Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՇԽԱՐՀԻ ԿԵՆՏՐՈՆԸ»



Պահեստազորի փոխգնդապետ Սարգիս Քառյանը արդեն ութերորդ տարին է, ինչ անցել է վաստակած հանգստի: Ազատամարտից հետո զինվորագրվել է հայոց նորաստեղծ բանակին, անցել բոլոր աստիճանները, հասել մինչեւ զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի պաշտոնին: Պարգեւատրվել է ինչպես կառավարական, այնպես էլ գերատեսչական մեդալներով, բազմաթիվ խրախուսանք-պատվոգրերով: Պատերազմի դաշտում երեք անգամ ստացել է ցնցահարված, որոնք, տիկին Մանիկի ասելով. «Սկսել են իրենց զգացնել տալ»: Տիկնոջ՝ Մանիկի հետ նա բնակություն է հաստատել Սյունիքի մարզի Ալվանք գյուղում (Մեղրու շրջան), որտեղ նախկինում ապրում էին ադրբեջանցիները: Զբաղվում են հողագործությամբ, նռան այգի են տնկել` տարածքը ազատագրել-մաքրելով հսկա քարակտորներից: Գրեցի վաստակած հանգիստ, ու նույն պահին էլ աչքիս առաջ եկավ այդ տիտանական աշխատանքը, հսկա քարերն ու քարերից ազատված հողակտորը, որտեղ նորահարսի նման շարվել են նռնենիները` դեպի երկնի կապույտը մեկնած իրենց սաղարթներով: Եվ երիցս զարմացա, որ այդ գործում ամուսնուն սատար, թեւութիկունք է կանգնել տիկին Մանիկը, որը ծնվել-մեծացել է Երեւան քաղաքում: «Դժվար չէ՞ր հին երեւանցու համար Մեղրի տեղափոխվելը եւ այս գործը կատարելը»,- հարցին՝ տիկին Մանիկը ժպիտով պատասխանում է. «Սիրո դեմ ամեն ինչ նահանջում է: Սիրով եմ կատարել այս գործը, որովհետեւ գիտակցել եմ, թե Սարգիսը, իր ընկերները հանուն ինչի պայքարեցին եւ ինչ սիրով էին կապված մեր հողին: Ինչ սիրով էր կապված ամուսինս Արեւիք գավառին, իր ծննդավայրին»: «Կռիվը պայքար է հողի, հայրենիքի համար, իսկ հողը, առավել եւս՝ ազատագրված հողը մշակելը, ծառերով ծանրաբեռնելը այդ հողին կարոտ ձեռքի արարում է: Ծաղկած ու պտղավորված հողն է դառնում հայրենիք»,- տիկնոջ խոսքն է շարունակում ամուսինը` պահեստազորի փոխգնդապետ Սարգիս Քառյանը:

Այգին Արաքսի ափին էր: Սահմաններում` ինչպես Նախիջևանի, Օրդուբադի, այնպես էլ Նյուվադիի, այժմ` Նռնաձորի կողմից ադրբեջանցիներն իրենց նկարագրին բնորոշ ամենօրյա ոտնձգություններ էին կատարում և պատիժը ստանալուց հետո որոշ ժամանակ սսկվում-մարաղ էին մտնում` սպասելով հարմար պահի: Մեղրիի ջոկատի տղաները, երբ կարճ ժամանակով տուն էին դառնում, Սարգիսը շտապում էր ծնողներին տեսության, որոնք Արաքսի ափին գտնվող այգում էին: Այդ այգուն նա անուն էր տվել` «Աշխարհի կենտրոն», որովհետև Հայաստանի տարբեր բնակավայրերից Մեղրի եկած իր մարտական ընկերները նստում էին այդ այգու ծառերի` թզենիների, նռնենիների, թթենիների ստվերում և ժամերով նայում էին Մայր գետին` Արաքսին, լվացվում էին Արաքսի ջրերով, ու այդ սերնդի համար այնքան հեռավոր, այնքան հեքիաթային թվացող երազները դառնում էին իրական, շունչ առնում ու լցվում նրանց հոգիները: Ցողվում էին Արաքսի ջրերով և զորացած ինչպես Կաթնաղբյուրից` գնում էին կռիվ:

Սարգիսի Ելենա մայրը նրանց ճանապարհում էր վառված մոմերով և մայրական աղոթքներով: Այդ այգում եղել են Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Յուրի Խաչատուրովը, Միքայել Հարությունյանը, Միքայել Գրիգորյանը, էլի շատերը ու նաև հայոց բանակի առաջին զինվորներից: Այն զինվորներից, որոնք զոհվեցին, մնացին ռազմի դաշտում, այժմ Սարգիսի այգում նռնենիների մի շարքը կոչվում է նրանց անուններով.

-Սա Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծառն է, սա հրամանատար Յու. Խաչատուրովի, սա մեր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունով է, սա իմ զինվոր Արմենի ծառն է: Երբ ես նրանց կարոտում եմ, սկսում եմ խոսել նրանց անուններով ծառերի հետ: Այնքան եմ ուզում, որ Գրետա մայրիկը ամեն աշնանամուտ գա, քաղի Սպարապետի ծառից թեկուզ մեկ նուռ: Ուզում եմ՝ այս մասին գրվի, որ բոլորը գան, քաղեն իրեն անուններով ծառերի բերքը: Իմ այգում արդեն 28 տեսակի նուռ է աճում: Եթե ասեմ, որ ուրիշ է մեր երկիրը, մեր հողը, մեր Արևիք գավառը, մեր նուռը, գուցե չհավատաք, սակայն հավատացնում եմ` այդպես է: Անցած տարի միջազգային այգեգործական ընկերությունից եկել-հասել էին այստեղ, որ իմ այգու նուռը տեսնեն, որ ասում եմ՝ աշխարհի կենտրոն, հավատացե՛ք, այդպես է: Զարմացել էին: Ինձ հետները տարան Լուիզիանա նահանգ: Այնտեղ շատ հայերի հանդիպեցի, որոնք զբաղվում էին այգեգործությամբ: Ամեն մեկն այնքան այգի էր մշակում, այնքան հողակտոր ուներ, որը հավասար էր մեր ամբողջ Մեղրիի տարածքին: Ես նրանցից շատ բան սովորեցի, նրանք էլ՝ ինձանից: Հետո, երբ իմացան իմ կենսագրությունը, իմ անցած մարտական ուղին` ամեն կերպ ուզում էին ինձ օգնել: Առաջարկեցին մնալ, տիրություն անել իրենց հողակտորներին: Զարմացան, որ այդպիսի բարձր աշխատավարձից ես հրաժարվեցի: Հետո, երբ ես նրանց ասացի, որ չեմ կարող թողնել իմ զոհված ընկերների շիրիմները, իմ Եռաբլուրը, իմ հողը, իմ Արաքսը, իմ այգին` նրանք էլ ոչինչ չասացին, երևի հասկացան: Հետո, երբ ուզում էին ինչ-որ բանով ինձ օգտակար լինել, ասացի, որ ուզում եմ Ֆրեզնո գնալ, տեսնել Զորավար Անդրանիկի, Վիլյամ Սարոյանի տունը: Իմ ցանկությունը կատարվեց: Հիմա իմ այգում աճում են նաև Զորավար Անդրանիկի ու Վիլյամ Սարոյանի անուններով ծառերը…

Նոր ենք ձեռք բերել մեր անկախությունը, երիտասարդ պետություն ենք: Օր օրի զգում եմ, որ զարգանում, առաջ ենք գնում: Ալվանք տանող ճանապարհը, որտեղ ապրում եմ, դեռ խորհրդային տարիներից ասֆալտի երես չէր տեսել: Տես՝ ինչ ճանապարհ են կառուցել: Այսպես կամաց-կամաց ամեն ինչ կփոխվի: Միայն աշխատել է պետք, շատ ենք ծուլացել: Պետք է աշխատել, ստեղծել, ապրել և ոչ թե բողոքել: Դժվարին ժամանակներ բաժին հասավ մեր նորաստեղծ բանակի առաջին զինվորներին` ցուրտ, մութ, պատերազմ, բայց նրանք պատվով տարան այդ ծանրությունը և պատերազմի դաշտում անգամ իրենց քաջագործություններով ետ չմնացին ազատամարտիկներից, որոնք դարձել էին հայոց նորաստեղծ բանակի սպաները:

Իմ տնկած ամեն մի նռան ծառը 30 կգ-ի փոխարեն պետք է 300 կգ բերք տա: Եթե ամեն մի գյուղացի իր հողամասում այդպիսի 20 հատ ծառ ունենա` նա իր մեկ տարվա նվազագույն թոշակի չափով փող կվաստակի: Էլ չեմ ասում մրգերի այլ տեսակների մասին: Հավատացե՛ք, մեր երկրից լավ տեղ չկա, մեր հողը, արևը, մարդիկ ուրիշ են: Ալվանքում Մխիթարի երկու տղաներն ու աղջիկը զինվորական են դարձել: Ինձ համար նրանք աստվածային մարդիկ են, որովհետև նրանք զինվորական են դարձել, որ պաշտպանեն դրախտավայր այս երկիրը…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #50 (1119) 24.12.2015 - 30.12.2015, Բանակ և հասարակություն


23/12/2015