Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՋԻՎԱՆՔՈՒՄ



Սիրելի՛ զինվոր, եթե քեզ երբևէ բախտ վիճակվի լինել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, անպայման այցելիր հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն: Կոչվում է նաև հայ գրողների Հավլաբարի պանթեոն: Հայ գրողների պանթեոն ճանապարհն անցնում է Սուրբ Երրորդություն մայր տաճարով, որը վրաց ուղղափառ եկեղեցու գլխավոր տաճարն է: Համարվելով Կովկասի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին` 10 տարի առաջ կառուցված տաճարը նկատելի է Թբիլիսիի ցանկացած կետից և Վրաստանի մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է:

Հայերն այս Սուրբ Երրորդություն մայր տաճարը կամ Սամեբան, չեն սիրում, պատճառն այն է, որ այս տաճարը կառուցվել է հին հայկական գերեզմանատան` Խոջիվանքի տեղում:

Ըստ պատմական տեղեկությունների, Խոջիվանքը հիմնադրվել է 17-րդ դարում` Վրաց Ռոստոմ թագավորի ատենադպիր, ժամանակի «ուսյալ և կրթյալ այրերից» Աշխարհաբեկ Բեյբությանի` թագավորից իբրև նվեր ստացած գերեզմանատեղում: Թագավորը նրան շնորհել է «խոջա» (պարսկ.` տեր) պատվանունը: Գերեզմանատեղում կառուցվել է Խոջայի վանքը, որը ժամանակի ընթացքում հնչյունափոխվել է և դարձել Խոջիվանք: Վանքի շրջակայքը ժամանակին վերածվել է հայկական գերեզմանատան, որտեղ թաղվել են հազարից ավելի ճանաչված գործիչներ: 1930-ական թվականներին, Բերիայի հրամանով, բռնի վրացականացվում է հայկական եկեղեցիների մեծ մասը: 1922 թվականին Վրաստանի մայրաքաղաքում գործում էին 22 հայկական եկեղեցիներ, որոնք բռնակցվել են վրաց եկեղեցուն, որոնցից միայն երկուսն են այսօր պատկանում Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն:

1934 թվականին Խոջիվանքի գերեզմանատունն ավերվում է, ոչնչացվում են բոլոր տապանաքարերն ու դամբարանները: Նկարիչ Շարբաբչյանի և ճարտարապետ Ռուբեն Աղաբաբի ջանքերով մի քանի աճյուններ ու տապանաքարեր փրկվում են ու տեղափոխվում մեծ վիպասան Րաֆֆու գերեզմանի մոտ, որը նախկինում գերեզմանատան եզրին էր գտնվում: Այժմ Րաֆֆու գերեզմանի շուրջն են ամփոփված մոտ երեք տասնյակի հասնող մտավորականների գերեզմանները: Ականատեսները պատմում են, որ երբ 2002 թվականին կառուցվեց Թբիլիսիի Սուրբ Երրորդություն մայր տաճարը կամ «Ծմինդա Սամեբան», հիմքը փորելու ժամանակ գտնվել են մարդկային ոսկորներ, որոնք այդպես էլ չեն վերաթաղվել, և իրենց այդ անհարգալից վերաբերմունքն է, որ շարժել է Վրաստանի հայ համայնքի զայրույթը:

Պանթեոնի մուտքի մոտ ներսի կողմից պատերի տակ շարված են մի քանի գերեզմանաքարեր, որոնք Հավլաբարում ապրող հայ երիտասարդները կարողացել են փրկել և բերել Խոջիվանքից, իսկ բազմաթիվ գերեզմանաքարեր էլ տեղափոխել չի հաջողվել, և դրանք ոչնչացվել են կամ վնասվել:

Խոջիվանքի պանթեոնում ամփոփված են հայ մտավորականության թիֆլիսյան սերուցքի, այդ թվում` Հովհաննես Թումանյանի, Րաֆֆու, Ջիվանու, Նար-Դոսի, Հակոբ Հակոբյանի, Ղազարոս Աղայանի, Ալ. Ծատուրյանի, Մուրացանի, Մակար Եկմալյանի, Ծերենցի, Պերճ Պռոշյանի, Գաբրիել Սունդուկյանի, Գրիգոր Արծրունու, Քեռու, Նաղաշ և Մկրտում Հովնաթանյանների, Ղազարոս Աղայանի, Նիկոլ Դումանի և մոտ երեք տասնյակի հասնող մշակութային, հասարակական գործիչների ու ականավոր այլ մեծերի տապանաքարերը:

Այսօր էլ մտահոգիչ է Թբիլիսիի Խոջիվանքի հայկական պանթեոնի վիճակը:

Հասմիկ ՄԱԴՈՅԱՆ

Խորագիր՝ #35 (1104) 10.09.2015 - 16.09.2015, Հոգևոր-մշակութային


10/09/2015