Հայերեն | На русском | In English
Հայոց բանակի կազմավորումը 24 տարիներ առաջ մեր նորանկախ հայրենիքի մեծագույն ու կարևորագույն ձեռքբերումներից մեկը դարձավ, որով հայ ժողովրդի դարավոր հայրենապաշտպան պայքարի պատմության մեջ մի նոր փառավոր էջ բացվեց: Ցավոք, այդ էջը գրվեց ոչ թե թանաքով, այլ հերոսների արյունով:
Հայոց բանակը կազմավորվեց ու կայացավ հայրենիքի համար մղվող սրբազան կռիվների դաշտում, իսկ հայրենիքի սահմաններն ուրվագծվեցին մեր հերոսների թափած արյան կաթիլներով, ովքեր պարտադրված գոյապայքարը վերափոխեցին փառահեղ ազատամարտի: Այսօր մենք ենք նրանց արյամբ սրբացած հողի ժառանգները, և յուրաքանչյուրս սրբազան կոչում և առաքելություն ունենք` նվիրական ծառայությամբ բարձրացնելու և ամրացնելու հայրենիքի պաշտպանության պատը` խաչով, զենքով և գրչով: Այսօր հպարտությամբ կարող ենք նշել, որ հայրենասիրությունը հայ զինվորի արյան ու գիտակցության մեջ է մտել, իսկ հայրենիքը պաշտպանելու վճռականությունն ու հերոսանալու ծարավը` մնացել նրա էության անբաժան մասը:
Հայոց բանակի կազմավորման տոնը լավագույն առիթն է հայորդիների համար` ոչ պատերազմ, ոչ խաղաղություն տիրող դժվարին ու անորոշ ժամանակներում արժեւորելու Հայոց բանակի ազգապահպան դերակատարությունը` առ Աստված աղոթքով հայցելով Տիրոջ զորակցությունն ու պահպանությունը հայ զինվորի ու սպայի համար: Հայոց բանակը հայ ժողովրդի եւ հայրենի պետականության պաշտպանության երաշխավորն է, մեր հպարտությունն ու ուժը: Այն հայ ժողովրդի պատվի ու արժանապատվության, ինքնաճանաչումի ու ինքնասիրության, ապրելու և արարելու իրավունքի արտահայտողն է, հայոց բանակը հայ ժողովրդի բաբախող սիրտն է…
Հաղթանակած հայոց բանակը և հայ ժողովուրդը՝ Վարդանանց, Սարդարապատի ու Արցախյան գոյամարտի հերոսների օրինակով պիտի շարունակեն իրենց հաղթարշավը, քանի դեռ հավատարիմ ենք կենսական երկու արժեքների` առ Աստված հավատքին ու հայրենասիրությանը: Այս արժեքներն են, որ պատմության օրհասական փորձությունների մեջ հային հայ են պահել, առաջնորդել նրան բազմաթիվ հաղթանակների: Հենց այս արժեքների համար են մղվել սրբազան պատերազմները, որոնք ոտնակոխելը և հայ ժողովրդի գիտակցությունից ու էությունից արմատախիլ անելը եղել և մնում է թշնամու գլխավոր նպատակներից մեկը: Քանի դեռ Աստծո անպարտելի ուժն օգնական ունենք մեզ, թշնամին պիտի միշտ սայթաքի հայոց հավատքի ժայռի վրա:
ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության անունից մեր ջերմ շնորհավորանքներն ենք բերում բոլորիդ Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի կապակցությամբ` հայցելով, որ Աստված խաղաղության ու անդորրի մեջ պահի Հայաստան աշխարհը և Հայոց բանակը:
ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ`
ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ
ԳԵՐԱՇՆՈՐՀ
Տ. ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