Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԻՏԵՆ ԱՐԴՅՈՔ



…Եվ գալիս է մի պահ, երբ բացարձակապես ոչինչ չես զգում` ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեպես: Այդ վիճակը ինչ-որ չափով տարօրինակ է, ու հենց տարօրինակությունն էլ հետաքրքրություն է ծնում եւ միաժամանակ պարուրվելով համակած տագնապով, վերածվում է մի անծանոթ, բայց, անշուշտ, ցանկալի զգացողության:

Մտքերս խառնվում են իրար, քաշքշում ու հրմշտում մեկը մյուսին: Նրանցից յուրաքանչյուրը փորձում է հաղթող լինել…

Այդ խառնաշփոթ իրավիճակում փորձում եմ զգացմունքներս կառավարել. թախիծ, կարոտ, ուրախություն, հպարտություն, վիրավորվածություն, անտարբերություն, ջղայնություն, պատասխանատվություն:

Երբ կանգնած եմ մեն-մենակ հսկա լեռների ու ժայռերի միջեւ, այս ամենը իրար հետ պարուրվելով, հանգիստ չի տալիս ինձ: Փորձում եմ մտքերս ուղղել մի լավ կետի իմ հիշողություններում, բայց, ավաղ, ոչինչ չի ստացվում` գլխումս քաոս է: Մտքերը անվերջ պտտվում են, անհետանում ու նորից հայտնվում: Ականջ եմ դնում` լռություն է: Լռում են երկինքը, երկիրը, լեռները: Հանկարծ ճայթում է ամպրոպը, որից անհավատալի արագությամբ պոկվում է մի լուսային զանգված եւ աներեւակայելի ուժով հարվածում ինձանից քիչ այն կողմ: Հարվածի տակ ընկած ժայռաբեկորը փշուր-փշուր է լինում եւ գլորվում է սարերն ի վար: Բայց…Տարօրինակ է…Ես ոչինչ չեմ լսում` ո՛չ ամպրոպի ձայնը, ո՛չ կայծակի, ո՛չ էլ փշրվող ժայռաբեկորի: Ինձ խլացրել է մի այլ, ավելի հզոր ու բարձր ձայն` լռության ձայնը: Լռությունն ինձ հետ է խոսում` մեկնաբանելով շուրջբոլորս տեղի ունեցող երեւույթները, ուղղակի այն ինձ հետ խոսում է, խոսում է այլ լեզվով, մի արտասովոր ու հանգստացնող, մարդկանց անծանոթ լեզվով:

Կանգնած նայում եմ հեռուն` ականջս լռությանը: Հանկարծ զգում եմ, որ ձեռքերս արդեն սառցակալել են…Ոտքերս այլեւս չեմ զգում: Ես դեռ երկար պիտի կանգնեմ` մի ժամ, գուցե եւ ավելի: Այդ սառնամանիքին կանգնած մնալու ուժ է տալիս միայն այն միտքը, որ ես պահապան եմ, որ ես պահպանում եմ, եւ ինձ են վստահված ուրիշների կյանքերը: Գիտե՞ն արդյոք նրանք այդ… Գիտե՞ն արդյոք, որ իրենցից շատ հեռու մի տեղ` սպիտակափառ լեռների գագաթին, ամեն րոպե վտանգելով կյանքը, սառցակալած ձեռքերով, ինքնաձիգը ոչ մի վայրկյան ձեռքից վայր չդնելով` կանգնած է հասարակ զինվորը…Նա կանգնած է, որպեսզի «ուրիշները» կարողանան հանգիստ քնել:

Գիտե՞ն արդյոք, որ նա կանգնած է կյանքի ու մահվան աներեւույթ այդ սահմանին…Կանգնած է անվախ, կանգնած է հպարտ…Այդ մասին գիտի ու տեսնում է միայն լռությունը` ԶԻՆՎՈՐԻ երկժամյա հավատարիմ ընկերը, որը ծանոթ է նրա բոլոր մտքերին եւ կարեկից է նրան, քանի դեռ նա ՊԱՀԱՊԱՆ է:

ԴԱՎԻԹ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
շարքային

Խորագիր՝ #35 (1104) 10.09.2015 - 16.09.2015, Հոգևոր-մշակութային


10/09/2015