Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՇՆԱՄՈՒՆ ՍԱՆՁՈՂՆԵՐԸ



Փոխգնդապետ Մանուկ Բադալյանի ուղեկցությամբ մեկնում ենք դիրքեր: Ճանապարհն անցնում է սահմանամերձ գյուղով: Գյուղի կողքին միջնադարյան բերդն է, որից էլ գյուղի անունը` Բերդավան: Բերդի պարսպին ծածանվում է եռագույնը: Զորամասն ունի իր ուխտի օրը, և ամեն տարի այդ օրը հրամանատարությունը զինվորների, զորամասի հոգևոր սպասավորի հետ այցելում է բերդ և ուխտագնացության ավարտին նորացնում անձրևներից ու արևից խունացած դրոշը:

-Մեր եռագույնը, որը մշտապես ծածանվում է բերդի պարիսպներին, դիրքերում կանգնած զինվորներին ու նաև տեղի բնակչությանը դարերի տակ ննջող մեր պատմության փառքն է հիշեցնում և մեր` այսօրվա ազատ, անկախ պետության: Թշնամին, որն առաջին օրերին սևակնած հոգով էր ընդունում մեր անկախության խորհրդանիշը, աստիճանաբար սովորեց, համակերպվեց: Այդպես է. երբ ի զորու ես պաշտպանելու քո սրբությունները, քո պատմական արժեքները` թշնամին ի վերջո ստիպված պետք է հաշվի նստի քեզ հետ,- ասում է փոխգնդապետ Մ. Բադալյանը, որը զորամասի հրամանատարի տեղակալն է, փորձառու ու նվիրյալ զինվորական:

Նա առաջընթացի բոլոր աստիճաններն անցել է պատվով` ծառայելով Հայաստանի սահմանամերձ տարբեր բնակավայրերում: Ծնունդով Վայոց ձորի Աղավնաձոր գյուղից է: Գյուղը երկու զոհ է տվել` երկուսն էլ նրա հորեղբայրներն են եղել: Եվ այդ օրվանից որոշել է զինվորական դառնալ: Ավագ եղբոր օրինակին են հետևել նաև կրտսեր եղբայրները, որոնք նույնպես ծառայում են սահմանամերձ զորամասերում: Ուրախալի է, որ այսօր արդեն հայոց բանակում ձևավորվել ու հասակ է առնում երիտասարդ զինվորականների մի սերունդ, որը մասնագիտական բարձր պատրաստության հետ միասին հրաշալիորեն գիտակցում է սահմանամերձ բնակչության դերը բանակ-հասարակություն փոխգործակցության պատասխանատու գործում` գնահատելով նրանց դժվարին ու հերոսական առօրյան:

-Բերդավանցիները հերոսական ժողովուրդ են: Հենց այն փաստը, որ գյուղում համարյա դատարկ տներ չկան, նրանց հայրենասիրության, քաջության վկայությունն է: Իսկ պատանիները, որոնք պատերազմի օրերին զենք ու զինամթերք էին հասցնում իրենց հայրերին, համագյուղացիներին, այսօր արդեն ծառայում են բանակում: Բնակչությունը բանակի հետ է, իր զինվորի կողքին,- ասում է փոխգնդապետը:

Մարտական հենակետում ենք: Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Սողոմոն Խաչատրյանը, դիրքից դիրք անցնելով, ստուգում է դիտակետերում հերթապահող զինվորների ծառայության անցկացման կարգը, ծանոթանում հակառակորդի հետ շփման գծում տիրող իրավիճակին:

-Թշնամին գիտակցում է մեր դիրքի կարևորությունը և մի քանի անգամ փորձել է գրավել, սակայն հետ է շպրտվել մեր դիրքապահների գրագետ գործողությունների շնորհիվ: Արդեն համոզվել ենք, որ նրանց ծրագրած մարտավարությունը թույլ է, խոցելի, և մեր 18-19 տարեկան զինվորները հենց հայրենասիրությամբ, քաջությամբ, անկոտրում ոգով, զինական պատրաստվածությամբ գերազանցում են 30-ից բարձր տարիք ունեցող պայմանագրայիններին,- ասում է հրամանատարը:

Այստեղ թշնամու կողմից տեսանելի խրամատներ չկան: Հակառակորդի դիրքերը մոտիկ են, ասես` բռիդ մեջ: Ահա ինչու մեր զինվորները ավելի քան զգոն են, քանի որ ամեն պահ կարող են հնչել կրակահերթեր: Ինչևէ, տղաների դեմքին ես լարվածության ոչ մի հետք չեմ տեսնում: Հարցիս զինվորները հումորով են պատասխանում. «Հաճախակի հնչող կրակոցները դարձել են սովորական, որովհետև այդ կրակոցներով նրանք ընդամենը իրենց գոյության մասին են իրազեկում»: Հակիրճ և ավելի քան լուրջ էր հրամանատար, փոխգնդապետ Ս. Խաչատրյանի պատասխանը.

-Կրակոցներին մեր պատասխանը կլինի նպատակային և հուժկու, այնպես, որ թշնամու զինվորը հասկանա` մենք ոչ թե «ներկա-բացակա» ենք անում, այլ ցույց ենք տալիս` ով է այստեղ դրության տերը:

♦♦♦

Դիրքերում շարունակվում են ամրաշինական, ինժեներական աշխատանքները: Թշնամու ականանետներից պատսպարվելու համար դիրքապահ ամեն զինվոր կունենա իր անհատական թաքստոցը:

-Մեր ամեն մի զինվորի կյանքը անչափ թանկ է մեզ համար, և մենք պետք է ամեն կերպ ապահովենք նրա կյանքի անվտանգությունը,- ցույց տալով կատարված աշխատանքը` ասում է հրամանատարը: Թե ինչ կառույցներ են դրանք, պաշտպանական ինչպիսի խնդիրներ են լուծելու, հրամանատարը հարկ չհամարեց պարզաբանել՝ գնահատելով որպես ռազմական գաղտնիք:

Հրամանատարը մենակ չէ. նրա կողքին նկատում եմ ղարաբաղյան պատերազմի վետերաններին: Նրանք, ովքեր լավ գիտեն տեղանքն էլ, թշնամուն էլ: Ազատամարտիկ Հովիկ Ավետիսյանը դիրքապահ զինվորների մասին հիացմունքով ասում է. «Տղաներն էնպես են կանգնած, ոնց որ առյուծն իր բույնը հսկելիս»: Եվ իրոք այդպես է:

♦♦♦

Վերադարձին նորից փողփողում է Բերդի պարիսպներին ամրացված եռագույնը, և ես մտքումս հիշում էի դիրքում կանգնած տղաներին` նրանց անունները` Գևորգ Գևորգյան, Արմեն Պողոսյան, Վարդգես Վարդանյան, Գևորգ Սարգսյան, Գևորգ Մկրտչյան, Գոռ Հովհաննիսյան, Մայիս Թովմասյան և էլի շատ-շատ տղաներ, որոնց կոչումներն ու պաշտոնները չեմ նշում, որովհետև նրանց կոչում ենք մեկ բառով` ԶԻՆՎՈՐ, այսինքն՝ հայրենիքի պաշտպան:

Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #35 (1104) 10.09.2015 - 16.09.2015, Ազգային բանակ


10/09/2015