Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱԿՈՉ



Զորահավաքի օրերն են, այժմ միայն դիտողի դերում եմ, և ինչ-որ տեղից ինձ նույնպես նայում են. վայրը, անփոփոխ առարկայաձև ծածկույթը (լինի մայթ, խողովակ, թե ուրիշ բան, չմոռանամ այս հաստաբուն կաղնին) որ սառեցված հիշողություն ունի, հետևաբար դեպի քեզ վերադարձնող հայացք կարող է ձևավորել, կարծում եմ, սրան է ժողովուրդը «պատկերք» անվանում, ինչն էլ հիշողությունս ընդօրինակում և վերարտադրում է. այսպիսով, սրանից տարիներ առաջ կանգնած էի առջևիս մեծ դարպասների մոտ, որ ներս անցնեմ ու զորագրվեմ իմ բանակին, որը վաղուց՝ իմ սիրած պատմական գրքերով ու Արցախյան շարժման պատկերներով արդեն զբաղեցրել էր միտքս, դեռ այն տարիքում, երբ փայտից հրացան ես տաշում ու «երբ մեծանաս՝ ի՞նչ ես դառնալու» հարցին՝ զինվոր կամ գեներալ ես պատասխանում:

Վերջապես, սա հիշողություն կրող այն վայրն է, որտեղ հասունանում են հայրենիքի նկատմամբ մտորումներս. այն տեղանքը, ուր ամոթխած հայրենասիրություն ես ապրում բառի օր-հիշողություն-ճանապարհող բուն իմաստով՝ շուռ եմ գալիս ու նկատում ոչ միայն բառը, քանի որ նորակոչիկը ձեռքը դրել ու պինդ գրկել է իր հոր՝ ընկերոջս ուսը. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ:

Այսօրվա բանակը հասավ փոփոխության՝ այժմ մենք պատրաստվում ենք, և կշարունակվի բանակի հզորացումը, քանի դեռ թշնամին տառապում է «ժանիքի» տրամաբանությամբ: Մենք զենքը թողել և կռվել ենք մշակույթով, ապրել ենք, կանք: Այսպիսով՝ եկել է այն սերունդը, որ իրոք ակնկալիքներ ունի իր բանակից, թշնամուն ճանաչող մեր բանակն արդեն մի հզոր օրգանիզմ է, որն օր օրի ամուր է կանգնում իր հողին և անգամ հեռադիտակով իր տեսած հորիզոնին, մի խոսքով՝ կրկին տեսնում է Հայաստան Հայաստանի մեջ, քանի որ հողը ճանաչում է իրենից ծնվածին, փխրողին ու ջրողին, և ինչքան էլ գան-գնան, փշալարով ցանկանան կիսել՝ նա պայծառանում է միայն իր զավակի խոսքից: Տեսե՜ք, թե ինչպես է արթնանում բնությունը, երբ Մոնթեն, վերագրավված լեռ ու հովտին իր կարոտ խոսքերն է ասում. սա հայերեն այբուբենն է, որ կրկին ձգել էր իր զավակին՝ միանալու սեփական հողին: Այն զավակի, որը հայի ճակատագրի բերումով ծնվել էր նախնիների ծննդավայրից շատ հեռու և միայն տարիներ անց պիտի տիրապետեր հայոց մշակույթին, հայ գրին ու խոսքին:

Մենք փրկված մարմիններ չենք, որ հոգին թափառի, իսկ մենք ապրենք, մենք Ձենով Օհանի ոգեկոչի ձայնն ենք ժառանգել ու Սասունցի Դավթի կամքը՝ մեր մարմինները հաղթանակների ոգին են կրում, դեռ ազգային էպոսից:

Արցախյան ազատամարտին ողջ էին մեր հերոս-մեծերը՝ Բաշ Ապարանի, Սարդարապատի և Արևմտյան Հայաստանի ֆիդայիներից շատերը, սա այն պատերազմն էր, երբ որդիները հայրերից ու պապերից առաջ էին ընկնում, որովհետև մեծերն արդեն անցյալի հաղթանակներից ոգին փոխանցելու ՇՆՈՐՀ էին ձեռք բերել, իսկ որդիները մեծերից առաջ էին ընկել, որպեսզի կրկին ամրացնեն ու վառ պահեն այդ շնորհը:

Այսօր մեր զինվորը գիտակցում է, որ հաղթանակած բանակի մի մասն է, այսինքն՝ հաղթանակ կրողը, և հաղթանակի մասնակիցն է, քանի որ ինչքան էլ երկաթը տաքացնես՝ դարբիններն են, որ կռելով սուր են դարձնում, մեր զինվորները անընդհատ հաղթանակի բերկրանքով են դարբնում իրենց ոգին: Սրանում պարզ տրամաբանություն կա. մեր սահմանապահ զինվորն արդեն գիտի նրանց ծնկներից եկող պարտության հոտը:

Մեր գերագույն նպատակը կայանում է սահմանների պաշտպանության, հարկ եղած դեպքում՝ հակահարձակման և ընդհանրապես բանակի մարտունակության վրա: Վերևում նշել եմ, որ բանակը մի հզոր օրգանիզմ է, իսկ վերջինս անդադար պետք է ուշադրության կենտրոնում լինի, և այդպես էլ վարվում է պաշտպանության նախարարությունը: Վարդան Մամիկոնյանի, Նժդեհի, Անդրանիկի գաղափարները այժմ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհիվ գրքերից ու միայն վտանգի պահին հնչած ելույթներից անցել և կիրառվում են բանակի օրգանիզմում, հիմա յուրաքանչյուր զինվորական թե՛ բարոյական և թե՛ ռազմական արվեստում գործադրում է մեր զորավարների թողած ավանդը: Հայոց բանակը կազմավորվել է հերոսների կյանքի գնով, սա մի կառույց է, որտեղ ինքնանպատակ գործողությունները ոչնչի չեն բերում, եթե չկա կազմակերպչական և զինվորական օրինապահության մակարդակը: Մենք սերում ենք իշխանական տներից, որտեղ բարձր էր դասվում զորականի պատիվն ու ռազմական օրինաչափությունները, այժմ մեր վերաստեղծ բանակը կրկին աստիճանավորել է սպայի և զինվորի փոխադարձ վստահությունն ու ազգանվեր հայացքները: Այսօր պաշտպանության նախարարությունը աշխատում է բոլոր ասպարեզներում իր մասնակցությունն ունենալ, լինի դա արվեստի միջոցառումներում, թե մանկավարժական խնդիրներում, որպեսզի հասարակական կյանքը է՛լ ավելի թիկունք կանգնի իր բանակին:

Կա սահմանամերձ թիկունք, որը նույնպես մեր զինվորական ուժն է. գյուղերը, շեները, մարդիկ վարել-ցանելով կերակրում են հողի ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ, սա կարևոր է: Սահմանին կանգնած զինվորը ոնց էլ լինի ականջի ծայրով առնում է դաշտերում, այգիներում աշխատող գյուղացիների անուշ հնչյունները, նաև այս հնչյուններն են զինվորի կրունկը սեղմում հողին: Եվ կա խոր թիկունք՝ մեր քաղաքները, որտեղ զինվորն այլևս «էկզոտիկ» քայլող արարածը չէ, այլ մասնակիցն է ցուցահանդեսների, միջոցառումների, հասարարակական դրսևորումների և պարծանքն է ժողովրդի: Քաղաքային լեցուն գրաֆիկով հայ մարդն իր սկզբնակետն ու վերջակետը զինվորի նկատմամբ ուշադրությամբ և հոգատարությամբ պետք է սկսի: Ամեն մեկս իր փոքրիկ ներդրումն ունենա բանակի կյանքում, ապա կամրապնդվի պետական, ազգասեր մտածողությունը:

Նորից զորակոչ է. ծառայությունից հետո Երևանի Պետական Համալսարանում ուսանելու տարիներին համալսարանի դիմացի այգում տարեց մի հայուհի օրն սկսում և օրն ավարտում էր իր անվերջ քննադատական մենախոսություններով: Անցորդների համար դարձել էր սովորական, այդ մենախոսությունը դադար էր առնում, երբ քայլողների մեջ տեսնում էր զինվորական հագուստներով մեկին: Բոլոր զինվորականներին նա դիմում էր գեներալ բառով.

-Գեներա՛լ, գլուխդ բարձր, հպարտ քայլիր, ժպիտ տուր դեմքիդ, – ասում էր նա, – դու գիտե՜ս, օրը քանի երեխա, պատանի է հայացքով քեզ ուղեկցում: Նրանք պետք է սիրեն քեզ, նրանք այսօրվա ու վաղվա զինվորներն են: Դու թիկունքում սիրո ճանապարհ բացողն ես. զինվորացուն պետք է սիրով մեկնի ծառայության, ոչ թե կոտրված սրտով: Գեներա՛լ, ժպիտ տուր դեմքիդ, քայլիր հպարտ:

Մեր ազգն այնքան արհավիրքներ է տեսել, որ հարկավոր է մինչև բանակային տարիքն արդեն զինվորագրվել բանակի ոգուն…

ԼԵՎՈՆ ՇԱՀՆՈՒՐ
(Շահնազարյան)

Խորագիր՝ #50 (1119) 24.12.2015 - 30.12.2015, Բանակ և հասարակություն


24/12/2015