանի վրա հայոց նախարարական տների խորհրդանիշներն են՝ միասին, համատեղված, դարձած մի ամբողջություն. այսօր նույնքան միասին, միակամ ու ամբողջակա՞ն ենք արտաքին մարտահրավերների ու մեզ ներսից քայքայող արատների դեմ։ Հիշո՞ւմ ենք, որ բոլորս՝ աշխարհի բոլոր հայերը մի հայրենիք ունենք՝ Հայաստանի Հանրապետությունը։ Մի տուն ունենք ու մի դրոշ՝ մեր տան ճակատին, մի զինանշան ունենք ու մի օրհներգ։ Եւ որ այս մեծ աշխարհի թոհուբոհում մեր սերն առ հայրենիք ու մեր անխախտ միասնությունն են երաշխավորելու մեր հայրենիքի վաղվա օրն ու մեր ժողովրդի անկախ ապրելու իրավունքը։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #23 (888) 15.06.2011 – 22.06.2011, Բանակ և հասարակություն


22/06/2011