Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՈԳԵԿԱՆ ԱՆԴՈՐՐԻ ՀՄԱՅՔԸ
ՀՈԳԵԿԱՆ ԱՆԴՈՐՐԻ ՀՄԱՅՔԸ

Հարցազրույց «Մահարիշի վեդայական կենտրոն» կրթական հիմնադրամի տնօրեն ՍՎԵՏԼԱՆԱ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ

-Տիկին Սվետլանա, աշխարհի շատ երկրներում մարդիկ տեղյակ են տրանսցենդենտալ մեդիտացիայի (ՏՄ), նրա տված օգուտի, մարդկանց վրա դրական ազդեցության մասին: Ես հիշում եմ, երկրաշարժից հետո ՏՄ-ի մասնագետներ եկան Հայաստան՝ այս տեխնիկայի միջոցով բնակչությանը օգնելու, սթրեսից դուրս բերելու, հոգեկան անդորր պարգևելու համար: Դուք՝ որպես ՏՄ-ի երկարամյա փորձառու մասնագետ, որ եղել է աշխարհի տարբեր երկրների ՏՄ-ի կենտրոններում, խնդրում եմ՝ պատմեք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում տրանսցենդենտալ մեդիտացիան:

-Տրանսցենդենտալ մեդիտացիան հայերեն թարգմանվում է մտորում, խորհրդածություն սահմաններից այն կողմ: Այն պարզ, բնական, գիտականորեն հիմնավորված մտավոր տեխնիկա է, որը կատարվում է 15-20 րոպե առավոտյան և երեկոյան, հարմարավետ դիրքում նստած: Այն կրոն չէ, փիլիսոփայություն չէ, մտքի կենտրոնացում կամ կառավարում չէ, այն հեշտ է սովորել և հեշտ է կատարել: Տրանսցենդենտալ մեդիտացիան որևէ ջանք չի պահանջում և կենսակերպի մեջ ոչ մի փոփոխություն չի ենթադրում: Հայաստանում 40 հազար մարդ սովորել է այս տեխնիկան: Ավելի քան 30 երկրի 250 առաջատար համալսարաններում և գիտական հաստատություններում կատարված շուրջ 600 գիտական հետազոտությունները վկայում են, որ ՏՄ-ը կուտակված սթրեսները վերացնելու արդյունավետ եղանակ է, շատ ավելի արդյունավետ, քան ռելաքսացիայի կամ մեդիտացիայի այլ տեխնիկաները, քանի որ ՏՄ կատարելիս մարմինը երկու անգամ ավելի հանգիստ է, քան ամենից խոր քնի վիճակում, բայց, միևնույն ժամանակ, բանականությունը ներսում արթուն է, ավելի զգոն, քան արթմնի գիտակցության ժամանակ: ՏՄ-ի ընթացքում բանականությունն առանց ջանքի, հեշտությամբ հանգստանում է և թափանցում մտքի նրբագույն մակարդակից էլ այն կողմ, դեպի մտքի ակունքը: Հենց սա էլ ակունքն է այն ամեն լավի՝ մտավոր ներունակությունների լիակատար զարգացման, ֆիզիկական առողջացման, ներդաշնակ վարվելակերպի, ընկերային հարաբերությունների բարելավման:

Հասարակության մակարդակում դրական միտումների աճը հեշտությամբ իրագործելի է ՏՄ-ի առաջընթաց ծրագրի կատարման դեպքում: Այս ծրագիրը կատարելով՝ կարելի է երկիրը զերծ պահել ամեն տեսակի արտաքին և ներքին վնասակար ազդեցություններից, ապահովել երկրի մշակութային ամբողջականությունը: Այս տեխնոլոգիան հայտնի է որպես Անպարտելի պաշտպանության տեխնոլոգիա (ԱՊՏ): Փաստեր կան, որ դրա արդյունքում դադարում են զինված բախումները, այն կարծես թե թշնամու միջից հանում է քո նկատմամբ թշնամական վերաբերմունքը:

