Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՀունվարի 28-ին Հայաստանի Հանրապետությունը լայնորեն նշեց բոլոր զինծառայողների մասնագիտական տոնը՝  Բանակի օրը: Երկրի պաշտոնական տոների օրացույցում այս ամսաթիվը համեմատաբար վերջերս է հայտնվել՝ 2001թ.-ին: Անկախ Հայաստանի եւ նրա զինված ուժերի համար հունվարի 28-ը նշանակալից  դարձավ 1992թ.-ին, երբ կառավարությունը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասին» պատմական որոշումն ընդունեց:

Այն մասին, թե այսօր զինված ուժերի առջեւ ինչպիսի խնդիրներ են դրված, եւ ինչպես են դրանք լուծում հայ զինվորականները, «Կրասնայա զվեզդային» պատմեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

 

-Պարոն Օհանյան, Հայաստանի ազգային զինված ուժերի ձևավորման պահից անցել է համարյա քառորդ դար: Այսօր հանրապետությունում պաշտպանական շինարարության ի՞նչ առաջնահերթություններ են իրականացվում: Ինչպե՞ս է դա արտացոլվում ժամանակակից հայկական բանակի խնդիրների և կառուցվածքի վրա:

 

-Հունվարի 28-ին մենք տոնեցինք ազգային զինված ուժերի 24-ամյակը: Անկասկած, սեփական բանակի առկայությունը հսկայական և քրտնաջան աշխատանքի արդյունք է, որը կատարվել է պետության ղեկավարության կողմից այդ ժամանակահատվածում: Տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը և Հայաստանի վրա անմիջականորեն ազդող գործընթացները դարձնում են ազգային զինված ուժերի բարեփոխումները անվիճելի առաջնահերթություն:

Հայաստանի զինված ուժերի մշտական արդիականացումը ռազմական շինարարության հիմնական տարրերից մեկն է, ժամանակի մարտահրավերներին համարժեք ու արդյունավետ արձագանքելու միակ հնարավորությունը: Զինված ուժերը հետևողականորեն նորացվում են, իսկ դրանց ներուժն ավելացվում է աստիճանաբար՝ բարեփոխման որևէ փուլում պատրաստության մակարդակի իջեցման ռիսկից խուսափելու համար:

Մոտ ապագայում, մասնավորապես, կդիտարկենք այն կազմակերչական գործառույթները, որոնց պարտադիր կատարումը կփոխարինվի այլընտրանքային միջոցներով կամ կվերաբաշխվի: Դա թույլ կտա ստանալ լրացուցիչ ռեսուրսներ, որոնք կարող են նպաստել զինված ուժերի մարտական և պաշտպանական հնարավորությունների ընդլայնմանը: Մեծ ուշադրություն է հատկացվում ինովացիոն տեխնոլոգիական լուծումներին, որոնք կօգտագործվեն մարդկային ռեսուրսների պահպանման համար, իսկ որոշ դեպքերում էլ նույնիսկ թույլ կտան փոխարինել նրանց: ՀՀ զինված ուժերում կառուցվածքային փոփոխություններն ուղղված են արագ տեղակայման կարողություններն ընդլայնելուն, ճկունությունը բարձրացնելուն և արդյունավետորեն կիրառելուն: Զինված ուժերի պլանավորումը, մի կողմից, համաձայնեցված է պաշտպանական ռազմավարության վերանայման ռիսկերի ու սպառնալիքների գնահատականներով և վերլուծությամբ, մյուս կողմից՝ պետության իրական տնտեսական հնարավորություններով:

Այսպիսով, պաշտպանական ոլորտում լայնամասշտաբ բարեփոխումների արդյունքում զինված ուժերն ի վիճակի կլինեն ոչ միայն արդյունավետորեն անցկացնելու տարբեր տեսակի ռազմական գործողություններ, այլև, անհրաժեշտության դեպքում, նշված գործողությունների շրջանակներում անցնելու քաղաքացիական բնակչությանն արտակարգ օգնություն ցուցաբերելուն:

-Տարածաշրջանի համար բավականին բարդ իրավիճակում Հայաստանն ընդունեց ՀԱՊԿ նախագահությունը: Ստեղծված իրադրությունում նախագահության ո՞ր առաջնահերթություններն են կոչված դադարեցնելու սպառնալիքները կոլեկտիվ պատասխանատվության տարածքում:

-ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանին անցավ միջազգային ահաբեկչության ահագնացող սպառնալիքով պայմանավորված անչափ բարդ իրավիճակի ֆոնին, որը մարտահրավեր է նետել ոչ միայն կազմակերպության մեր հիմնական դաշնակցին, այլև ողջ համաշխարհային հանրությանը, երկրների ու տարածաշրջանների անվտանգությանը:

Առաջնահերթությունները մշակելիս մենք ելնում էինք կազմակերպության հետագա զարգացման ապահովման անհրաժեշտությունից՝ առաջնորդվելով դաշնակցային համագործակցության և շարունակականության սկզբունքներով: Եվ, իհարկե, հատուկ ուշադրություն ենք հատկացրել ՀԱՊԿ պաշտպանական բաղադրիչի զարգացմանը: Այս համատեքստում հաշվի առնելով բարդ ռազմաքաղաքական իրավիճակը՝ առաջին պլան են մղվում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կառավարման համակարգի հետագա կատարելագործումը, ներառյալ Արագ արձագանքման հավաքական և միացյալ տարածաշրջանային ուժերը, դրանք կիրառելու համար ընդունվող և իրականացվող որոշումների օպերատիվության բարձրացումը, օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացումը, այդ թվում՝ Հայաստանում նախանշված «Կոբալտ-2016» օպերատիվ-մարտավարական զորավարժության շրջանակներում, ապա նաև ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացումը և այլն:

Մեզ համար չափազանց կարևոր է շարունակել ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության խորացմանն ուղղված ալգորիթմների հետագա զարգացումը ռազմաարդյունաբերական համալիրի ոլորտում համատեղ ձեռնարկություններ ստեղծելու միջոցով: Առաջնահերթ ենք համարում ՀԱՊԿ լոգիստիկ ենթակառուցվածքի անվտանգության ապահովման հարցերը, այդ թվում՝ 2003թ. երկաթուղիների տեխնիկական ծածկման միասնական համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի իրականացման, ինչպես նաև ռազմական նշանակության բեռների տարանցման ու փոխադրման օպտիմիզացման միջոցով:

Հուսով ենք, որ կազմակերպությունում նախագահելու ժամանակ մեր դաշնակիցների ակտիվ աջակցության շնորհիվ կկարողանանք հաջողությամբ իրականացնել ինչպես վերոնշյալները, այնպես էլ չնշված առաջնահերթություններն ու ուղղությունները, այդ թվում նաև մեր արտաքին քաղաքական գործունեության կոորդինացման առումով:

– Այն բանից հետո, երբ թուրքական ռազմաօդային ուժերը դավաճանաբար խոցեցին ռուսական հց-24 ռմբակոծիչը սիրիական տարածքում, Հայաստանը ՀԱՊԿ-ում Ռուսաստանի սերտ դաշնակիցներից առաջինն էր, որ բացեիբաց և վճռականորեն իր աջակցությունը հայտնեց այս հակամարտությունում ռուսաստանյան դիրքորոշմանը:

– Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցելով՝ Հայաստանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունը հենվում է մեր ժողովուրդների բազմադարյա եղբայրական բարեկամության և փոխադարձ հոգևոր արժեքների վրա, որոնք ժամանակի ընթացքում միայն բազմապատկվել են: Այսօր դրանք հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական փոխգործակցության զարգացման համար կարևորագույն կողմնորոշիչն են:

Ինչ վերաբերում է խոցված հց-24-ի առնչությամբ ռուսական դիրքորոշմանն աջակցելուն, ապա, կարծում եմ, որ գլխավորը ՀԱՊԿ-ի բոլոր հարցերի ու խնդիրների շուրջ միշտ միասնական ճակատով հանդես գալն է՝ համախմբված դիրքորոշմամբ: Իր խոսքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ռուսական խոցված ինքնաթիռի օրինակով մենք բոլորս վկաները դարձանք, թե ինչպես պետք է տեղի ունենա գործող ռազմաքաղաքական դաշինքների կայացումն ու ամրապնդումը:

ՆԱՏՕ-ի երկրների, ներառյալ նաև Հունաստանի՝ Թուրքիային անվերապահորեն աջակցելը, մեկ անգամ եւս ցույց տվեց, որ «բոլորը` մեկի, մեկը՝ բոլորի համար» սկզբունքը նման կառույցների արդյունավետության համար պարտադիր պայման է: Նույնիսկ այն իրավիճակում, երբ դաշնակիցներից մեկի գործողությունները, տվյալ դեպքում՝ Թուրքիայինը, հակասում են բարիդրացիության բոլոր նորմերին ու սկզբունքներին: Այն էլ այնպիսի իրավիճակում, երբ խոցվել էր մի ինքնաթիռ, որը կատարում էր համաշխարհային հանրության համար կարևորագույն  մարտական առաջադրանք, իսկ դա նշանակում է, որ թշնամական գործողություն է իրականացվել ոչ միայն Ռուսաստանի նկատմամբ: ՆԱՏՕ-ի անդամներից եւ ոչ մեկը կասկածի տակ չդրեց թուրքական կողմի գործողությունները:

Այս համատեքստում խիստ կարևոր ենք համարում միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումների արտաքին քաղաքական ոլորտում կոորդինացման ամրապնդումն ու կատարելագործումը: Մեր գործողությունները պետք է բխեն դաշնակցային պարտավորությունները և գործընկերների կարծիքները հաշվի առնելու անհրաժեշտությունից՝ համատեղ հակազդելով այն նախաձեռնություններին, որոնք հակասում են ՀԱՊԿ անդամների շահերին:

-Անցյալ տարի Հայաստանի տարածքում առաջին անգամ անցկացվեցին ՀԱՊԿ Հավաքական խաղաղարար ուժերի «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները: Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված խաղաղարար ներուժի այսքան բարձր պահանջարկը:

-Խաղաղապահ առաքելության արդյունավետությունն այսօր շատ բարձր է և  թելադրված է աշխարհի զանազան շրջաններում, հատկապես՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն անմիջականորեն հարող երկրների բարդ միջազգային իրադրությամբ: Սպառնալիքների ցանկը բավականին լայն է. սկսած նախկին խորհրդային հանրապետություններից հավաքագրված զինյալներից, որոնք ահաբեկչական և դիվերսիոն գործողությունների հարուստ փորձ են ստացել արտասահմանում, վերջացրած ծայրահեղական գաղափարների և քարոզչական նյութերի, զենքի ու զինամթերքի անօրինական տարածման ընդլայնումով:

Չի բացառվում երրորդ երկրների հետ ՀԱՊԿ անդամ պետությունների վեճերը ուժային դաշտ տեղափոխելու հավանականությունը: Ցավոք, նորագույն պատմությունը հագեցած է աշխարհի տարբեր անկյուններում արյունահեղ հակամարտությունների բազմաթիվ օրինակներով, և իրավիճակի զարգացման նման սցենարից ոչ ոք ապահովագրված չէ:

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս խաղաղապահությանը՝ որպես միջազգային հարաբերություններում բախումների նվազեցման և ճգնաժամերի կարգավորման գործիքի: Պատահական չէ, որ 2016թ. ՀԱՊԿ-ում մեր նախագահության առաջնահերթություններից մեկը կազմակերպության խաղաղապահ բաղկացուցչի հետագա զարգացումն է: Այնինչ անհրաժեշտ է իրականացնել միջոցառումների մի ամբողջ համալիր, որը կնպաստի  զորակազմերի կառուցվածքի և կազմի կատարելագործմանը: Վաղուց ժամանակն է ստեղծելու ՀԱՊԿ խաղաղապահների նախապատրաստման բազային կազմակերպություն, առաջարկներ մշակելու տվյալ ոլորտում ՄԱԿ-ի հետ համագործակցությունը զարգացնելու մասին, ինչպես նաև այլ հարցեր լուծելու համար: Մենք պատրաստ ենք կիսելու մեր փորձը, որ կուտակվել է խաղաղապահ բնույթի տարբեր գործողություններին ավելի քան 12-ամյա մասնակցության ընթացքում:

-Հունվարին Երևանում աշխատում էր ռազմատեխնիկական համագործակցության հարցերով ռուս-հայկական համատեղ հանձնաժողովը: Երկկողմ փոխգործակցության ներկայիս փուլում ի՞նչ նախագծեր են իրականացվում:

-Հունվարի 20-ին Երևանում կայացավ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հոբելյանական՝ 10-րդ նիստը, որի ժամանակ քննարկվել է երկկողմ փոխգործակցության հարցերի լայն շրջանակ, որոնց ճնշող մեծամասնությունը ուղղակիորեն կապված է մինչև 2020թ. հանրապետության զինված ուժերի զարգացման ծրագրին:

