Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆ ԱՌԱՎՈՏ ԱՐԵՎԱԾԱԳԻ ՀԵՏ…



Գրում է տիկին Նելլին. «Եռաբլուրում իրար միախառնված, կողք կողքի հանգչող նահատակներ։ Հայր եւ որդի` Սաշիկ եւ Արթուր Թորոսյաններ… Սաշիկն իմ ամուսինն է, Արթուրը՝ որդիս։ Իմ պատշգամբը նայում է դեպի Եռաբլուր։ Ամեն առավոտ, արեւածագի հետ, ես նրանց բարի լույս եմ ասում, արեւամուտին՝ բարի գիշեր մաղթում՝ թողնելով նրանց հավերժության ու անմահության մեջ։ Օրեր, ամիսներ շարունակ այս նույն պատշգամբից նայել եմ խելացի, հաղթահասակ որդուս տունդարձի ճանապարհին։ Հետո նայում, սպասում էի ամուսնուս, որն էլ գնաց գտնելու որդուն, քայլելու, օրհնելու այն ճանապարհը, որով անցավ մեր որդին»։
Արթուրը ծնվել է 1971թ. Երեւանում։ Ավարտելով միջնակարգը, ընդունվել է ճարտարագիտական համալսարան, սովորել է մինչեւ 4-րդ կուրս։ Աշխատանքի է անցել Արաբկիրի ՆԳ բաժնում։ Ցանկանում էր ուսումը շարունակել ակադեմիայում, սակայն կամավոր մեկնել է ռազմաճակատ եւ հերոսաբար զոհվել 1994-ի մարտի 11-ին՝ թշնամու տանկի դիմահար արկից, սակայն հասցնելով փրկել իր ընկերների կյանքը։ Որդու մահից հետո հայրը, որն արդեն մի քանի անգամ դիմել էր կամավոր մեկնելու ռազմադաշտ, սակայն տարիքի պատճառով մերժում ստացել, Եռաբլուրում, որդու շիրիմին երդում տվեց, ու էլ ոչ մեկը, իրենից բացի, չէր կարող փոխարինել իր որդուն, լուծել նրա վրեժը։ Կյանքի ու մահվան սահմանագծերը ջնջվել, անհետացել էին, եւ որդեկորույս հայրը փորձում էր գտնել որդուն, քայլել նրա ճանապարհով ու ճակատագրով։ Եվ 53-ամյա հայ կամավորը կռվեց Արցախ աշխարհում, որտեղ էլ 1994-ի մայիսի 5-ին զոհվեց Մարտակերտի Կարմիրավան գյուղի մարտերում։
Գրում է տիկին Նելլին. «Մեր տան պատշգամբը բացվում է դեպի Եռաբլուր։ Այնտեղ են իմ որդին, իմ ամուսինը, որոնց ես պահ եմ տվել հայրենի հողին։ Եվ քանի դեռ բաբախում է իմ սիրտը, նրանք այստեղ են, իմ կողքին, եւ միասին նայում ենք Արարատին, Եռաբլուրին… Ամեն հայ կին պետք է արժանի լինի այդպիսի ամուսնու եւ զավակի հիշատակին»։
…Կարդալով այս տողերը, Հայաստան աշխարհում ապրող, Եռաբլուր այցելած ամեն հայ կխոնարհվի նրանց հիշատակի առջեւ, ապա գլուխը հպարտորեն վեր բարձրացրած կփնտրի՝ գտնելու այն թախիծով լեցուն, սակայն լուսավոր պատշգամբը, այն տունը, որտեղ ապրում է հայ մայրը, սակայն այս անգամ ավերի ու խավարի փոխարեն՝ շեն ու լուսավոր երկրում։ Եվ կթվա՝ Մայր Հայաստանն է իր հայացքը հառել Եռաբլուրին։ Արեւածագին Եռաբլուրից ես տեսա այդ լուսավոր պատշգամբը։ Տեսա լույսերով ողողված հայոց երկիրը…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #20 (885) 25.05.2011 – 01.06.2011, Հոգևոր-մշակութային


01/06/2011