Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ



2010 թվականի աշնանային զորակոչի անցկացման, զորքերի համալրման միջոցառումների շրջանակում շարունակվում են ՀՀ պետական բուհերի ուսանողների այցերը ազգային բանակի զորամասեր։ Դեկտեմբերի 23-ին եւ 24-ին Մ. Հերացու անվան բժշկական, Խ. Աբովյանի անվան մանկավարժական, տնտեսագիտական, ագրարային, սլավոնական համալսարանների, Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների, ճարտարապետաշինարարության, թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտների ուսանողներ եւ աշխատակիցներ հյուրընկալվեցին ուսումնական զորամասերում, ծանոթացան զինվորների կենցաղային ու զորանոցային պայմաններին, ուսումնական զորամասերում տարվող ծառայության առանձնահատկություններին։ Առաջին զորամասի հետ նրանց ծանոթությունը սկսվեց հսկիչ-անցագրային կետից ու դրան կից տեսակցությունների սենյակից։ Այնուհետեւ ուսանողները եղան զորանոցներում, ծանոթացան զինվորների հանգստի պայմաններին։
Բուժկետի բուժքույր Լյուդմիլա Բաղդասարյանը հանգամանալից ներկայացրեց բուժկետում տիրող իրավիճակը, պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին։
-Այս պահին բուժկետում ունենք հարբուխով հիվանդ հինգ զինվոր, որոնք 1-2 օրից դուրս կգրվեն,- վստահեցրեց բուժքույրը։
Ճաշարանում ուսանողները եղան եփման, մսի, բանջարեղենի եւ խոհանոցային սպասքի պահպանման արտադրամասերում։ Ճաշարանի պետի ժամանակավոր պաշտոնակատար, ենթասպա Կարեն Կարապետյանը ներկայացրեց այդ օրը ճաշին զինվորներին տրվելիք ճաշացանկը՝ բրնձով ապուր, մակարոնով փլավ, կաղամբով, գազարով ու բազուկով աղցան, մասուրի օշարակ…
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի օգնական Էմին Թորոսյանը, ով, ի դեպ, ծառայությունն սկսել է հենց այս զորամասում, չկարողացավ թաքցնել իր հիացմունքը։
-Այսպիսի պայմաններ տասը տարի առաջ կարելի էր միայն երազել։ Հայ պատանու համար բանակում ծառայելը ժողովրդի հանդեպ տածած սիրո եւ նվիրումի ամենաճիշտ ու իրական դրսեւորումն է,- իր կարծիքն է հայտնում Էմինը։
Սլավոնական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Զարուհի Հակոբյանի համար այս այցն առաջինն է։
-Շատ էի ցանկանում լինել որեւէ զորամասում, տեսնել, թե ինչ պայմաններում են ապրում ու ծառայում մեր տղաները։ Շատ ընկերներ ու ծանոթներ ունեմ, որ այս պահին կրում են հայ զինվորի համազգեստը՝ արժանանալով հայրենիքի պաշտպանը լինելու բարձր պատվին։ Այսուհետեւ էլ զորամասեր այցելելու առիթը բաց չեմ թողնելու,- վստահեցրեց Զարուհին։
Սլավոնական համալսարանի ուսումնադաստիարակչական բաժնի վարիչ, ՀՀ նախագահին առընթեր հանրային խորհրդի երիտասարդության հարցերով զբաղվող ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանն արդեն հասցրել է լինել մեկ տասնյակից ավելի զորամասերում։ Վերջերս նա ներկայացուցչական բավականին մեծ խմբի հետ այցելել էր սահմանամերձ գյուղ, եղել այնտեղ տեղակայված գումարտակում։
-Զինմասում տիրող կարգուկանոնը, մաքրությունը ուղղակի հիացրեց բոլորիս։ Զինվորների դեմքի արտահայտությունից էլ ակնհայտ էր, որ նրանք գոհ են ծառայության պայմաններից, իրենց հրամանատարներից,- իր տպավորությունները մեզ հետ կիսեց Հռիփսիմեն։
Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Կարեն Ակոպյանին ծառայությունն անծանոթ չէ։ Հանրապետական կուսակցության երիտթեւի կազմակերպած «Մեկ օր սահմանում» միջոցառման շրջանակներում Կարենը եղել է սահմանամերձ զորամասերում, ծանոթացել սահմանային ծառայության առանձնահատկություններին։
-Ամեն մեկս հայրենիքին պետք է տանք մեր բաժինը,- ասաց Կարենը։
Այցի վերջում ուսանողները հյուրընկալվեցին ուսումնական մասնաշենքում։ Մեթոդական պարապմունքների լսարանում նորակոչիկների հետ ունկնդրեցին վաշտի հրամանատար մայոր Վ. Ղազարյանի անցկացրած դասընթացը։
-Ուսումնական զորամասում ծառայության 5-6 ամիսների ընթացքում պատրաստվում են ոչ միայն հայրենասեր զինվորներ, այլեւ կապի լավ մասնագետներ։ Կապավորի մասնագիտությունը բարդ է եւ հետաքրքիր։ Ժամանակակից պատերազմում անհնար է հաղթել, եթե չունենաս անխափան գործող կապ,- նորակոչիկներին եւ ուսանողներին ուղղված ամփոփիչ խոսքում ասաց մայոր Ղազարյանը։
Վերջում վաշտի հրամանատարը պատասխանեց ուսանողների հարցերին՝ դրանց տալով սպառիչ պատասխաններ։
Դեկտեմբերի 24-ին ուսանողների երկրորդ խումբը հյուրընկալվեց մեկ այլ ուսումնական զորամաս։ Այցի նպատակն էր հանդիպել իրենց բուհերից զորակոչված ուսանողներին, ծանոթանալ նրանց ծառայական առօրյային։
Ճարտարապետաշինարարական ինստիտուտի ուսանողուհիներ Ռիմա Արշակյանի, Արփինե Ալեքսանյանի, Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանի ուսանողուհիներ, քույրեր Մարինա եւ Աննա Սողոյանների համար այս այցն առաջինն էր, բայց վստահ են, որ վերջինը չէ։ Զորամասում Արփինեն հանդիպեց իր համադասարանցուն՝ շարքային Արմեն Սահակյանին ու լուսանկարվեց նրա հետ։
Զորամասի շարահրապարակում ամբողջ թափով ընթանում էին շարային պարապմունքներ. նորակոչիկները պատրաստվում էին առաջիկայում կայանալիք զինվորական երդման արարողությանը։ Մայոր Արման Ադամյանի ուղեկցությամբ ուսանողները շրջայց կատարեցին զորամասի տարածքում, եղան զորանոցներում, ճաշարանում, մարզավանում։
Օրվա երկրորդ կեսին ավարտվեց ճանաչողական այցը։ Ուսանողները խոստացան հաջորդ տարի շարունակել նմանատիպ այցերը արդեն հանրապետության սահմանամերձ զորամասեր։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #51 (866) 29.12.2010 - 5.01.2011, Բանակ և հասարակություն


29/12/2010