Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿՐԻ ՈՒԺՆ ՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ



ԵՐԿՐԻ ՈՒԺՆ ՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸՕպերային երգիչ Հայկ Տիգրանյանը ունկնդրին ծանոթ է իր դերերգերով «Դոն Ժուան»,

«Արշակ II», «Աիդա», «Տրուբադուր», «Արծվաբերդ» օպերաներում, նրան ծափահարել է Իտալիայի, Էստոնիայի, Ռուսաստանի բարձրաճաշակ ունկնդիրը: Սակայն Հայկ Տիգրանյանի բնորոշմամբ` որպես երգիչ ու մտավորական իր մկրտությունն ստացել է զինծառայության ժամանակ` ՊՆ Սպայի տան «Զորական» համույթում:

 

-Հայկ, որպես սպա, որպես զինվորական լրագրող ինքնասիրությունս շոյվեց, երբ մի զրույցի ժամանակ ասացիք, որ մեծ բեմեր տանող Ձեր ճանապարհը սկսվել է բանակից: Ես հետաքրքրվեցի Ձեր կենսագրությամբ եւ պարզեցի, որ ծնվել-մեծացել եք երաժիշտների ընտանիքում, հայտնի հոբոյահար Ժիրայր Տիգրանյանի որդին եք:

-Այո՛, ես հասակ եմ առել, դաստիարակվել եմ մտավորականների ընտանիքում, երաժշտական միջավայրում, ազգային գաղափարներով,  հայրենիքի հոգսով ապրող իրենց ազգային պատկանելությամբ հպարտ մարդկանց շրջապատում, բայց հայրենիքի գաղափարը երբեք այնքան շոշափելի ու մոտ չի եղել ինձ,  ինչպես բանակում: Երբ դու զգում ես զինվորական սապոգների ծանրությունը, երբ զինվորական գոտին սեղմում է իրանդ ու ստիպում ձգվել, դու ակամա մտածում ես որպես հայ տղամարդ քո պայքարի, հայրենիքի ճակատագրի համար քո պատասխանատվության մասին: Երբ դու գնում ես սահմանային զորամաս՝ զինվորի համար երգելու, երբ տեսնում ես տասնյակ ջահել, կյանքով լեցուն սրտերը, որոնք զրահի նման օղակել են հայրենիքիդ սահմանը, չես կարող չարիանալ ու չմտածել հայրենիքդ  պաշտպանելու ու զորացնելու մասին: Իսկ մտավորականի կերպարի առաջին եւ ամենակարեւոր բնորոշիչները հայրենասիրությունն ու արիությունն են: Իհարկե, ես չեմ կարող ինձ սահման պահող զինվորին հավասար զինվոր համարել, որովհետեւ ես չեմ կանգնել դիրքերում, չեմ հերթապահել զենքը ձեռքիս, բայց՝ որպես զինծառայող-երգիչ, զորամասերի սպաների ու զինվորների հետ շփվելը, երկու տարի բանակի հոտը շնչելը հեղաշրջում կատարեցին իմ մտածելակերպի մեջ:

-Դուք ավարտել եք Երեւանի պետական կոնսերվատորիայի հոբոյի եւ վոկալի բաժինները, շատ լավ կրթություն եք ստացել: Ի՞նչ տվեց Ձեզ բանակը, ի՞նչ ավելացրեց մասնագիտական որակներին:

-Երկու տարի ես երգել եմ ազգային, ժողովրդական, զինվորական, ռազմի երգերը: Ես բախտ եմ ունեցել ծանոթանալու հայ ազգային երգի փառահեղ ժառանգությանը: Եթե դու խորապես չգիտես քո ազգային մշակույթը, չես կարող լավ օպերային երգիչ դառնալ:

-Ի՞նչ կապ ունի երգելը հայրենասիրության կամ մարդկային առաքինությունների հետ:

-Շատ մեծ կապ ունի: Դուք չե՞ք նկատել, որ մեր բոլոր մեծերը հայրենապաշտ, ժողովրդին նվիրված ու ժողովրդի կողմից սիրված մարդիկ են եղել: Արվեստը` նվագելը, երգելը, գրելը, պարելը, չի ենթադրում միայն տեխնիկական ճշգրտություն, այլ էականորեն շաղկապվում է քո ներաշխարհի բովանդակությանն ու քո մտածելակերպին: Եթե դու կարդացած չես, չես կարող լավ կատարել օպերային այս կամ այն դերերգը, երգդ կլինի աղքատ, անգույն, անասելիք, որովհետեւ նոտաները երգելուց բացի դու բերում ես քո էմոցիան ու քո մեկնաբանությունը: Ահա թե ինչու են մեզ պետք  բազմակողմանի զարգացած, լավ կրթություն ստացած ու բարձր բարոյական արժեքներ կրող մասնագետներ արվեստի բնագավառում:

Ես կարծում եմ, որ զինվորականն ու մտավորականը մի քայլ առաջ են հասարակության մյուս խավերից: Նրանք են չափանիշներ հուշում հասարակությանը, առաջնորդում, նրանք գաղափարակիրներ են՝ որպես հայրենիքի ու մշակույթի, երկրի ուժի ու բարոյականության խորհրդանիշներ: Եթե ազգը չունի վառ արտահայտված  զինվորականություն ու մտավորականություն, բարոյազրկվում է: Հակառակ դեպքում կարող է դիմանալ բոլոր արհավիրքներին ու մնալ կանգուն:

-Հայկ, մեր մի զրույցի ժամանակ երջանկահիշատակ Խորեն Աբրահամյանը ասաց՝ ես ազգային կերպարներ եմ ուզում: Գուցե հենց ազգային կերպարների բացակայությունն էր պատճառը, որ 25 տարվա կենսագրություն ունեցող Հայաստանի Հանրապետությունում, հող ազատագրած, իր ազատագրական կռիվը հաղթանակով ավարտած երկրում չծնվեց մի հզոր, էպիկական օպերա` նվիրված Արցախյան պատերազմին:

-Ես ավելին կասեմ, արտերկրում օպերային բեմադրությունների տոմսերը վաճառվում են համերգից 6 ամիս առաջ, իսկ մենք միշտ չէ, որ երգում ենք լիքը դահլիճներում: Միակ մխիթարությունն այն է, որ ունենք երիտասարդ հանդիսատես, որ բարձրացող սերունդը կապվում է օպերային թատրոնին:

Մենք շատ ենք ոգեւորվում, երբ դահլիճում տեսնում ենք զինվորական համազգեստով մարդկանց: Վստահ եմ, որ մի օր մեր երկրում կվերականգնվի օպերա գնալու ավանդույթը, ծիսակարգը` ես կասեի: Հայրենիքի պաշտպան զինվորականը երեկոյան կհանի իր փառահեղ համազգեստը, կհագնի կոստյումը, կկապի փողկապը…

-Ո՞վ է 21-րդ դարի հայը:

-Ես մի ընկեր ունեմ, բանակում ժամկետային զինծառայության անցավ որպես բժիշկ: Հետո այնպես կապվեց իր զինվորների հետ, որ չվերադարձավ դիրքերից, շարունակեց ծառայել սահմանային զորամասում, բուժել զինվորներին, հազարավոր կյանքեր փրկել: Նա ամեն անգամ  թշնամու նշանառության տակ բարձրանում է դիրքեր, որ զինվորի կողքին լինի, որ զինվորը չհիվանդանա: Հրաշալի տիրապետում է զինվորական գործին: Ասում է` եթե պահը գա, բժիշկ լինելուց բացի, պետք է նաեւ զենքով հողը պաշտպանես թշնամուց: Նա՛ է 21-րդ դարի հայը:

 

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #07 (1127) 02.03.2016 - 08.03.2016, Բանակ և հասարակություն


03/03/2016