Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՍԽՐԱՆՔԸ
ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՍԽՐԱՆՔԸ

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՍԽՐԱՆՔԸՀրթիռահրետակոծությունից տուժած շինությունների մռայլ համապատկերի վրա ինքնաձիգներով զինված ու  զինամթերք տեղափոխող զինվորների եռուզեռը քիչ էր տարբերվում հերթափոխի մեկնելու սովորական ընթացքից:

Նախքան զինվորական մեքենայում նստած իր զինակիցներին միանալը, շարքային Արսեն Խաչատրյանը հասցրեց հակիրճ ներկայացնել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած մարտի որոշ մանրամասներ… Սովորականի  պես մարտական հերթապահություն իրականացնելիս են եղել, երբ նկատել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի առաջխաղացումը: Ինը կտրիճներ անմիջապես զբաղեցնելով իրենց խրամաբջիջները` համերաշխ կրակով դիմավորում են հակառակորդի գերակշիռ ուժերին: Թշնամու հանկարծակի գրոհը ետ է մղվում: Ոսոխը սկսում է ականանետ գործադրել: Դիրքապահ զինվորները պատսպարվում են թաքստոցներում, իսկ երկու գնդացրորդները կրակադիրքեր են զբաղեցնում աջ եւ ձախ թեւերում: Դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը, որը սառնասրտորեն ղեկավարել էր իր դասակի մարտը, դուրս է գալիս առաջնագծի` շրջադիտարկման համար հարմար տեղ եւ նկատում, որ թշնամու հետեւակը նոր գրոհի է անցել: Խավարի մեջ նորից հնչում է «Մարտի՛» հրամանը: Ժամկետային զինծառայողները կրկին զբաղեցնելով իրենց դիրքերը՝ արիաբար ետ են մղում թշնամու մեծաքանակ ուժերի հերթական գրոհը: Հատկապես խիզախաբար են մարտնչում շարքայիններ Հրայր Բաղդասարյանն ու Վիկտոր Յուզիխովիչը: Մարտիկները թշնամուն մեծ կորուստներ են պատճառում: Ոսոխը մարտադաշտ է հանում օդուժի մարտական ուղղաթիռ, որը չի վրիպում շարքային Հրայր Բաղդասարյանի աչքից: Նա, առանց վայրկյան իսկ կորցնելու,  նշան է բռնում եւ խոցում ուղղաթիռը: Այս հաջողությունից նրա զինակիցներն ավելի ոգեւորված են սկսում կռվել, սակայն երկարատեւ մարտի ընթացքում մեր մարտիկների զինապաշարը սպառվում է: Թշնամին ներթափանցում է մեր դիրք, մտնում խրամատները: Դիրքապահները մերձամարտի են բռնվում: Ինը կորյուններ արիաբար մարտնչում են ադրբեջանցի շնագայլերի ոհմակի դեմ: Զինվորներից երկուսը նռնակներ են նետում թշնամու վրա` ապահովելով մյուսների  նահանջը դեպի հողահանդակներ: Այս խառն իրավիճակում մարտակարգը խախտվում է, իսկ Արսեն Խաչատրյանը, կորցնելով կապը զինակիցների հետ, վազեվազ հասնում է այնտեղ, որտեղ զինակիցները պետք է լինեին: Ավաղ, նրանք արդեն զոհվել էին: Թշնամին սրբապիղծ ու անասնական գործողություններ էր կատարել անգամ դիակների նկատմամբ… Հեռանալիս Արսենը վիրավոր յուրային է նկատում ու մարտադաշտից հանում… Որոշ ժամանակ անց երկրորդին է նկատում, որի վիճակը շատ ծանր էր: Գրկելով նրան՝ դուրս է բերում վտանգավոր գոտուց:

Ստորաբաժանման հրամանատար, փոխգնդապետ Արթուր Դարբինյանը մտնում է զորանոց եւ հայտարարում. «Ի՛մ արծիվներ, ես գնում եմ կորցրած դիրքն ազատագրելու, ո՞վ է ինձ հետ գալիս»: Վարանող չի լինում. բոլորը մի մարդու պես կանգնում են հրամանատարի կողքին ու միասին հակագրոհով ազատագրում կորցրած դիրքը…

Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