Հայերեն | На русском | In English
Թերթի նախորդ համարում տեղեկացրել ենք` «Օդային տագնապ», «Օդային տագնապի ավարտ», «Ուշադրություն բոլորին» ազդարարման ազդանշանների մասին: Շարունակելով թեման՝ ներկայացնում ենք այդ ազդանշանները լսելուց հետո վարքականոնները:
ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ
Դադարեցնել բոլոր տեսակի աշխատանքները, անջատել արտադրական և տեխնոլոգիական բոլոր սարքավորումները, գազամատակարարումն ու էլեկտրասնուցումը, իջեցնել սարքավորումներում օդի, գազի, ջրի, թթվածնի և այլ նյութերի բարձր ճնշումը, որից հետո` պատսպարվել թաքստոցում: Արտադրության և այլ տեխնոլոգիական գործընթացների պայմաններով սահմանված աշխատանքների դադարեցման անհնարինության դեպքում տեխնոլոգիական գծերը, վառարանները, տուրբինները բերել անվտանգ աշխատակարգի և պատսպարվել թաքստոցում:
Մինչ բնակարանը լքելը՝ անջատել գազամատակարարումն ու էլեկտրասնուցումը, փակել ջրի ծորակները, հագնվել, հագցնել երեխաներին ու ծերերին, վերցնել առաջին անհրաժեշտության դեղամիջոցներն ու անձը հաստատող փաստաթղթերը, անհրաժեշտ իրերն ու որոշակի քանակությամբ սննդամթերք և ջուր, արագ, առանց խուճապի պատսպարվել նախատեսված թաքստոցում: Հնարավորության դեպքում տեղեկացնել հարևաններին:
Արագ` առանց խուճապի, որոշել մոտակա թաքստոցի տեղը և պատսպարվել այնտեղ: Մոտակայքում թաքստոցների բացակայության դեպքում պատսպարվել ճանապարհամերձ առվակների, հեղեղատարների համար նախատեսված կառույցներում, տարբեր տեսակի փոսորակներում, թմբապատնեշների և ոչ բարձր պատնեշների (պատերի) ետևում:
Չլքել տրանսպորտային միջոցը ընթացքի ժամանակ և չխոչընդոտել վարորդի գործողությունները: Տրանսպորտային միջոցը կանգնելուց հետո արագ, բայց առանց խուճապի, դուրս գալ փողոց և պատսպարվել մոտակա թաքստոցում:
Ուշադիր և հանգիստ լսել համապատասխան հրահանգը (հաղորդագրությունը) մոտակա թաքստոցների տեղակայման և դրանց հասնելու կարճ ուղու մասին, արագ` առանց խուճապի, շարժվել նշված երթուղով և պատսպարվել թաքստոցում: Համապատասխան հրահանգ (հաղորդագրություն) չլինելու դեպքում դուրս գալ փողոց և պատսպարվել մոտակա թաքստոցում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՆ
Ազդանշանը լսելուց հետո հարկ է միացնել ռադիոն, հեռուստացույցը` հատուկ հաղորդագրություններ լսելու համար, հետևել պաշտոնական հաղորդագրություններին եւ գործել համաձայն հաղորդվող հրահանգների:
Համաձայն ազդանշանի՝ անհրաժեշտ է ձեռքի տակ եղած միջոցներով փակել շնչուղիները, վերցնել առաջին անհրաժեշտության դեղամիջոցներն ու անձը հաստատող փաստաթղթերը, անհրաժեշտ իրերն ու որոշակի քանակությամբ սննդամթերք, ջուր և արագ պատսպարվել թաքստոցում: Դրանց բացակայության դեպքում ճառագայթաակտիվ աղտոտվածությունից պաշտպանվելու համար՝ որպես թաքստոց, կարող են ծառայել նաև փակ շինությունները: Տանը կամ աշխատավայրում մնացած անձինք, ովքեր չեն հասցրել պատսպարվել թաքստոցում, պետք է ժամանակ չկորցնելով, իրականացնեն տարածքի հերմետիկացման աշխատանքներ՝ ծածկեն դռներն ու պատուհանները և փակեն առկա ճեղքերը՝ օգտագործելով ձեռքի տակ եղած միջոցները: Բարձրահարկ շենքերում գտնվելիս անհրաժեշտ է շտապ լքել վերին հարկերը և տեղ զբաղեցնել նկուղային տարածքներում կամ դրանց բացակայության դեպքում՝ շենքի առաջին հարկերում:
Քիմիական վարակման օջախում գտնվելիս անհրաժեշտ է ձեռքի տակ եղած միջոցներով պաշտպանել շնչուղիներն ու մաշկը և արագ դուրս գալ տարածքից, շարժվելով քամուն ուղղահայաց՝ աջ կամ ձախ: Եթե մոտակայքում թաքստոցները բացակայում են, ապա վտանգավոր նյութերի ազդեցությունից կարելի է պաշտպանվել բնակելի և արտադրական տարածքներում:
Անհրաժեշտ է վերցնել առաջին անհրաժեշտության դեղամիջոցներն ու անձը հաստատող փաստաթղթերը, անհրաժեշտ իրերն ու որոշակի քանակությամբ սննդամթերք և ջուր, անջատել գազամատակակարումն ու էլեկտրասնուցումը, փակել ջրի ծորակները և հետևել դեպի բարձրադիր անվտանգ տարածք:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՆ, ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊԻ ԱՎԱՐՏ
Քաղաքացիական պաշտպանության պատասխանատուների թույլտվությամբ, դուրս գալ թաքստոցներից և անցնել առօրյա գործունեության:
Հիշե՛ք
Ռմբակոծության ժամանակ անհրաժեշտ է բերանը բաց պահել:
Հ.Գ. Հրապարակումը պատրաստվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության մասնագետների օգնությամբ: