Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԵՐ ՔԱՅԼԵՐԸ ՀԱՄԱՐԺԵՔ ԵՆ»



Վերջերս լույս է տեսել արեւելագետ-միջազգայնագետ Լեւոն Հովսեփյանի «Թուրքիայի ԶՈՒ արդիականացումն ու ռազմարդյունաբերությունը» մենագրությունը, որտեղ փաստական հարուստ նյութի հիման վրա բացահայտված են Թուրքիայի ռազմական քաղաքականության նպատակներն ու խնդիրները: Լեւոն Հովսեփյանը մասնագիտությամբ թուրքագետ է, աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմի «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում»` որպես ավագ փորձագետ: Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույց, որի թեման մեր տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունն ու զարգացումներն են:

-Պարոն Հովսեփյան, անցնող տարում ռազմաքաղաքական ի՞նչ տեղաշարժեր կատարվեցին մեր տարածաշրջանում:
-Մեզ համար ամենակարեւոր իրադարձությունները, թերեւս, երկուսն էին` ՀՀ-ում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետը երկարաձգելու եւ դրանց կարգավիճակը փոխելու վերաբերյալ օգոստոսի 20-ին ստորագրված հայ-ռուսական արձանագրությունը, ռազմատեխնիկական ոլորտում հայ-ռուսական համագործակցության ու փոխըմբռնման հուշագիրը եւ ռազմավարական գործընկերության եւ փոխօգնության մասին օգոստոսի 16-ին Բաքվում ստորագրված ադրբեջանա-թուրքական համաձայնագիրը, որն Ադրբեջանի խորհրդարանը վավերացրեց դեկտեմբերի 21-ին: Ադրբեջանի իշխանական ու փորձագիտական շրջանակների կողմից այդ համաձայնագիրը ներկայացվում է որպես հակակշիռ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանը:
-Պայմանագրի տեքստը գաղտնի էր պահվում: Մանրամասներ հայտնի՞ են:
-Այժմ արդեն՝ այո՛: Պայմանագրի 2-րդ հոդվածի համաձայն` «եթե կողմերից մեկի վրա հարձակվում է երրորդ երկիրը կամ երկրները, ապա կողմերը միմյանց փոխադարձ օգնություն են ցույց տալիս բոլոր հնարավոր միջոցների գործադրմամբ»: Ադրբեջանն ու Թուրքիան համագործակցելու են նաեւ «պաշտպանական քաղաքականության պլանավորման, կոորդինացման, ինչպես նաեւ ազգային անվտանգության ոլորտում սպառնալիքների գնահատման, վերացման հարցերում»: Իսկ 9-րդ հոդվածում նշված են իրականացվելիք համատեղ միջոցառումները, որոնք են, մասնավորապես` նյութատեխնիկական մատակարարումները, ռազմական նշանակության միջոցների ու տեխնիկայի արտադրությունը, պաշտպանական նշանակության ծառայությունների մատուցումը, զորավարժությունների անցկացումն ու մարտական պատրաստության միջոցառումների իրականացումը, զինվորական կադրերի ու մասնագետների պատրաստումը, թիկունքի ապահովումը եւ այլն:
Հետխորհրդային շրջանում Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ ռազմական ոլորտում ստորագրվել են ավելի քան երեք տասնյակ փաստաթղթեր, որոնցով կարգավորվում են նրանց ռազմական համագործակցության շրջանակները` ռազմական հետախուզությունից մինչեւ կադրերի պատրաստում: Այս պայմանագիրը դրեց արդեն ադրբեջանա-թուրքական ռազմական լիարժեք դաշինքի իրավական հիմքը:
-Վերջին տարիներին զարգացման ի՞նչ միտում ունի Թուրքիայի ռազմական օգնությունն Ադրբեջանին:
-Հիմնական շեշտը դրվել է Ադրբեջանի ռազմարդյունաբերության զարգացման վրա: Այդ համատեքստում թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունները արդեն իսկ սկսել են ադրբեջանական կողմի հետ համատեղ արտադրական ծրագրերի իրականացումը: Ծրագրվում է արտադրել անօդաչու թռչող սարքեր, զրահամեքենաներ, հրթիռահրետանային համակարգեր (107 եւ 122 մմ տրամաչափի), թեթեւ սպառազինություն եւ այլն: Որոշ թուրքական ընկերություններ` ինչպես օրինակ Aselsan-ը, ներկայացուցչություններ են հիմնել Ադրբեջանում, ստեղծվում են համատեղ ձեռնարկություններ: Չի կարելի բացառել, որ Ադրբեջանի ռազմարդյունաբերությանն աջակցելու ծրագրի քողի տակ Թուրքիան ռազմական տեխնիկա ու սպառազինություն մատակարարի: Մեզ համար կարող է մտահոգիչ լինել հատկապես այն, որ մինչեւ 2015թ. Թուրքիան մտադիր է ձեռք բերել 10 մլրդ դոլար ընդհանուր արժողության 100-120 միավոր գերժամանակակից «F-35» կործանիչ: Բնականաբար, հին կործանիչները, մասնավորապես՝ «F-16C»-երը, սպառազինությունից աստիճանաբար հանվելու են: Մեծ է հավանականությունը, որ դրանց մի մասը էժան գնով վաճառվի Ադրբեջանին կամ հայտնվի այնտեղ որպես նվիրատվություն:
Բացի այդ, Թուրքիան Իտալիայի հետ համատեղ արտադրում է «T-129» հարվածային ուղղաթիռներ, իսկ Հարավային Կորեայի հետ` «Altay» տեսակի տանկեր: Ադրբեջանը երկու ծրագրերին էլ մասնակցելու առաջարկություն է ստացել:
Դե, իսկ Թուրքիայի` Ադրբեջանի համար սպայական կադրեր պատրաստելը վաղուց է հայտնի. հետխորհրդային ամբողջ ժամանակաշրջանում Ադրբեջանի ավելի քան 5000 սպաներ սովորել են Թուրքիայի ռազմական ուսումնական հաստատություններում, իսկ թուրք զինվորականներն էլ ուսումնավարժական միջոցառումներ իրականացրել հենց Ադրբեջանում: Թուրքական բարձրաստիճան զինվորականները որպես խորհրդականներ մինչ օրս էլ ներգրավված են Ադրբեջանի ուժային համակարգում:
-Գաղտնիք չէ, որ Թուրքիան ռազմական օգնություն է ցույց տալիս նաեւ Վրաստանին:
-Այո՛, բայց էական տարբերությամբ. Թուրքիան Վրաստանի ռազմարդյունաբերությունը վերականգնելու լուրջ քայլեր երբեք չի արել եւ հազիվ թե անի, քանի որ Վրաստանը նրան հետաքրքրում է առավելապես աշխարհաքաղաքական, տնտեսական տեսանկյունից` որպես տարանցիկ պետություն: Հատկապես 1990-ականների վերջերից Թուրքիան սկսեց ռազմական օժանդակություն տրամադրել նաեւ Վրաստանին, արդիականացնել վրացական բանակի ենթակառուցվածքներն ու մասամբ նաեւ սպառազինությունը, հատկացնել ֆինանսանյութական օգնություն:
Հարկ է նկատել նաեւ, որ 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո Թուրքիան ջանում է չհրապարակել Վրաստանի հետ ռազմական ոլորտում իր համագործակցության մանրամասները: Միով բանիվ, Վրաստանին Թուրքիայի ռազմական օգնության նպատակը նրա ԶՈՒ նկատմամբ վերահսկողություն ստանալն է:
-Կարելի՞ է ասել, որ մեր տարածաշրջանի ռազմականացման օջախը Թուրքիան է:
-Ինչ-որ իմաստով` այո՛: Թուրքական կողմը զգալի ներդրում է ունեցել Վրաստանի եւ առավելապես Ադրբեջանի ԶՈՒ-ի արդիականացման, սպառազինման գործում: Բացի դրանից, Թուրքիան ինքն է ակտիվորեն արդիականացնում իր ռազմական տեխնիկան ու սպառազինությունը` ձգտելով նաեւ ինքնուրույն բավարարելու իր ռազմական կարիքները: Այսօր Թուրքիան ինքն է բավարարում իր ռազմական տեխնիկայի պահանջարկի մոտ կեսը, իսկ ռազմական նշանակության սեփական արտադրանքի արտահանման ծավալը հասցրել է 1 մլրդ դոլարի: Զարգացնելով ռազմարդյունաբերությունը` Թուրքիան ձգտում է նվազեցնել իր կախվածությունն Արեւմուտքի երկրներից` արտադրելով զրահատեխնիկա, տանկեր, հրթիռահրետանային համակարգեր, թեթեւ սպառազինություն, ռազմական կապի, էլեկտրոնային պայքարի, հետախուզության ու հրամանատարական հսկման համակարգեր, անօդաչու թռչող սարքեր: Բացի այդ, ռազմարդյունաբերության զարգացումը նա համարում է իր հարեւան տարածաշրջաններում ռազմաքաղաքական ազդեցությունը մեծացնելու լուրջ գործոն: Ռազմական օգնություն ցույց տալով Ադրբեջանին, Վրաստանին եւ Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրներին` Թուրքիան ձգտում է տարածաշրջանային առաջատարի դերին:
-Արդյո՞ք որակյալ է Թուրքիայի ռազմական արտադրանքը:
-Համենայն դեպս, մրցունակ է, արտահանվել է Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներ, Մալայզիա, Պակիստան, Ալբանիա, Չիլի, միջինասիական թյուրքալեզու երկրներ, Ադրբեջան, Վրաստան: Բացի դրանից, թուրքական ընկերությունները արտադրական պատվերներ են ստանում նույնիսկ եվրոպական երկրներից: Մասնավորապես՝ Թուրքիան Նիդերլանդներին է վաճառել «Stinger» դասի սեփական արտադրության զենիթահրթիռային համալիրներ: Ճիշտ է, մարտական գործողությունների ժամանակ թուրքական սպառազինությունը չի փորձարկվել, եթե չհաշվենք քրդաբնակ շրջաններում խռովություններ ճնշելիս ու Հյուսիսային Իրաքում քուրդ գրոհայինների դեմ անդրսահմանային ռազմական գործողություններում «Կոբրա» դասի մեքենաների, թեթեւ սպառազինության ու այլ միջոցների կիրառումը: Կան նաեւ փաստեր, որ 2008 թ. օգոստոսի վրաց-օսական պատերազմի ժամանակ վրացական կողմը կիրառել է թուրքական արտադրության «Կոբրա» զրահափոխադրիչներ, որոնք վերջին տարիներին մատակարարել էր Թուրքիան:
-Դատելով ըստ Ձեր նշած փաստերի` Թուրքիան վարում է ռազմական ակտիվ քաղաքականություն, որն այնքան էլ համահունչ չէ նրա հռչակած «հարեւանների հետ` ոչ մի խնդիր» սկզբունքին:
-Այո՛, թեպետ Թուրքիան այս տարի խմբագրման ենթարկեց իր ազգային անվտանգության ռազմավարական հայեցակարգը եւ մի շարք երկրների, այդ թվում` Հայաստանին, հանեց իր անվտանգության համար սպառնալիք ներկայացնող երկրների ցանկից, բայց բոլորի համար էլ ակնհայտ է, որ դա ավելի շուտ դիվանագիտական քայլ էր: Իրականում Թուրքիան տարածաշրջանի ռազմականացումը խթանող երկիրն է, ակտիվորեն վերազինվում է, եւ դա բացահայտում է նրա հեռահար ագրեսիվ նպատակները:
-Իսկ ի՞նչ կարելի է ասել Իրանի մասին:
-Իրանի ԶՈՒ մասին տեղեկություններ շատ քիչ են հրապարակվում: Հայտնի է, որ Իրանը նույնպես ակտիվորեն զարգացնում է ռազմարդյունաբերությունը` շեշտը դնելով հրթիռային տեխնոլոգիաների վրա: Այս ոլորտում Իրանը համագործակցում է Չինաստանի հետ. 2010թ. ապրիլին Չինաստանն Իրանում հիմնեց հրթիռների արտադրության գործարան, որը չինական տեխնոլոգիաներով արտադրելու է հականավային «Նասր-1» հրթիռներ: Բացի դրանից, ռազմական տեխնոլոգիաների ոլորտում Իրանը համագործակցել է նաեւ Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի հետ: Օգոստոսին Իրանը ցուցադրեց սեփական արտադրության «Քառար» անօդաչու թռչող սարքը, որը ցայսօր նրա արտադրածներից ամենամեծն է: Իրանական ռազմարդյունաբերությունը նույնպես զարգանում է տարբեր ոլորտներում: Նկատենք, որ Իրանի ԶՈՒ խնդիրները հարձակողական չեն: Նրա համար մարտահրավեր են ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ լարված հարաբերությունները: Իր դեմ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում Իրանի համար տարածաշրջանում հավանական թիրախ կարող են լինել ամերիկյան ռազմակայանները:
-Ի՞նչ է հակադրում Հայաստանը իր հարեւանների ռազմական ակտիվ քաղաքականությանը:
-Վերջերս տեղի ունեցան երկու ուշագրավ իրադարձություններ: Առաջինը նոյեմբերի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն էր այն մասին, որ Ադրբեջանի նախահարձակ լինելու դեպքում մեր հակահարվածը կլինի «կործանարար եւ վերջինը»: Սա աննախադեպ հայտարարություն էր, որը լիովին համարժեք էր Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հռետորությանը: Ըստ էության, հայտարարությունը նշանակում էր, որ Հայաստանը որդեգրել է ռազմական այնպիսի միջոցների տիրապետելու ռազմավարություն, որի շնորհիվ ձգտելու է Ադրբեջանին հասցնել նրա համար անընդունելի վնաս, ինչը անիմաստ կդարձնի պատերազմի սանձազերծումը, իսկ սանձազերծման դեպքում` հետագա շարունակումը:
Երկրորդ իրադարձությունը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի` վերջերս կայացած նիստում ՀՀ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման հնգամյա ծրագրի հաստատումն էր: Հայտարարվեց, որ հայկական զինված ուժերը համալրվելու են գերժամանակակից սպառազինությամբ: Եթե հավելենք նաեւ օգոստոսին կնքված հայ-ռուսական հուշագիրը, որով նախատեսվում է ՀՀ տարածքում ռազմատեխնիկական սպասարկման կենտրոնների ստեղծում, սպառազինության ու ռազմական տեխնիկայի մատակարարում, ռազմարդյունաբերության զարգացում, ապա կարելի է վստահաբար ասել, որ Հայաստանի քայլերը համարժեք են տարածաշրջանում տեղի ունեցող ռազմաքաղաքական զարգացումներին:

Զրույցը վարեց ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ
փոխգնդապետ

Խորագիր՝ #51 (866) 29.12.2010 - 5.01.2011, Ռազմաքաղաքական


29/12/2010