Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՎԵԼԻՆ Է, ՔԱՆ ՄԵՆՔ



Մեկ օր «ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ» ՄԱՐՏԱԿԱՆ ՋՈԿԱՏՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՎԵԼԻՆ Է, ՔԱՆ ՄԵՆՔԱպրիլյան դեպքերից մի քանի օր անց հերթական այցը կատարեցի առաջնագիծ, այս անգամ «ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ» ռազմահայրենասիրական ՀԿ-ի նախագահ, գնդապետ Խաչիկ Ասրյանի հրամանատարությամբ գործող «ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ» մարտական ջոկատի տեղակայման վայր` ԱՐԾՎԱՆԻՍՏ:

Ջոկատի վրանային ավանում ամեն առավոտ տողան է` ջոկատի հավաք. հաճախ էլ (ելնելով առաջնագծում առկա իրավիճակից)` «տագնապ» ազդանշանով, առանց հավաքի, ջոկատը կազմակերպված մեկնում է առաջնագիծ:

Նախքան հավաքը, քայլում եմ վրանային ավանով, ծանոթանում, զրուցում կամավորականների հետ, որոնց կազմում  երիտասարդներ են, միջին տարիքի տասնյակ կամավորականներ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ: Քիչ չեն նաև մտավորականները, Աֆղանստանում ծառայածները: Կան, որ եղբայրներով են՝  «Եղբայրս՝ դիրքերում, ես` թիկունքո՞ւմ»: Մեկն էլ՝ ազգությամբ քուրդ ՀՀ քաղաքացի: Նրա նվիրվածությունը, ինչպես վկայում են մարտական ընկերները, ոչնչով չի զիջում անկոտրում հային:  Այստեղ բոլորը հայրենիքի սահմանները պաշտպանելն իրենց սրբազան պարտքն են համարում:

Վրանային ավանում կարգուկանոն է, ամեն ինչ իր տեղում: Ամենուր երկաթյա կարգապահություն է: Ամեն մեկը հուզմունքով պատմում է իր ապրումների մասին, նկարագրում կամավորագրման պահը կամ թե՝ հրետակոծության, թշնամու հարվածող անօդաչու թռչող սարքի հայտնվելու ժամանակ ինչպե՞ս են իրականացնում պաշտպանական գործողությունները առաջնագծում: Բոլորը խանդավառված են:

«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ» ջոկատը՝ համաձայն հրամանի, շարվում է:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՎԵԼԻՆ Է, ՔԱՆ ՄԵՆՔ-Քաջարի՛ հայոց արծիվներ,- մարտիկներին է դիմում դաշտային հրամանատար, գնդապետ Ասրյանը,- սույն թվականի ապրիլի 4-ից առ այսօր մենք՝ որպես կամավորներ, Արցախի հարավարևելյան շրջանում ենք՝ զորամիավորման հրամանատարի հրամանատարության ներքո: Մենք մարտական խնդիրներ կատարելու համար ենք այստեղ: Ես շնորհակալ եմ բոլորիդ: Մեզ՝ բոլորիս մաղթում եմ անկոտրում կամք, անպարտելի ոգի: Իմացե՛ք, որ դուք եք իրական հերոսները: Թշնամին նույն՝ 90-ականներին մեր առջևից փախչողն է… Միշտ գիտակցեք, որ Հայաստանն ավելին է, քան մենք:

Կեցցե՛ անպարտելի Հայաստանն ու Արցախը:

Հրամանատարի այս խոսքերից հետո Արծվանիստը որոտաց կամավորականների ձայնից. «Հուռա՜, հուռա՜, հուռա~…»:

Այնուհետև զինվորականների տեղափոխման համար նախատեսված ավտոմեքենաներով կամավորականները մեկնեցին առաջնագիծ:

Ճանապարհի  մի կողմում Իրանի բարձրավանդակն է, առջևում` թշնամու դիրքերը:

Առաջնագծում ենք: Տեղի է ունենում կարճատեւ հավաք: Եվ սպառազեն կամավորական խմբերը մեկնում են տեղակայման վայր՝ յուրաքանչյուրն իր պաշտպանական բնագիծը:

Հիացմունքս ու զարմանքս մեծ են. ընդամենը հաշված օրերի ընթացքում, հենց թշնամու «քթի տակ», մի քանի կիլոմետր ընդհանուր երկարությամբ խելամիտ մշակված պաշտպանական նոր շրջան է կառուցվել, որն էլ արժանացել է  ՀՀ ԶՈՒ և ԼՂՀ ՊԲ բարձրաստիճան սպաների բարձր գնահատականին: Խրամուղիներն ու խրամաբջիջները հրաշալիորեն ծառայում են ամենաքիչ կորուստներով թշնամուն մեծ ու ծանր վնասներ հասցնելու նպատակին: Խրամուղու համակարգը լաբիրինթոս է հիշեցնում: Խրամաբջիջներում իրենց ծառայությունն են կազմակերպում մեր հերոս կամավորականները: Նշանառության տակ են հակառակորդի դիրքերը:

-Կեցցե՛ք, տղե՛րք- չեմ թաքցնում անկեղծ հիացմունքս:

Հրամանատարը հեռադիտակով զննում է տեղանքը, ցուցումներ տալիս յուրաքանչյուրին: Քայլում ենք խրամատներով, կանգնում խրամաբջիջների մոտ: Հազիվ եմ հասնում հրամանատարի ետևից…

Վաչե ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #16 (1136) 04.05.2016 - 10.05.2016, Ազգային բանակ


04/05/2016