– Իսկ բանակում ՏՄ-ն օգտագործելու օրինակներ կա՞ն:

-ԱՊՏ-ն արդեն կիրառվում է Լատինական Ամերիկայի երկրներում: Օրինակ՝ Էկվադորի ռազմական ոստիկանության գեներալի 2010թ. մարտի 8-ի որոշման համաձայն՝ ռազմական ոստիկանությունն սկսել է սովորել տրանսցենդենտալ մեդիտացիա: Գեներալն ընտրել էր 6-ամսյա ռազմական ոստիկան պատրաստող վարժարանների երկու բաժանմունքներ, որոնցից յուրաքանչյուրում 300 երիտասարդ կադետ սովորել է ՏՄ տեխնիկան, իսկ 200-ը ստացել է մեդիտացիայի առաջընթաց տեխնիկաներ:

Էկվադորի բանակի հոգեբաններին, որոնք անմիջականորեն մասնակցում էին այս հետազոտությանը, խնդրել էին գնահատել ՏՄ-ի արդյունավետությունը մեկ ամիս հետո: Զինծառայողների 96%-ի գնահատմամբ՝ այն գործնական է, 92%-ը ասել են, որ իրենց գործունեությունը լավացել է և ավելի լավ են դիմակայում սթրեսին: 96%-ը ասել են, որ ավելի լավ հարաբերություններ ունեն մարդկանց հետ, իսկ 95%-ը նշել են, որ իրենք իրենց լավ են զգում ՏՄ տեխնիկայով:

1983թ. լիբանանյան զինված հակամարտության ընթացքում 8 ամիս ԱՊՏ-ի կիրառման ազդեցությունը ենթարկվել է մանրազնին ուսումնասիրության: Արդյունքները տպագրվել են Journal of Conflict Resolution պարբերականում, և հետազոտությունները ամփոփ հրատարակվել են Journal of Social Behavior ամսագրում: Ըստ արդյունքների՝ այն օրը, երբ շատ մարդ էր մասնակցում մեդիտացիայի, այդ օրը կրակոցներ չէին լինում:

-Հայտնի է, որ որոշ երկրների կրթական ծրագրերում օգտագործվում է ՏՄ-ն: Ինչպիսի՞ հաջողություններ կան:

– Շուրջ 50 երկրի դպրոցներում ընդունվել է «Հանգիստ ժամանակ» ծրագիրը, որի ընթացքում աշակերտներն ուղղակի հանգիստ նստում են, գիրք կարդում: Արդյունքում՝ աշակերտները սկսում են ավելի լավ սովորել, դառնում են ավելի ստեղծագործ, նրանց միջև հարաբերությունները դառնում են ներդաշնակ, տագնապները, հուսահատությունը նվազում են, ուսուցիչները սկսում են բավականություն ստանալ իրենց աշխատանքից:

Բրազիլիայի բոլոր 38 հազար դպրոցներում արդեն սկսել են իրագործել այս ծրագիրը: Եվ ընդհանրապես, Լատինական Ամերիկայի շատ երկրներում է կիրառվում:

– Հայաստանում ինչպե՞ս են վերաբերվում ՏՄ-ին: Կա՞ արդյոք հետաքրքրություն, մասնավորապես՝ պետական մակարդակով:

-1989թ., երբ առաջին անգամ ՏՄ-ն սկսեց ուսուցանվել Հայաստանում, այն հովանավորվում էր պետության կողմից: Այս հարցազրույցը մի հնարավորություն է տեղեկացնելու այս զարմանահրաշ տեխնոլոգիայի մասին: Ինչո՞ւ չկիրառենք մաեւ մեզ մոտ: Վստահ եմ՝ արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տա: Կյանքը նման է փշոտ վարդի, և արդեն մեզնից է կախված՝ վայելել վարդի գեղեցկությո՞ւնը, թե՞ սարսափել նրա փշերից…