Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ՝ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ



♦ Գուշակները «կռռում են». եկող տարի Ադրբեջանում «Եվրատեսիլ» չի լինի:
♦ Վատ կանխանշան. ինչո՞ւ Ադրբեջանում հաղթանակի չեն հավատում:
♦ Ո՞վ է կազմել Իլհամ Ալիեւի անձնական հորոսկոպը:

Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԻՐԱՆԸ

Ադրբեջանի հասարակությունը համակվել է անկումային տրամադրությամբ. Սոչիում ծնված, այժմ Գերմանիայում բնակվող 43-ամյա ոմն երազատես Արտեմ Դրագունով «կանխատեսել է». «Ամենայն հավանականությամբ, «Եվրատեսիլ-2012»-ը կանցկացվի Իտալիայում, քանի որ Բաքվում տեղի կունենա մոտավորապես այն, ինչ հիմա Սիրիայում է (այսինքն՝ «համարյա» հեղափոխություն-Ա.Յ.): Եթե, իհարկե, տեղի խանը «ձիու քայլ» չանի»:
Այս «կանխատեսումը» ադրբեջանական հասարակությանը խուճապի չէր մատնի, եթե Դրագունովի երազները, որոնք նա խնամքով նկարագրում է ինտերնետային իր բլոգում, արդեն մի քանի անգամ իրականացած չլինեին: 2009թ. նոյեմբերին, օրինակ, նա գրել էր. «Մեծ աղետ Պերմում: Տեխնածին», իսկ դեկտեմբերի 5-ին այրվեց «Կաղ ձի» ակումբը, տասնյակ մարդիկ զոհվեցին: Ճապոնական «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի կործանումից 19 օր առաջ Դրագունովի կայքում հայտնվեց սա. «Ճապոնիայի դեմ պատերազմ չի լինի: Այնտեղ շուտով կլինի երկրաշարժ: Նույնիսկ ռումբ գցելու անհրաժեշտություն չի առաջանա»: Դրագունովը կանխատեսել է նաեւ ժողովրդական հուզումները Եգիպտոսում, Սիրիայում, Թունիսում («Տեսել եմ սոսկալի կոտորած Աֆրիկայում»), Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը, Ռուսաստանում անցյալ տարվա ամառվա հրդեհները, ֆուտբոլային մեկնաբան Վլադիմիր Մասլաչենկոյի մահը («Մարզիկի եմ տեսել սեւ շրջանակում: Լեգենդի»): Այս տարվա հունվարին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունից երկու շաբաթ առաջ Դրագունովը գրել էր. «Վիթխարի ջահը նորից կլուսավորի Մոսկվան: Տեսել եմ լաց լինող օդանավակայան, հեռուստաեթերը կլցվի տխրությամբ»:
Մերօրյա Նոստրադամուսը, որի օգնությանը դիմել են գերմանական եւ ռուսական իրավապահները (հիմնականում հանցագործների գտնելու նպատակով), 2012թ. ահաբեկչություն է կանխատեսում նաեւ Մեծ Բրիտանիայում («Երկու կարմրաշեկ կողք կողքի նստած են, եղբայրների են նման, ռումբ են սարքում: Լոնդոնն են պայթեցնելու»), Հյուսիսային Իռլանդիայում («Պայթուցիկ եմ զգում») եւ ԱՄՆ-ում, երկրաշարժ Իսպանիայում, քաղաքական սպանություն Իտալիայում, թուրք-քրդական խոշոր բախում եւ հեղաշրջում Թուրքիայում, որի ալիքը կտարածվի նաեւ Պակիստանում եւ Իրանում («Տեսել եմ բազմաթիվ լաց լինող իրանցիների»), ջրհեղեղ Ուկրաինայում, աղետներ Սանկտ Պետերբուրգի մետրոյում, Սարատովում, Տուլայում եւ Դոնի Ռոստովում, Մոսկվայում, Չինաստանում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում (Նոր Օռլեանում, Կալիֆորնիայում, Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում), հեղափոխություն Կուբայում:
Ադրբեջանում, որտեղ ծանոթ չեն քրիստոնեական հայրաբանությանը եւ պարզապես չեն կարող հասկանալ նման «կանխատեսումների» մեխանիզմը, բնականաբար, միստիկական վախ են զգում ամեն կարգի սուտ մարգարեներից: Դրանով է բացատրվում, որ Ա.Դրագունովի ասածի ազդեցությունը փորձել է «չեզոքացնել» ադրբեջանական քարոզչության «ծանր հրետանին»՝ քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն: «Եթե 2012թ. աշխարհը գոյություն է ունենալու, ապա «Եվրատեսիլ-2012»-ը անպայման տեղի կունենա Ադրբեջանում»,- հայտարարել է նա եւ նորից մեղադրել… Իրանին. «Ես կարծում եմ, որ աշխարհում կան որոշակի շահագրգռված ուժեր, որոնք ուզում են Ադրբեջանի համար բարդություններ ստեղծել: Վերջերս այդ գործում աչքի է ընկնում հատկապես Իրանը, որն այդ ուղղությամբ շատ ուժեր եւ միջոցներ է ծախսում: Բայց Եվրատեսիլի անցկացման պահին երկրի ներսում չի կարող անկայուն վիճակ ստեղծվել, որը խանգարեր միջազգային մրցույթի անցկացմանը»,- ասել է Ահմեդօղլուն (http://www.echo-az.com/index.php?aid=12515):
Նկատենք, որ ադրբեջանցիները սոսկալի սնահավատ են: Եթե հայերի մեջ սնահավատություններն ու անհեթեթ նշանները հասնում են մեկ-երկու տասնյակի, ապա ադրբեջանական ժողովրդի մեջ տարածված սնահավատությունները, այն էլ միայն ամենագործածականները, 260-ն են (!) (http://ru.trend.az/life/history/ 1516418. html): Օրինակ՝ «Մթնշաղին շեմին մի նստիր», «Լուսինը մատով ցույց մի տուր», «Երեկոյան հայելու մեջ մի նայիր», «Դռան առաջ եղած կոշիկները մի հաշվիր՝ ընտանիքում մարդ կմեռնի», «Ընկուզենու տակ չեն քնում», «Հարեւանի տանը եղունգ չեն կտրում», «Գերեզմանոցը ձեռքով ցույց մի տուր, իսկ եթե ցույց ես տվել, մատդ կծիր», «Ձեռքերը թղթով չեն սրբում», «Օձի մասին խոսելիս երազանք պահիր», «Նոր այգի տնկելիս՝ ձվածեղ արա», «Մայրամուտին լաց մի եղիր», «Հացի եզրերը լրիվ մի կտրիր՝ բանտ կընկնես»:
Իսկ անցյալ տարի Ադրբեջանի բնակչությունն անհանգստացել էր «Պետական դրոշ» հրապարակի վիթխարի դրոշի պատռվելուց: Դրոշը նմանեցնելով Ադրբեջանին, իսկ պատռված հատվածը՝ Լեռնային Ղարաբաղին, ադրբեջանական հասարակությունը կատարվածը համարել էր այն բանի կանխանշան, որ «ԼՂՀ-ին տիրանալու հույսերը վերջնականապես ի չիք դարձան»: Ընդ որում, այս մեկնաբանությունը տարածվեց ոչ միայն հասարակ քաղաքացիների, այլեւ քաղաքական վերնախավի ու պաշտոնյաների շրջանում, ինչպես նաեւ ինտերնետային բլոգերում ու ֆորումներում: Ադրբեջանցիները խորհրդանշական էին համարում հատկապես այն, որ Ադրբեջանի դրոշը պատռվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության օրը:

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՄԵՍԻԱՅԻՆ

Սնահավատ հասարակության մեջ պահանջված են երկրի ապագայի վերաբերյալ «մարգարեությունները», եւ Ադրբեջանում ստեպ-ստեպ հայտնվում են ամեն կարգի էքստրասենսներ, հեքիմներ ու սուտ մարգարեներ (բուլղարուհի «պայծառատես» Վանգայի նման. ըստ Վանգայի՝ երրորդ համաշխարհային պատերազմն անցյալ տարի պետք է արդեն սկսված լիներ, որպեսզի 2014թ. հոկտեմբերին ավարտվեր: Իսկ այս տարի Հյուսիսային կիսագնդում կենդանիներն ու բուսականությունը պետք է վերանան՝ միջուկային կամ քիմիական զենքի կիրառման հետեւանքով): 1990-ականների վերջին, օրինակ, այդպիսիներից մեկն էր ոմն Քյազիմ Ազիզով, որը «կանխատեսել» էր, որ 1998թ. մայիսի 2-ին Հայաստանում աղետ կլինի (չեղավ), իսկ մայիսի վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն (չավարտվեցին), որ 1998թ. Ղարաբաղի հարցը կլուծվի (չլուծվեց) եւ այլն:
Այսօր Ադրբեջանում հռչակ է ստանում մեկ ուրիշ «հետազոտող-էզոթերիկ» (իմա՝ գաղտնի գիտելիքի տիրապետող), ոմն ֆիզիկոս Վագիֆ Ալեքպերով, որն այժմ բնակվում է Սանկտ Պետերբուրգում: Կամայականորեն մեկնաբանելով ոչ միայն Ղուրանի, այլեւ Աստվածաշնչի տեքստերը, նա պնդում է, որ «մարդկության մեսիա-փրկիչը կարող է հայտնվել Ադրբեջանում»: Ահա նրա «ապացույցը». Հովհաննու ավետարանում գրված է, որ Պետրոսը բռնեց 153 մեծ ձուկ: Ուրեմն՝ մ.թ.ա. 153 թվականին սկսվել է «Ձկների դարաշրջանը»: Հիսուսը Պետրոսին ասում է՝ «Արածեցրու իմ ոչխարներին», հետեւաբար՝ Ձկների դարաշրջանին հաջորդելու է Խոյի (ոչխարի) դարաշրջանը: Ղուրանում գրված է, որ Իսա մարգարեից հետո կգա Ահմադը: «Ահմա» ադրբեջաներեն նշանակում է «Մի՛ լցրու», հետեւաբար՝ դա տեղի կունենա Ջրհոսի դարաշրջանում: Ու քանի որ դա ադրբեջաներեն բառ է, ապա մեսիան կհայտնվի Ադրբեջանում: Հիսուսն ասել է՝ «Որտեղ դիակն է, այնտեղ կհավաքվեն արծիվները»: Ադրբեջանի տարածքը (քարտեզի վրա) նման է թեւերը բացած արծվի: «Ճիշտ է, հիմա այդ վիթխարի արծվի վրա արյունոտ վերք կա՝ Ղարաբաղը, որը Հայաստանը բռնազավթել է»:
Այս բարբաջանքի վերջում Ալեքպերովը հիշատակում է 16-րդ դարի ֆրանսիաբնակ հրեա աստղագուշակ, բժիշկ եւ ալքիմիկոս Նոստրադամուսին, որի հայտնի քառյակների (քատրենների) ցնդաբանական մեկնաբանությունների համաձայն՝ երրորդ համաշխարհային պատերազմում «Հայաստանից դուրս է գալու հաղթողը (բնագրում՝ Վիկտորը)»: Ալեքպերովը սա ընկալում է որպես Արցախյան պատերազմի ընթացքում իրականացած մարգարեություն (ըստ մեկ այլ մեկնաբանության՝ Հայաստանից դուրս եկած զորքերը կշարժվեն դեպի Եվրոպա): Եւ այս ամենը լրջորեն քննարկվում է ադրբեջանական մամուլում:
Ավելին. ադրբեջանական մամուլը պատասխան է պահանջում հայտնի էքստրասենս Զիրադդին Ռզաեւից, թե ինչո՞ւ նա «Եվրատեսիլի» նախօրեին հրաժարվեց կանխատեսում անելուց եւ, փաստորեն, կորցրեց Ադրբեջանի հաղթանակը կանխատեսելու բացառիկ հնարավորությունը: Ռուսական պետական հեռուստաալիքով (որն արդեն վաղուց դարձել է սուտ մարգարեների խոսափողը) Ռզաեւից ավելի պակաս շրջահայաց էքստրասենսներ կանխատեսել էին Ֆրանսիայի հաղթանակը եւ սխալվել: «Ինչո՞ւ նրանց մասին ոչինչ չեք ասում եւ ուզում եք վարկաբեկել ձեր հայրենակցին (որ ձայնը կտրելու չափ խելք է ունեցել-Ա.Յ.)»,- արդարացել է Ռզաեւը եւ հիշեցրել իր «հաջող կանխատեսումները»՝ Իսլանդիայում հրաբխի ժայթքելը, Ճապոնիայում եղած աղետը եւ «ադրբեջանական մշակույթի հայտնի գործիչներից մեկի»՝ Վագիֆ Իբրահիմօղլուի մահը: Այս տարի Ռզաեւը գուշակում է եւս մեկ ճանաչված մշակութային գործչի մահ, բայց կոնկրետ անուն տալ չի ցանկանում: Հո հիմար չի՞:

ԻԼՀԱՄԸ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ Է ՕԿՈՒԼՏԻԶՄՈՎ

Ուշագրավ է, որ Ռզաեւի հետ հարցազրույցը «www.ans.com» կայքում կարդացել էր 17000 մարդ (!): Այս թիվը ցույց է տալիս, թե ադրբեջանական հասարակությունն ինչ աստիճանի է հավատում սուտ մարգարեների գուշակություններին: Նույնիսկ ադրբեջանցի հայտնի լրագրող, «Մոնիտոր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովը, որին 2005թ. մարտի 2-ին սպանեցին Ադրբեջանի իշխանության պատվերով, Իլհամ Ալիեւի նախագահ դառնալուց հետո՝ 2003թ. հոկտեմբերի 25-ի համարում հրապարակել է նրա անձնական հորոսկոպը (անձի բնութագիրն ըստ աստղագուշակության)՝ որպես լուրջ վերլուծության հիմք: Այդ հորոսկոպի համաձայն՝ Իլհամ Ալիեւը նույնպես հետաքրքրվում է օկուլտիզմով (միստիկական ուսմունքներով եւ մոգությամբ), ենթակա է դժբախտ պատահարների, հակված է ծայրահեղությունների, ունակ է ընդունելու արագ եւ արկածախնդիր որոշումներ, դժվարությամբ է տանում նյարդային երկարատեւ լարվածությունը, դյուրագրգիռ է, եռանդուն, նախաձեռնող, ինքնավստահ, արագ ոգեշնչվում է, արագ էլ կորցնում հետաքրքրությունը գործի նկատմամբ, ձեռք է մեկնում իր ուժերից վեր գործերի, շռայլող է, ծույլ, հեշտասեր, ենթակա է դեպրեսիաների:
Էլմար Հուսեյնովը Իլհամ Ալիեւի հորոսկոպը համադրել է Ադրբեջանի հորոսկոպի հետ եւ հանգել այն եզրակացության, որ նախագահը «թույլ է տալու սխալներ, որոնք կբերեն ներքաղաքական ճգնաժամի»: Նրա իշխանության օրոք հավանական են իր անվան հետ կապված հասարակական սկանդալներ: Ալիեւն իր իշխանատենչությամբ, իր կամքը ուրիշներին թելադրելով կհասնի այն բանին, որ «հասարակության մեջ կավելանան խռովարարությունն ու հանցավորությունը, ժողովրդական զանգվածների գործողությունները կվերածվեն հիստերիայի»:
«Իլհամ Ալիեւի կառավարումը շատ վատ է անդրադառնալու թե՛ երկրի, թե՛ իր վրա,- գրել է Է.Հուսեյնովը 2003 թվականին:- Նրա կառավարման դեմ են նույնիսկ երկնային լուսատուները: Իսկ աստղագուշակների կանխատեսումներին պետք է ականջ դնել»:
Դե ինչ, եթե Ադրբեջանում մարդիկ բերանները բաց լսում են աստղագուշակներին, ապա արժե, որ նրանց բոլոր մռայլ գուշակությունները իրականանան: Դատելով ըստ ամենայնի՝ դրան երկար սպասելու հարկ չի լինի:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #22 (887) 8.06.2011 – 15.06.2011, Ռազմաքաղաքական


15/06/2011