Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՀ ՊՆ «ԶԻՆՈՒԺ» ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԻ ՀԱՐՑԻՆ



Հարց. Սեպտեմբերի 3-ից 6-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվեցին «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Արդեն սեպտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում տեղի կունենա այդ զորավարժությունների կրակային փուլը, իսկ հոկտեմբերի սկզբին կկազմակերպվի եւս մեկ` «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունը` արդեն ՀԱՊԿ շրջանակներում: Զուգահեռաբար, ադրբեջանական մամուլով լուրեր են տարածվել, որ սեպտեմբերի 6-ից 13-ը այդ երկրում նույնպես կազմակերպվում են զորավարժություններ, որոնց ընդգրկված է լինելու 65.000 անձնակազմ, 700 միավոր մարտական մեքենա, 500 միավոր հրթիռային եւ հրետանային համակարգ, 40 միավոր ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Արդյոք կա՞ն միջազգային մեխանիզմներ՝ զորավարժությունների քանակական ցուցանիշները վերահսկելու եւ դրանց թափանցիկությունն ապահովելու համար:

Պատասխան. Սպառազինությունների վերահսկման միջազգային պայմանագրերը, մասնավորապես` ԵԱՀԿ շրջանակներում, որոնց անդամակցում են ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը, նախատեսում են զորավարժությունների վերահսկման մեխանիզմներ: Մասնավորապես՝ Վիեննայի 2011թ. փաստաթուղթը սահմանում է, որ մասնակից պետությունները պետք է ծանուցեն մյուս բոլոր մասնակից պետություններին մինչեւ 9000 մարդ, ներառյալ ապահովման ուժերը կամ մինչեւ 250 մարտական տանկեր կամ մինչեւ 500 ՄԶՄ-ներ կամ մինչեւ 250 ինքնագնաց կամ քարշակող հրետանի, ականանետներ եւ համազարկային կրակի ռեակտիվ համալիրներ (100 մմ եւ ավելի տրամաչափի) որեւէ մեկ զորավարժության մասին: Ընդ որում, եթե տվյալ մակարդակի զորավարժությունները նախատեսված չեն եղել նախորդ տարվա պլանով, ապա դրանց անցկացման մասին պետք է ծանուցվի անցկացումից առնվազն 42 օր առաջ: Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ում անցկացվող «Շանթ» եւ «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունները չեն գերազանցում տվյալ սահմանաչափերը, այնուամենայնիվ, թափանցիկության եւ փոխվստահության ապահովման նկառատումներով դրանք ԵԱՀԿ սահմանված ընթացակարգերով հայտարարվել են: Ինչ վերաբերում է Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին, ապա, դատելով հրապարակված թվերից, դրանք պետք է հայտարարվեին նախապես, ինչը չի արվել: Ուստի սպառազինությունների վերահսկման ոլորտում Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից որդեգրած քաղաքականության տարբերության մասին լրացուցիչ մեկնաբանությունների անհրաժեշտություն չեմ տեսնում:

Խորագիր՝ #35 (1104) 10.09.2015 - 16.09.2015, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


10/09/2015