Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՇՈՏԻՍ ՊԱՏԿԵՐԸ



-Մորաքրոջս տղան՝ Աշոտ Ալեքսանյանը, դիպուկահար էր, զենքը նրան էր նվիրել ամերիկահայ մի բարերար:- Պատմում է Արթուր Գեւորգյանը։- Կռվում էր Լաչինում, «Արամո» ջոկատի կազմում։ Տարին չէր բոլորել ինչ ամուսնացել էր: 1992-ի հոկտեմբերն էր։ Եղբորս՝ Վահրամի ամուսնության օրն էր։ Լուր էր ուղարկել, որ ինքը կդառնա նորապսակների քավորը։ Թալինի եկեղեցում պետք է տեղի ունենար պսակադրությունը, եւ քանի որ Աշոտն ուշանում էր, Նոռա մայրը որոշեց մինչեւ որդու գալը ստանձնել նրա դերը։ Երբ նորապսակները պատրաստվում էին մտնել Թալինի եկեղեցի, անբացատրելի, անմեկնելի մի բան կատարվեց։ Մորաքույրս, որն իր հասակով մյուսներից բարձր չէր, եկեղեցի մտնելիս հանկարծ ձեռքը սրտին տանելով՝ թույլ մի ճիչ արձակեց եւ գլուխը խփեց եկեղեցու դռան վերնամասին։ Քահանայի պահանջով ես փոխարինեցի մորաքրոջս։ Եկեղեցում արարողության ավարտից հետո հարսանիքը շարունակվեց Արագածոտն ավանի մեր տանը։ Նորա մորաքույրս տխուր էր, չնայած ամեն կերպ, կատակով, խոսք ու զրույցով փորձում էինք տրամադրությունը փոխել։ Անընդհատ կրկնում էր.
-Աշոտս. Աշոտս, որդիս ինչո՞ւ ուշացավ…
-Ուշ ժամ էր, երբ բոթը տեղ հասավ՝ Աշոտը վիրավորվել է։ Եկանք Երեւան, վիրավորների մեջ փնտրեցինք, չգտանք։ Ասացին, որ զոհվածներին բեռնատարով շուտով տեղ կհասցնեն։ Հասկացանք, որ Աշոտը նրանց հետ է… Եվ իրոք, զոհվածներից մեկն էր Աշոտը։ Հիմա նա ննջում է Եռաբլուրում։ Աշոտը հայրենասեր էր։ Առաջին իսկ օրից նա դուրս էր եկել պայքարի։ Բարության աղբյուր էր։ Հաղթահասակ էր, գեղեցիկ բոյ- բուսաթով։ Միշտ օգնության ձեռք էր մեկնում կարիքավորին, նեղյալին, որովհետեւ ինքը դժվար մանկություն էր ունեցել,- վերհիշում է Արթուրը։ -Հիմա Վահրամը, Աշոտի քույրը՝ Կարինեն, իրենց որդիներին Աշոտ են անվանակոչել։ Աշոտի կինը այդպես էլ չամուսնացավ։ Հետո արդեն, երբ զրուցեցինք Աշոտի մարտական ընկերների հետ, մանրամասներ իմացանք այդ օրվա կռիվների մասին, պարզվեց, որ այն պահին, երբ Նորա մորաքույրս պետք է մտներ եկեղեցի, հենց այդ ժամանակ գնդակը խոցել է Աշոտին։
-Սրտի սուր ծակոց զգացի ու գլուխս խփեցի եկեղեցու դռան վերնամասին։ Աչքիս Աշոտս էր։ Այդ կարճ ակնթարթին նրան տեսա մանկուց մինչեւ վերջին անգամ կռիվ ճանապարհելս,- հետո վերհիշում էր Նորա մայրիկը։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #19 (884) 18.05.2011 – 25.05.2011, Հոգևոր-մշակութային


26/05/2011