Նախևառաջ, դրանք զինված ուժերի վերազինման ու արդիականացման հարցերն են: Ռուսական կողմի աջակցությունը Հայաստանի ԶՈՒ-ին ժամանակակից և համատեղելի սպառազինությամբ, ռազմական ու հատուկ տեխնիկայով ապահովելու հարցում թույլ է տալիս պահպանել տարածաշրջանում ուժերի կառավարելի հարաբերականություն: Տվյալ հարցերը հիմնականում լուծվում են ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու միջոցով կամ էլ արտոնյալ պայմաններով:

Նիստի օրակարգում նաև այն հարցերն էին, որոնք վերաբերում էին արտադրական համագործակցությանը, որն ուղղված է ռազմական նշանակության արտադրանքի ոլորտում մշակման, շահագործման, վերանորոգման և արդիականացման նպատակով՝ Հայաստանում համատեղ ձեռնարկությունների և սպասարկման կենտրոնների ցանցի ստեղծմանն ու ընդլայնմանը: Հաշվի առնելով, որ հայկական բանակի սպառազինության և ռազմական տեխնիկայի ճնշող մեծամասնությունը ռուսական արտադրության է, մենք ձգտում ենք ընդլայնել նման կենտրոնների ծավալը:

Եվ, վերջապես, չեմ կարող չնշել, որ 2014թ.-ին ուժի մեջ է մտել Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված միջպետական պայմանագիրը ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին: Համոզված եմ, որ մասնագետները լավ գիտեն, թե որն է հարցի էությունը: Ինքս էլ, փակագծերը չբացելով, նշեմ, որ փաստաթուղթը Հայաստանի առջև հիանալի երկարաժամկետ հեռանկարներ է բացում սեփական անվտանգությունը պահպանելու համար՝ բազմակի անգամ գերակշռելով ռուսական զենքի միանգամյա առաքումների օգուտը:

– Կովկասյան տարածաշրջանի հավաքական անվտանգության համակարգում այսօր հատուկ տեղ է գրավում Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանը: Ինչպե՞ս եք գնահատում տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայության արդյունավետությունը, և արդյոք բավարա՞ր եք համարում համագործակցության ներկա մակարդակը:

-Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի ներկայությունը մեր երկու պետությունների միջեւ երկարաժամկետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների քաղաքական կամքի արտացոլումն է: Ռուսական ռազմական ներկայության դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում դժվար է գերագնահատել:

Նախևառաջ, անհրաժեշտ է նշել, որ ռազմակայանն ամբողջությամբ ներգրավված է Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված հայ-ռուսական  զորքերի (ուժերի) միավորված խմբավորման մեջ: Մենք իրականացնում ենք զորքերի (ուժերի) կիրառման համատեղ օպերատիվ պլանավորում՝ ի շահ հավաքական անվտանգության ապահովման, իսկ ռուսական ռազմակայանի և Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ու ավիացիայի զորամասերը հաջողությամբ համատեղ մարտական հերթապահություն են տանում՝ լուծելով մեր օդային սահմանների անվտանգության ապահովման ամենակարևոր առաջադրանքներից մեկը: Հայկական և ռուսական ստորաբաժանումները ամեն տարի մասնակցում են մեր երկրի տարածքում ինչպես երկկողմ հիմունքներով, այնպես էլ միջազգային ձևաչափով անցկացվող տարբեր զորավարժությունների:

Կան նաև մեր փոխգործակցությունը զարգացնելու ծրագրեր: Քանի որ շոշափեցինք ՀՕՊ-ի թեման, իսկ դա մեզ համար ամենահրատապներից է, կարող եմ տեղեկացնել, որ անցյալ տարվա վերջին մեր կողմից արվել է հերթական և շատ կարևոր քայլը: Այն է՝ 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, մեր պետությունների կառավարությունների հանձնարարությամբ, միջպետական համաձայնագիր ենք ստորագրել Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին: Համոզված եմ, որ արդեն 2016թ. փաստաթղթի շատ դրույթներ կանցնեն իրականացման գործնական հարթություն և կլցվեն հստակ բովանդակությամբ:

 

Հարցազրույցը պատրաստվել է ՀՀ ՊՆ Տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչության աջակցությամբ

 

Թարգմանեց Նաիրա ՄԿՐՏՉՅԱՆԸ

Խորագիր՝ #03 (1123) 04.02.2016 - 10.02.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


25/02/2016