Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՆՎԻՐՈՒՄՈՎ



Զինվորական ծառայությունը համարում եմ իմ կյանքի ամենակարեւոր շրջանը, որն անցնում եմ գիտակցաբար եւ պատվով։ Ինչպես ցանկացած գործի սկիզբ, ծառայությանս սկիզբն էլ փոքր-ինչ դժվար ստացվեց (նկատի ունեմ նոր միջավայրին հարմարվելու դժվարությունը)։ Ծառայությանս մեկ տարին անցել է, եւ այսօր ուզում եմ անկեղծորեն խոստովանել՝ ամենեւին էլ չեմ զղջում, որ արտերկրում հաստատվելու եւ ուսումս շարունակելու հնարավորություն ունենալով, գերադասեցի մնալ հայրենիքում եւ զորակոչվել բանակ։ Հավատացեք, այլ կերպ հնարավոր էլ չէր, քանի որ իմ երկիրն ու ժողովրդին շատ եմ սիրում եւ նրանց տալու սրբազան պարտք ունեմ, որն այսօր կատարում եմ մեծագույն նվիրումով ու սիրով։
2010թ. ինձ` որպես «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի իրավաբանության ֆակուլտետի գերազանցիկ ուսանողի, տարեվերջյան ուսումնական պրակտիկան Փարիզի քաղաքապետարանում անցկացնելու բացառիկ հնարավորություն ընձեռվեց։ Քաղաքապետարանում գործունեությանս հիմնական ոլորտը նույնականացման քարտերի ու թվային անձնագրերի տրամադրումն ու քաղաքացիական կացության ակտերի գրանցումն էր։ Մասնագիտական առումով անգնահատելի փորձ ձեռք բերեցի եւ պրակտիկայի ավարտին քաղաքապետարանից առաջարկություն եւ հրավեր ստացա Հայաստանում ուսումնառությունից հետո կրթությունս շարունակելու Ֆրանսիայի համալսարաններից մեկում։ Ի դեպ, ասեմ՝ բուհն ավարտեցի գերազանցության դիպլոմով, սակայն չշտապեցի մեկնել Ֆրանսիա, քանի որ հայրենիքին տալու պարտք ունեի: Զորակոչվեցի:
Այսօր հպարտությամբ եմ կրում հայ զինվորի համազգեստը։ Ծանոթներս ինձ հաճախ են հարցնում, թե ինչու զինվորական ծառայությունը գերադասեցի Ֆրանսիայում ուսանելուց եւ բարեկեցիկ կյանքով ապրելուց։ Ես էլ անկեղծ ասում եմ` ինձ համար (համոզված եմ՝ նաեւ շատ շատերի) առաջնայինը նախ հայրենիքի պաշտպանությանը մասնակցելն է, որից հետո ուսումն արտերկրում եւ բարեկեցիկ կյանքը կարող են հաճելի լրացում լինել։ Ինձ այդպես են դաստիարակել։
Ունենալով բարձրագույն կրթություն` հիմա ես ստացած գիտելիքներս փորձում եմ ծառայեցնել ի նպաստ հայրենիքի ու զինված ուժերի։ Ծառայությունից գոհ եմ, ունեմ լավ ընկերներ, ուսյալ ու խիստ հրամանատարներ, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի մեր ծառայությունը լինի անվտանգ։ Այսօրվա ե՛ւ զինվորը, ե՛ւ հրամանատարը ինձ լավատեսություն ու հավատ են ներշնչում մեր վաղվա օրվա հանդեպ։ Հպարտությամբ կարող եմ նշել, որ մեր զորամասում, որի հրամանատարը փոխգնդապետ Ա. Ցականյանն է, առաջնորդվում են «Հրամանատարը զինվորի ավագ ընկերն է» նշանաբանով։
Ծառայությանս ոչ մի օրը նման չէ մյուսին. ես և իմ ընկերները մեր նվիրված ծառայությամբ ամեն օր ամրապնդում ենք Արցախյան հերոսամարտում մեր ժողովրդի տարած փայլուն հաղթանակը։ Բնությամբ աշխույժ եմ, պրպտող, աշխատասեր, փորձում եմ լինել մեր զորամասում տեղի ունեցող բոլոր նշանակալի իրադարձությունների ակտիվ մասնակիցը։ Ի դեպ, իրավագիտությանը զուգահեռ, ես իմ հմտությունները փորձել եմ լրագրության մեջ, անցել եմ լրագրողական դասընթացներ։ Տասը տարեկան էի, երբ կայացավ իմ ծանոթությունը հեռուստատեսության հետ։ Հետաքրքիր մի աշխարհ, որ անմիջապես կլանեց ինձ։ Նախկին «Պրոմեթեւս» հեռուստաընկերության եթերում մեկ տարի վարել եմ «Այստեղ, այնտեղ եւ այլուր» մանկապատանեկան լրատվական ծրագիրը, որի գլխավոր խմբագիրը Նարինե Թուխիկյանն էր։ Աշխատել եմ Կոտայքի մարզի «Նարեկ» հեռուստաընկերությունում։ 2008թ. մայիսին ընդգրկվել եմ ՀՀ հանրային խորհրդի պետաիրավական հարցերով հանձնաժողովի կազմում, զբաղվել եմ քաղաքացիների ընդունելությամբ։ Ծառայությունից հետո կշարունակեմ ուսումս, եթե ստացվի` կմեկնեմ Ֆրանսիա։ Իսկ մինչ այդ՝ դեռ մեկ տարի էլ պետք է ծառայեմ։ Եւ ծառայեմ այնպես, որ իմ փոխարեն չամաչեն ծնողներս, ընկերներս։
Ծառայակից ընկերներիս, սահմանում կանգնած զինվորներին ու սպաներին մաղթում եմ առողջություն, ուժ ու եռանդ, իսկ նրանց վերադարձին սպասողներին էլ՝ համբերություն։ Թող արշալույսները հայոց աշխարհում միշտ խաղաղ բացվեն։
ՄՈՒԿՈՒՉ ՊԱՊՈՅԱՆ
շարքային

Խմբագրության կողմից – Հունիսի 9-ին լրանում է շարքային Մուկուչ Պապոյանի ծննդյան 22-ամյակը, ինչի կապակցությամբ ծառայակից ընկերները շնորհավորում են իրենց ընկերոջը, մաղթում քաջառողջություն, խաղաղ ծառայություն, բարի վերադարձ։

Պատրաստեց ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
մայոր

Խորագիր՝ #22 (887) 8.06.2011 – 15.06.2011, Բանակ և հասարակություն


15/06/2011