Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՔԻՔԲՈՔՍԻՆԳԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅՈՒՄ



ՀՀ ՔԻՔԲՈՔՍԻՆԳԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅՈՒՄԳնալով ամրապնդվում է ՀՀ պաշտպանության նախարարության և հասարակական կազմակերպությունների, հանրակրթական ու բուհական կառույցների հետ համագործակցությունը` կրթական, մշակութային ու ռազմահայրենասիրական ոլորտում: Օրերս ռազմահայրենասիրական հերթական դասն անցկացվեց Հայաստանի Հանրապետության քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի սաների, տնօրինության ու մարզչական կազմի հետ: Այն նվիրված էր Վազգեն Սարգսյանի հիշատակին:

2002թ.-ին ստեղծվեց պրոֆեսիոնալ քիքբոքսինգի ասոցիացիան, որի նախագահն էր Գառնիկ Հայրապետյանը: Հայաստանում նոր ուղի բացվեց քիքբոքսինգ մարզաձևի սիրահարների համար: Հայ մարզիկներն արդեն իրավունք ստացան մասնակցելու աշխարհի, Եվրոպայի առաջնություններին: 2005թ. մարտ ամսին տեղի ունեցավ քիքբոքսինգի խորհրդի կոնֆերանս, որի ժամանակ հնչեց մարզիչների և կոլեկտիվի առաջարկը՝ վերականգնելու ազգային ֆեդերացիայի անունը: Հայ մարզիկները փայլուն հաջողություններ դրսեւորեցին 2005թ. Եվրոպայի առաջնության ժամանակ՝ նվաճելով 4 ոսկե և 4 արծաթե մեդալ: 2006թ.-ին քիքբոքսինգի ՀՀ հավաքականը մասնակցեց Խարկովում տեղի ունեցած ԱՊՀ առաջնությանը, որտեղ Հայաստանը ներկայացնող 18 մարզիկներից 9-ը դարձավ ոսկե մեդալակիր` նվաճելով աշխարհի առաջնության ուղեգրեր: Նույն թվականի մայիսին կայացած աշխարհի առաջնությանը հայ մարզիկները հերթական փայլուն ցուցանիշները գրանցեցին. 60 երկրներից ժամանած 1800 մարզիկների շարքում մեր հավաքականի 11 անդամները 3 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալներ նվաճեցին:

2006թ. մայիսին քիքբոքսինգի Համաշխարհային կոնֆերանսում Հայաստանի ֆեդերացիան վերագրանցվեց Համաշխարհային ֆեդերացիայի կազմում: Սպորտաձևն այսօր լայն տարածում ունի հանրապետությունում` ընդգրկելով տարբեր համայնքներ ու մարզեր: Այսօր արդեն հանրապետությունում քիքբոքսինգ մարզաձևով զբաղվում է 2800 մարզիկ, ֆեդերացիայի կազմում ընդգրկված է 42 մարզիչ, 20 մրցավար:

Քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայում արդեն ավանդական է դարձել զոհված ազատամարտիկներին նվիրված մրցաշարերի անցկացումը, պրոֆեսիոնալ առաջնությունների կազմակերպումը, ուժային կառույցների շրջանում անցկացվող առաջնությունները, որոնց մասնակցում են նաև պաշտպանության նախարարության զինծառայողները: Ազգային հերոս Վազգեն Սարգսյանին նվիրված բաց դասի ընթացքում ներկայացվեց նրա ռազմական, քաղաքական, հասարակական և մշակութային գործունեությունը:

Բաց դասն ավարտվեց Ազգային հերոսի մասին պատմող ռազմահայրենասիրական ու փաստավավերագրական «Սպարապետ» ֆիլմի ցուցադրությամբ, որից հետո երեխաները ներկայացրին ռազմահայրենասիրական թեմայով գրված իրենց շարադրությունները:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Սիրարփի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ

Խորագիր՝ #09 (1129) 16.03.2016 - 22.03.2016, Բանակ և հասարակություն


17/03/2016