Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԵՐՔԱԲԵՐՑԻՆԵՐԸ ՀԱՎԱՔԵԼ ԵՆ ԲԵՐՔԸ ԵՒ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՑՐՏԱՇՈՒՆՉ ՁՄՌԱՆԸ



Բերքաբեր ժամանած այցելուները, ուզեն թե չուզեն, կանգ են առնելու գյուղի միջնակարգ դպրոցի մոտ: Նախ՝ տեղն է շատ հարմար, հետո էլ՝ երկհարկանի շինությունը հեռվից աչք է ծագում իր թարմությամբ ու գեղեցկությամբ՝ մաքուր պատեր, դասարանների մեծ ու լուսավոր պատուհաններ: Մոտիկից մեր դպրոցն ավելի գեղեցիկ է՝ ամբողջ բակը սալիկապատված է, ցանկապատված: Ցանկապատի ամբողջ երկայնքով մշակված ծաղիկներ են: Ամեն ինչ մաքուր է, կոկիկ ու խնամված: Շատ ավելի կսիրեք մեր գյուղը, եթե դպրոցի երկրորդ հարկի պատուհանից դուրս նայեք. մեր շրջանի բնության ամբողջ գեղեցությունը կփռվի ձեր առաջ: Ամեն պատուհանից մի տեսարան է բացվում… Տեսարաններից մեկն էլ, դարձյալ ուզենք թե չուզենք, բացվում է մեր հարևան-հակառակորդ երկրի վրա… Այստեղից լավ տեսանելի են ադրբեջանական տարածքները և դիրքերը: Զարմանալիորեն մեր դպրոց այցելողներին հենց այդ տեսարանն է հետաքրքրում… Բայց մեր աչքը վաղուց վարժվել-ընտելացել է…

Բերքաբերը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից է և գտնվում է Ջողազի ջրամբարի հարևանությամբ: Մեր գյուղը հակառակորդի դիրքերից ընդամենը 400 մետր է հեռու:

Բերքաբերցիները՝ մեծով ու փոքրով, կանգնած են սահմանին, սահմանապահ են: Մենք բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ կատարելով մեր ամենօրյա գործը, վարելով, հնձելով, դասավանդելով, ապրեցնում, շենացնում ենք մեր գյուղը, այսինքն՝ ամրացնում ենք մեր հայրենիքի սահմանը: Այո՛, այդպես է, որովհետև մեր գյուղի բնակիչների ու մեր դպրոցի աշակերտների համար «հայրենիք», «զինվոր», «թշնամի», «կրակոց» բառերը սոսկ բառեր չեն բառարանում քնած, այլ հողեղեն են, նյութական: Մենք ամեն օր ենք շփվում արդեն առօրեական դարձող, կենդանի մարմնավորում ստացած այդ բառերի հետ: Մեր դասերն էլ այլևս սովորական դասեր չեն՝ ծրագրերով պարտադրված, այլ ապրելու, պայքարելու, պաշտպանվելու դասեր: Եվ այս ճշմարտությունը գիտակցում են ոչ միայն մեծերը, այլև երեխաները:

Բերքաբերի միջնակարգ դպրոցի երկրորդ հարկում է նախնական զինվորական պատրաստության դասասենյակը՝ կահավորված անհրաժեշտ պարագաներով:

ՆԶՊ-ի յուրաքանչյուր դաս ակամայից վերածվում է ոչ միայն զինվորական առարկան յուրացնելու, այլ նաև հայրենասիրության դասի՝ պաշտպանել մեզ, մեր տունը, մեր գյուղը, հայրենիքը… Եվ աշակերտները դասը լավ են յուրացնում, որովհետև զգում են թշմամու շունչը, որովհետև անհրաժեշտության դեպքում ես նրանց մոտեցնում եմ պատուհանին ու ասում. «Եթե թշնամին ահա այն կողմից, տեսո՞ւմ եք ճանապարհը, հարձակվի, կամ եթե այն դիրքից…»: Երբեմն էլ մտորումների մեջ եմ ընկնում, թե կարծես զինվոր եմ պատրաստում անհապաղ ճակատ ուղարկելու… Մեղավոր չենք, կյանքն է մեզ ստիպում հավաք լինել, պատրաստ լինել ամեն անակնկալի, պատրաստ լինել ինքնապաշտպանության:

Օրինակ՝ դպրոցի երեխաների հետ՝ սկսած առաջին դասարանից, ամեն օր ազատ ժամերին ՆԶՊ դասասենյակում այդ նպատակի համար հատկացված և կահավորված տեղում կրակային պատրաստությունից օդամղիչ հրացանով հրաձգության ուսումնական վարժանքներ ենք անցկացնում, թեև ուսումնական ծրագրով այդ ամենը նախատեսված չէ: Եվ երեխաները մարզվում են կանգնած, ծնկած, պառկած դիրքերից կրակելուն, յուրացնում են անվտանգության կանոնները:

Ես ինքս, լինելով Երևանի բնակիչ, աշխատանքի վայր եմ ընտրել սահմանամերձ այս գյուղը՝ լավ գիտակցելով, որ մեր հայրենիքի պաշտպանության ամրությունը առաջին հերթին պայմանավորված է սահմանամերձ գյուղերի ամրությամբ ու նրա բնակիչների նվիրվածությամբ, քաջությամբ: Այնտեղ, որտեղ քո կյանքի ամեն պահը հղի է վտանգով, հայրենիքի գաղափարն ավելի խորն է նստում յուրաքանչյուրի հոգում:

Բերքաբերցիները անընկճելի են: Եղել են դեպքեր, երբ հակառակորդի գնդակոծության ժամանակ վնասվել են գյուղացիների տները, էլեկտրական լարերի հենասյուները, դպրոցի պատերը, փշրվել են դասասենյակների ապակիները, բայց ոչ ոք երբեք խուճապի չի մատնվել… Հակառակորդին լռեցնելուց հետո ամեն մարդ անցել է իր գործին, ուսուցիչներն ու աշակերտները՝ իրենց դասերին: Եվ մի բան էլ՝ նման միջադեպից հետո ամեն անգամ բազմապատկվում է մեր՝ գյուղացիներիս, ուսուցիչներիս, աշակերտների նվիրվածությունը իրենց գործին:

♦♦♦

Դպրոցը կցված է մոտակա զորամասին, որի հրամանատարական կազմը հաճախ է տարբեր առիթներով հյուրընկալվում մեզ: Այդ հանդիպումներին դպրոցում սիրով են սպասում: Մասնագետ զինվորականները զրույց են անցկացնում աշակերտության հետ, հոգեբանորեն նրանց նախապատրաստում են արտակարգ իրավիճակներին, սովորեցնում են հեշտ կողմնորոշվել տեղանքում, հնարավորինս արագ դպրոցի ապաստարանում տեղավորվել անհրաժեշտության դեպքում:

ՆԶՊ առարկայի դասասենյակում՝ որպես թանգարանային նմուշ, պահվում են հակառակորդի կիրառած տարբեր տրամաչափի զենքերի գնդակների, արկաբեկորների նմուշները: Դրանք հավաքվել են աշակերտների ձեռքերով… Դրանք մեր սահմանապահ գյուղի դժվարին ու ծանր, լարված, հերոսական առօրյայի վկայություններն են, որ խնամքով պահում ենք: Հենց վերջերս՝ 2015 թվականի սեպտեմբերի 2-ին, հակառակորդը սահմանապահ Բերքաբեր գյուղը նորից գնդակոծեց, կիրառելով խոշոր տրամաչափի զինատեսակներ: Թերևս հակառակորդը փորձում է բանեցնել մի ռազմավարություն, որի նպատակն է ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բարոյահոգեբանական վիճակի ջլատումը, որպեսզի մարդիկ ստիպված լքեն իրենց տները: Եվ ի՞նչ… Մեր գյուղը անսասան կանգնած բերդ-ամրոց է՝ ով իր գործին, մենք՝ մեր:

Բերքաբեր գյուղի մարտական դիրքերում իրենց մարտական հերթափոխն են անցկացնում նաև պայմանագրային հիմունքներով ծառայող բերքաբերցի քաջարի զինվորները: Զենքի ձգանին պահած նրանց մատը երբեք չի դողա, եթե հակառակորդը շարունակի լկտիորեն գնդակոծել մեր դիրքերը: Հատուցումը լինելու է անխուսափելի և դաժան:

Աշուն է: Սահմանում հարաբերական անդորր է:

Բերքաբերցիները հավաքել են բերքը և պատրաստվում են ցրտաշունչ ձմռանը:

Սամվել ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՀ Տավուշի մարզի Բերքաբերի
միջնակարգ դպրոցի զինղեկ, ավագ լեյտենանտ

Խորագիր՝ #40 (1109) 15.10.2015 - 21.10.2015, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


15/10/2015