Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆԱՀԶՈՐԸ՝ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻՑ ՀԵՏՈ



♦ Քայլ՝ ուղղված հայոց բանակի եւ պետականության հզորացմանը:
♦ Մեկ համազարկը հողին է հավասարեցնում 67հա տարածք:
♦ Փորձագետ. «Հայերը բանակ ունեն, իսկ Ադրբեջանը՝ միայն զինված ուժեր»:

«ՍՄԵՐՉ»՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆԱՆՈՑՈՒՄ

Անցյալ շաբաթ հայկական լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, ըստ որի` Հայաստանն արդեն ունի համազարկային կրակի «Սմերչ» ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ): Լուրն անմիջապես տարածվեց նաեւ ադրբեջանական լրատվամիջոցներում. «aze.az» եւ «echo-az.com»-ը, իրենց տարակուսանքը հայտնելով, արտատպեցին տեղեկությունը:

Մինչ այդ «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության հատուկ հանձնարարությունների գծով տնօրեն Նիկոլայ Դիմիդյուկն ասել էր, որ մի քանի օր առաջ ռազմական արտադրանքի՝ Մինսկում կայացած «Milex-2011» ցուցահանդեսում Հայաստանի ներկայացուցիչները հետաքրքրվել են «Սմերչ» համակարգերով: Նրա խոսքով, ընկերությունն այդ հարցի շուրջ «հետաքրքիր բանակցություն է անցկացրել Հայաստանի եւ Ղազախստանի ներկայացուցիչների հետ»:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը հրաժարվել է Դիմիդյուկի ասածը մեկնաբանելուց, բայց նշել է, որ «ՀՀ զինված ուժերը մշտապես համալրվում են նոր զինատեսակներով ու ժամանակակից սպառազինությամբ»:

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով, համազարկային կրակի «հՎպՐփ (9Խ58)» ռեակտիվ համակարգ ձեռք բերելը հայկական զինված ուժերի եւ հայոց պետականության հզորացմանն ուղղված կարեւոր քայլ է: Համոզվելու համար պետք է հասկանալ, թե ի՞նչ է «Սմերչ» հեռահար ՀԿՌՀ-ն:

Ի՞ՆՉ Է «ՍՄԵՐՉԸ»

Այս զինատեսակը նախատեսված է հեռվում գտնվող ցանկացած խմբակային թիրախների, այդ թվում՝ հակառակորդի բաց եւ ծածկված կենդանի ուժի, զրահապատ տեխնիկայի, հրետանու, մարտավարական հրթիռների, զենիթային համալիրների, կայանատեղիում գտնվող ուղղաթիռների, հրամանատարական կետերի, կապի հանգույցների, օդանավակայանների, ռազմարդյունաբերական օբյեկտների ոչնչացման համար:

«Սմերչի» հրթիռի տրամաչափը 300մմ է, զանգվածը՝ 800-815կգ, նվազագույն հեռահարությունը՝ 20կմ, միջինը՝ 70կմ, առավելագույնը՝ 90կմ (կախված է հրթիռի տեսակից), փողերի քանակը՝ 12, համազարկի տեւողությունը՝ 38 վրկ, լիցքավորման ժամանակը՝ 20-36ր, ռազմերթային վիճակից մարտական վիճակի բերելու ժամանակը՝ ընդամենը 3ր, համազարկից հետո կրակային դիրքից հեռանալու ժամանակը՝ 1 րոպե (ինչը գործնականում անխոցելի է դարձնում այս զինատեսակը), կայանքի զանգվածը՝ 43տ, հաշվարկը՝ 3 մարդ, կիրառելի է ծովի մակերեւույթից մինչը 3000մ բարձրության վրա: «Սմերչի» հրթիռներն ունեն թռիչքի հետագծի ավտոմատ ճշգրտման համակարգ (որի գլխավոր տարրը հիրոսկոպն է՝ սարք, որը որոշում է հրթիռի առանցքի շեղումը տվյալ ուղղությունից), ինչը մեծացնում է խոցման դիպուկությունը (ճշգրտությունը). վերջինս կազմում է հեռահարության 0.21%-ը կամ 40մ՝ 20կմ-ի դեպքում, 150մ՝ 70կմ դեպքում: Մեկ կայանքի գինը 12մլն դոլար է:

Մեկ համազարկը ոչնչացնում է 67 հա (670000 քառ.մ) մակերեսով տարածքի վրա եղած ամեն ինչ: «Սմերչի» 6 կայանքների համազարկով կարելի է ոչնչացնել մեկ դիվիզիա: 3 կայանքների համազարկի հզորությունը իր արդյունավետությամբ հավասար է «(9Խ79) ՁՏփՍՈ-ձ» հրթիռային համալիրի երկու բրիգադի հզորությանը: «Սմերչ» ՀԿՌՀ-ն համարվում է միջուկային ռումբից հետո ամենահզոր զինատեսակը, որի համարժեքն Արեւմուտքում չկա: Ամերիկյան «MLRS» ՀԿՌՀ-ի հեռահարությունը 30-45կմ է, իսկ խոցման ճշգրտությամբ այն «Սմերչին» զիջում է 2-3 անգամ: Հատկանշական է, որ «MLRS»-ը ստեղծելուց հետո ամերիկացիները եկել էին այն եզրակացության, որ ՀԿՌՀ-ների առավելագույն հեռահարությունը 30-40կմ է, քանի որ ավելի մեծ հեռահարություն ապահովելու դեպքում կտրուկ նվազում է դիպուկությունը: Իսկ ահա ռուսներին, փաստորեն, հաջողվել է լուծել այդ խնդիրը, ինչի ապացույցը «Սմերչն» է:

««Սմերչը» հարձակողական հզոր միջոց է, աշխարհում շատ քիչ են 250-300 մմ-ոց նման ՀԿՌՀ-ները,- ասում է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:- Հաշվի առնելով հակառակորդի սպառազինման մակարդակը եւ սպառազինությունների զարգացման համաշխարհային միտումները` մեզ համար կարեւոր են մեծ ՀԿՌՀ-ների` որպես հարձակման հզոր եւ ճկուն միջոցների կատարելագործման ոլորտի զարգացումները: Բանն այն է, որ նման համալիրները նախկինում չունեին մեծ դիպուկություն, եւ այդ պատճառով շատ երկրներ հրաժարվում են դրանց լայն կիրառությունից: Սա վերաբերում է նախեւառաջ փոքր տրամաչափի ՀԿՌՀ-ներին, որոնք արկերի` մեծ տարածության վրա ցրվելու եւ մարտական մասերի փոքր լինելու պատճառով այնքան էլ արդյունավետ չեն, հատկապես լեռնային տեղանքում, որտեղ կրակի դիպուկությունը առավել կարեւոր է: Ի դեպ, հենց այս պատճառով անիմաստ է Ադրբեջանի կողմից այդքան գովազդվող 107 եւ 122 մմ-ոց հրթիռների եւ դրանց համալիրների արտադրությունը, որը ներկայացվում է որպես տեխնիկական մի հրաշք: Շատ պետությունների, այդ թվում Իսրայելի եւ ԱՄՆ-ի սպառազինության մեջ չկան փոքր եւ միջին տրամաչափի ՀԿՌՀ-ներ»:

Ա.Հովհաննիսյանի խոսքով, վերջերս հրթիռային տեխնոլոգիաների եւ միկրոէլեկտրոնիկայի զարգացումը թույլ տվեց մեծ համալիրները կատարելագործել այն աստիճանի, որ դրանց հրթիռները չափսերի մի փոքր մեծացումից հետո վերածվում են գրեթե մարտավարականի (հիշեցնենք, որ մարտավարական հրթիռները նախատեսված են ռազմական գործողությունների գոտում գտնվող թիրախների խոցման համար եւ, որպես կանոն, ունեն փոքր հեռահարություն):

ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ Է

«Նման համակարգեր ձեռք բերելը կարեւոր է նաեւ հակառակորդի մշտապես հնչեցվող սպառնալիքներին հակազդելու տեսանկյունից,- ասում է ռազմական փորձագետը:- Մենք միշտ առաջնահերթ ուշադրություն ենք դարձրել մեր պաշտպանությանը, եւ հակառակորդը թյուր կարծիք է ձեւավորել իր ռազմական հնարավորությունների մասին: Մինչդեռ մեր հարձակողական ներուժի աստիճանական մեծացումը սաստել է ու կսաստի բազմաթիվ տաք գլուխների: Դժվար չէ կռահել, թե նման հրթիռների հասանելիության գոտում ինչ նշանակետեր կարող են հայտնվել»:

Հաշվի առնելով, որ ըստ բաց աղբյուրների՝ Ադրբեջանն ունի «Սմերչ» ՀԿՌՀ-ի 12 կայանք, Հայաստանի՝ այդ կայանքներից ձեռք բերելը կարեւոր է տարածաշրջանում ուժերի հավասարակշռություն ապահովելու տեսանկյունից: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով, այժմ պատերազմի հավանականությունն էապես կնվազի: Նրա խոսքով, Հայաստանն ունի ոչ միայն «Սմերչ», այլեւ այլ հրթիռներ, որոնց հեռահարությունը (մինչեւ 300կմ) թույլ է տալիս խոցել թշնամու եւ՛ նավթարդյունաբերության օբյեկտները, եւ՛ մայրաքաղաքում գտնվող թիրախները: Հայկական կողմն ունի հրթիռային այլ համակարգեր եւս, ինչը եզրակացնել է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմն Ադրբեջանի համար առնվազն «ցավոտ» կլինի: «Ադրբեջանի համար պատերազմի մեծ գինը նվազեցնում է դրա հավանականությունը»,- իրավամբ կարծում է Ս.Մինասյանը:

Իհարկե, խաղաղության գլխավոր երաշխավորը հայոց բանակի բարձր մարտունակությունն է: ՌԴ քաղաքական հետազոտությունների ինստիտուտի միջազգային հարցերով փոխտնօրեն Մաքսիմ Յուսինը «Վզգլյադ» պարբերականում հրապարակված հոդվածում գրում է.

«Դժվար է հավատալ, որ ադրբեջանցի զինվորը «կարդարացնի ժողովրդի, երկրի ղեկավարության եւ գերագույն գլխավոր հրամանատարի հույսերը», ինչը խոստանում է Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ պարոն Սաբիրօղլուն: Պատերազմում ամեն ինչ զինուժի քանակով չի որոշվում: Հայերի մարտական ոգու զորությանն ու նրանց կարգապահությանը ես ականատես եմ եղել 1992թ. Ղարաբաղում: Ես տեսել եմ նաեւ ադրբեջանցի զինվորներին. համեմատությունն ակնհայտորեն նրանց օգտին չէ: Իհարկե, այն ժամանակներից շատ ջրեր են հոսել: Ադրբեջանը վերակազմավորել եւ վերազինել է բանակը՝ նավթադոլարները թույլ են տալիս անել դա: Սակայն մարտական ոգին, կարգապահությունը, ռազմարվեստը գնել հնարավոր չէ: «Հայկական ստորաբաժանումները մարտական պատրաստականությամբ մի քանի անգամ գերազանցում են մրցակցին: Գաղտնիք չէ, որ հայերն ունեն բանակ, իսկ Ադրբեջանը՝ միայն զինված ուժեր»,- ԱՄՆ արտաքին քաղաքական խորհրդի փորձագետ Ուեյն Մերիի կարծիքն է»:

«Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, եւ մյուս պետությունները չմիջամտեն, ապա դարձյալ կպարտվի: Իսկ այլ պետությունների չմիջամտելու մասին հոգ կտանի Ռուսաստանը»,- գրում է Մ.Յուսինը: Հիշեցնենք՝ վերջերս ՌԴ ԶՈՒ ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Անդրեյ Տրետյակը հասկացնել էր տվել, որ Հայաստանի դեմ պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը կկատարի Հայաստանին տված խոստումը եւ կմիջամտի:

Մ.Յուսինը եզրակացնում է. «Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ադրբեջանական ղեկավարության համար կլինի չարդարացված ռիսկային քայլ: Իլհամ Ալիեւը չի կարող չհասկանալ, որ ռազմական գործողությունները չեն սահմանափակվի «բռնազավթած շրջաններով»: Ռազմական գործողությունները կտարածվեն ամբողջ երկրում: Սպառնալիքի տակ կհայտնվեն նավթային հանքավայրերն ու տարանցիկ խողովակաշարերը: Պատերազմը երկար ժամանակով կվախեցնի ներդրողներին: Տնտեսական բումի մասին կարելի կլինի մոռանալ: Այդուամենայնիվ, փաստ չէ, որ նույնիսկ այդ ամենի գնով հնարավոր կլինի վերադարձնել Ղարաբաղը»:

«Կովկաս» վերլուծական ինստիտուտի փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանն իրավամբ նկատում է, որ աշխարհի բոլոր երկրները, բացի Ադրբեջանից, հասկանում են, որ Ադրբեջանն ընդմիշտ կորցրել է Լեռնային Ղարաբաղը: Իսկ Ադրբեջանին դա տեսնել եւ հասկանալ խանգարում է նավթը, որը «կեղտոտել է նրա աչքերը»:

Գուցե «Սմե՞րչը» մաքրի դրանք:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #23 (888) 15.06.2011 – 22.06.2011, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


22/06/2011