Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ
ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ

ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ1919 թվականի գարնանը Զորավար Անդրանիկը, իր զորքով լեռնանցում կատարելով Զանգեզուրի վրայով, բռնեց Արարատյան դաշտի ուղղությունը:

Հասնելով Էջմիածնի տաճարի պատերի տակ` բոլորը հոգնատանջ նստեցին, վայր դրեցին զենքերը, ամբողջ ռազմական հանդերձանքը, իրենց մոտ եղած հայկական քաղաքների դրոշակները: Բոլորը շունչները պահած սպասում էին Զորավարի խոսքին, եւ ահա նա խոսեց.

 

-Իմ փառապանծ, հավատարիմ զինվորներ, ժամանակն է մեր բաժանման: Ավարտված է մեր մարտական արշավը: Մեր զենքն ու դրոշակները հանձնեցինք հայ կաթողիկոսին: Բաժանումից առաջ ուզում եմ ասել, որ ես էլ ձեզ պես ժողովրդի ծոցից եմ ելած, ձեզ նման զինվոր եմ: Ես արդեն հիսունչորս տարեկան եմ ու դեռեւս ամուսնացած չեմ: Ձեզ հետ միասին պայքարել եմ ազատ կյանքի համար, ազգի պատվի համար. այդպիսին է եղել մեր կյանքը: Հայաստանի երկինքն է եղել մեր հովանին: Իմ զինվորական կյանքը սկսել եմ հայդուկների հետ: Իմ փափուկ բարձը Սասնա լեռներն են: Զենքը ձեռքիս` ձիով ու սրով անցել եմ ամբողջ Հայաստանը ծայրից ծայր:

Դուք` իմ զինվորներ, դուք անսովոր մարդիկ եք, դուք կրակե սերունդ եք, որ դուրս է եկել Սասնա առասպելական լեռան հետեւից: Հարազատներս, ես մտածում եմ, որ բազմաչարչար հայ ժողովուրդը, որ այնքան տառապանքներ է կրել, պետք է վերածնվի: Նա պարզապես պարտավոր է դա անել: Նա պետք է պահպանի ու շարունակի իր նախնիների ավանդույթները, զարգացնի իր ազգությունը: Այլեւս ձեզ ասելու բան չունեմ: Ես այժմ միայն իմ գլխի տերն եմ: Դուք ազատ եք, հողը մերն է, չորս կողմը հայեր են, կարող եք առաջվա պես ծառայել հայ ժողովրդին, ինչպես ծառայել եք մինչեւ այժմ:

Ովքեր ուզում են ինձ հետ մնալ, ես կվերցնեմ հետս: Ես մեկնում եմ` իմ սրտի կեսը թողնելով այստեղ, հուսալով երբեւէ վերստին ձեզ տեսնել: Ձեզ բարի ճանապարհ, եւ թող օրհնվի մեր ընկած հերոսների պայծառ հիշատակը:

 

Ապրիլի 27-ին հայդուկների առաջնորդն իր հետ վերցրեց երկու հարյուր յոթանասուն զինվոր եւ հեռացավ Հայաստանից: Գնաց Վրաստան. երկար չմնաց այնտեղ: Վերցրեց զինվորներին ու հասավ մինչեւ Սեւ ծով: Զինվորների մեծ մասին աշխատանքի տեղավորեց Բաթումիում, ոմանց ուղարկեց Բուլղարիա եւ Ռումինիա, իսկ մի քանիսն էլ Հաջի Գեւոյի հետ վերադարձան Հայաստան:

Զորավարը իրեն նվիրված մի քանի զինվորներով անգլիական նավով մեկնեց Եվրոպա, ապա Ամերիկա` Կալիֆոռնիա, այնուհետեւ Ֆրեզնո, ուր ապրեց ու աշխատեց մինչեւ իր կյանքի վերջին օրերը: