Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ



Գնդապետ Ա. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում դեկտեմբերի 7-ից 12-ը անցկացվեցին կրտսեր հրամանատարական կազմի ուսուցման դասընթացների ամփոփիչ քննությունները: Մինչև տարեվերջ զինված ուժերի զորամասերի սերժանտական կազմը կհամալրվի նորեկներով: Ուսումնական զորամասի հրամանատարը գոհ է քննությունների արդյունքներից՝ նշելով, որ իր ղեկավարած ստորաբաժանումը վեց տարի անընդմեջ լավ արդյունքներ է գրանցել:

Ամփոփիչ քննություններ հանձնեցին այս տարվա հունիս-հուլիս ամիսներին զորակոչված կուրսանտները: Բարեհաջող քննություններ հանձնելուց և կոչում ստանալուց հետո նրանք ծառայության կանցնեն այն զորամասերում, որոնց ամրագրվել էին զորակոչվելուց՝ վիճակահանությամբ:

-Գալով ուսումնական զորամաս՝ նորակոչիկները բաշխվել են ըստ մասնագիտությունների: Առաջին երկու ամսվա ընթացքում ձեռք են բերել տեսական գիտելիքներ, որից հետո դրանք ամրապնդել գործնականով: Գործնական պարապմունքները հիմնականում անցկացվում են զորամասի տարածքում, բայց դրանք վերջնականապես ամրապնդվում են «Բաղրամյան» զորավարժարանում՝ մարտական հրաձգությամբ: Այստեղ յուրաքանչյուր կուրսանտ, ըստ ստացած գիտելիքների, նշանակվում է հրանոթի հրամանատար, նշանառու, հաշվարկի համար: Մարտական հրաձգության այս փուլից հետո կուրսանտները սկսում են նախապատրաստվել ավարտական քննություններին: Ամեն կուրսանտ հանձնում է 7 առարկա, ընդ որում՝ հրամանատարները 5 մասնագիտական, իսկ այլ մասնագետները՝ 3: Եթե կուրսանտները ստանում են դրական գնահատականներ, նրանց շնորհվում է կրտսեր սերժանտի կոչում, ստանում են համապատասխան մասնագիտության երրորդ կարգի մասնագետի աստիճան: Տասը օրվա արձակուրդից հետո նորաթուխ կրտսեր հրամանատարները և մյուս կուրսանտները մեկնում են իրենց զորամասերը,- նշում է ուսումնական զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Պետրոսյանը:

Դասընթացներում պատրաստում են տարբեր մասնագետներ` տանկի, ՀՄՄ-ի, հրաձգային ջոկի հրամանատարներ և այլն: Ուսուցումը կազմակերպվում է՝ հաշվի առնելով տվյալ մասնագիտացմանը անհրաժեշտ առանձնահատկությունները: Ամենից առաջ կուրսանտի հետ անցկացվում են անհատական զրույցներ. հենց սկզբից նրան հոգեբանորեն նախապատրաստում են անձնակազմ ղեկավարելու դժվարին գործին: Մի շարք տեսական դասընթացներից հետո սկսվում է գործնական շրջանը: Բացի հրաձգարանում անցկացվող կրակային, մարտավարական պատրաստության պարապմունքներից, կուրսանտները հնարավորություն ունեն իրենց վարպետությունը հղկելու նաև վարժասարքերով, ինչն էականորեն նպաստում է բարձր արդյունքների հասնելուն: Թե ինչ արդյունավետությամբ են անցկացվում համապատասխան միջոցառումները, լավագույնս ցույց են տալիս ամփոփիչ քննությունները: Բնականաբար, դրանք անցնում են լարված մթնոլորտում, յուրաքանչյուրը ձգտում է առավելագույն արդյունք գրանցել:

Զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Պետրոսյանն ընդհանուր առմամբ գոհ է վերջին քննությունների արդյունքներից, ապագա կրտսեր հրամանատարների մասնագիտական, տեխնիկական և ֆիզիկական պատրաստվածությունից:

-Նորակոչիկներով համալրվելուց հետո մենք ստուգարքներ ենք անցկացնում՝ նրանց գիտելիքները, ունակությունները պարզելու համար: Ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում ֆիզպատրաստությանը: Ցավոք, մեծամասամբ արդյունքները ոչ այնքան բավարար են լինում: Նոր սերունդը կոփված չէ: Սակայն այս 4-5 ամիսների ընթացքում մենք կարողանում ենք պարապմունքների, ինքնապատրաստության, առավոտյան մարզանքի, սպորտային միջոցառումների կազմակերպման շնորհիվ հասցնել մեր կուրսանտներին լավ արդյունքների,- նշում է հրամանատարը:

Նրա խոսքով՝ քրտնաջան աշխատանքի արդյունքում վերջին տարիների ընթացքում լավ գնահատականներ են արձանագրվում նաև մասնագիտական և տեխնիկական առարկաներից.

-Քանի որ սա հրետանային զորամաս է, և սպաների մեծ մասը հրետանավոր է, մեր ուշադրությունն այդ ուղղությամբ շատ մեծ է: Սակայն պետք է նաև փաստել, որ նոր սերունդը շատ վատ գիտի բազմապատկման աղյուսակը, գումարել-հանելը նախընտրում են հաշվիչ սարքերով անել: Այսինքն՝ նոր սերունդը հիմնականում կախված է տեխնիկական միջոցներից և ավելի արագ է ընտելանում նաև վարժասարքերին:

Հրամանատարը շեշտում է, որ զորամաս գալիս են միայն համապատասխան մասնագիտական փորձ ունեցող սպաներ, քանի որ նրանցից է կախված նաև ապագա կրտսեր հրամանատարների պատրաստման հարցը:

– Նորեկ սպաներին մենք առաջին ամիսներին մեթոդական ուղղություն ենք ցույց տալիս, քանի որ սա ուսումնական զորամաս է և, բնականաբար, այստեղ մեթոդիկան տարբերվում է մարտական զորամասերի մեթոդիկայից: Այսինքն՝ նոր սպան պետք է կուրսանտների հետ պարապմունքները մեթոդապես ճիշտ կազմակերպի: Այդ աշխատանքը պետք է լինի քրտնաջան և նպատակաուղղված: Մենք պարբերաբար հրավիրում ենք նաև նախկին զինվորական մեթոդիստներին և մասնագետներին, որոնց փորձը շատ կարևոր է նոր սերունդների համար:

Բ. ՄՈՎՍԻՍՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #49 (1118) 17.12.2015 - 23.12.2015, Ազգային բանակ


17/12/2015