Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԴՈՒ ՄԵՐ ԸՆԿԵՐՆ ԵՍ...
ԴՈՒ ՄԵՐ ԸՆԿԵՐՆ ԵՍ…

Մայոր ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ հիշատակին

Ես չեմ կարող մահախոսական գրել քեզ համար, որովհետեւ հերթապահ բառեր շարելու համար պիտի սիրտդ անհաղորդ լինի: Հոգիդ պիտի չզգա, որպեսզի կարողանաս կենսագրական թվեր-փաստերի անհույզ տողերը եզրափակել «նրա հիշատակը վառ կմնա» միլիոն անգամ ասված նախադասությամբ:…Իսկ դու իմ ընկերն ես, մյուս բոլոր ընկերներիս նման, որոնց ամեն օր տեսնում եմ խմբագրությունում երկար տարիներ ի վեր ու երբեք չեմ մտածում, թե որքան տեղ են զբաղեցնում նրանք իմ սրտի մեջ ու իմ կյանքում: Իսկ քո տեղն այսօր դատարկ է, ու բոլորս մի տեսակ շվարած ենք, որովհետեւ այդ դատարկությունն անսպասելիորեն այնքան մեծ է, ու կապարի պես ծանր լռություն է իջել խմբագրության վրա: Պակասել է քո գույնը մեր հավաքական լուսանկարից, դու` քո առավելություններով ու թերություններով, քո ճիշտ ու սխալով…Մենք հավաքվել ենք քո համակարգչի մոտ, շրջապատել ենք քո սեղանն ու փորձում ենք լցնել քո բացակայությունը հիշողություններով, քո ներկայության պատրանքը պարգեւել մեզ: Ռոբերտը հիշում է, թե ինչպես մեկ օր առաջ իրեն օգնել ես նորոգելու մեքենայի անիվը: Վահեն պատմում է, որ հերթապահ եղած ժամանակ սիրտդ պաղպաղակ է ուզել, մեր պաղպաղակները կերել ես ու հաջորդ օրն առավոտյան չորս պաղպաղակ ես դրել տեղը` երկուսի փոխարեն: Իսկ ես ցույց եմ տալիս քո բերած շիշը: Ես սառնարանից վերցրել էի քո բաժին ջուրը, դու սկզբում դժգոհեցիր` հիմա ես ինչ եմ խմելու մեքենայի մեջ (շոգ էր, նկարահանման էիր գնում), հետո ինչպես հատուկ է քո բարի սրտին, հետ եկար մի շիշ ձեռքիդ ու ասացիր` հո չնեղացա՞ր, այս շշով ամեն օր քեզ համար ջուր կդնեմ սառնարանի մեջ, որ ուրիշի ջուրը չվերցնես: Դու պարզապես իմ ընկերն էիր, ու ինձ լրիվ մեկ է, թե դու քանի անգամ ես դիրքեր բարձրացել, քանի լուսանկար ես նկարել թշնամու նշանառության տակ, ու քանի աստղ կա ուսադիրիդ վրա: Ես հիշում եմ, որ ընդամենը երկու օր առաջ միասին գնացինք հոսպիտալ` այցելելու թշնամու դիվերսիայից վիրավորված սարկավագին: Դա քո վերջին աշխատանքն էր` վերջին լուսանկարդ: Հիշում եմ, թե ինչպես ինձ տուն ճանապարհելիս չթողեցիր պատահական տաքսի նստեմ, վտանգավոր է` ասացիր, ինքդ «սերվիսի» տաքսի կանգնեցրիր, ասացիր` Դավիթաշեն կտանես մեր քրոջը: Այն ամենը, ինչ երեկ մանրուք էր թվում, հիմա այնքան կարեւոր է դարձել ու գնահատելի: Հիշում եմ` երբ միասին հատում էինք փողոցը, դու անցնում էիր մեքենաների կողմը, միշտ այդպես էիր անում: Ու անասելի տխրում եմ այն մտքից, որ էլ ֆոտոշոփ չես անելու քրքրված բլոկնոտս, չես ասելու` բեր սա հանձնենք Մատենադարան, քեզ համար նորը առնենք: Իմ կատակին ի պատասխան, չես դժգոհելու` Գայանե ջան, ես դիետոլոգ չեմ, որ քեզ նիհարացնեմ, ոնց կաս, այնպես էլ լուսանկարում եմ:

Դու մեր օրվա մի մասնիկն էիր, մեր կյանքի մի գույնը, որի պակասը զգալու ենք միշտ: Մեր բազմաձայն ժխորում (երբ հավաքված ենք իրար գլխի) որոնելու ենք քո ձայնը, կարոտելու ենք քո կատակներին… Քո աշխատասենյակում` Գնելի, Բագրատի կողքին մի բան պակաս է լինելու միշտ: Որովհետեւ դու մեր ընկերն ես, որն այլեւս մեզ հետ չէ:

Թող հոգիդ լույսերի մեջ լինի:

Գ. ՊՈՂՈՍՅԱՆ