Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՉԻՆԱՍՏԱՆԻ ՌՕՈՒ ԱՐԴԵՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Չինաստանն ապշեցուցիչ արագությամբ արդիականացնում է և կատարելագործում իր մարտական ավիացիան: Վերջերս նրանք արդիականացրին նախկին խորհրդային ևս երկու ինքնաթիռ` Ту-16-ը և H-6K-ն` «նոր նմուշի հրթիռի հետ միասին»:
Չինաստանն ունի ավելի քան 3000 միավոր մարտական և օժանդակ ինքնաթիռ և ունակ է ոչ միայն լուծելու սեփական տարածքի հակաօդային պաշտպանության խնդիրը, իր տարածքում աջակցելու ցամաքային զորքերին, այլև հարվածներ հասցնելու սեփական տարածքից դուրս գտնվող հեռավոր թիրախներին, այդ թվում` ծովային: Չինաստանի ՌՕՈՒ հիմնական խնդիրներն են`
• երկրի սահմանների պաշտպանությունը հարևան երկրների` Ճապոնիայի, Վիետնամի, Հնդկաստանի և այլոց հետ վեճերում,
• Թայվանի երկնքում գերիշխանության հաստատումը այն դեպքում, երբ Չինաստանի «տարածքային ամբողջականությունը» ռազմուժի միջոցով վերականգնելու քաղաքական որոշում կայացվի,
• տարածաշրջանում ԱՄՆ ՌՕՈՒ նկատմամբ գերազանցության հաստատումը,
• Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում նրա նկատմամբ օդում գերազանցության հաստատումը: Ուշագրավ է, որ Չինաստանում ստեղծվել է «Ագրեսոր» ուսումնական կենտրոնը, որտեղ չինական ինքնաթիռների հակառակորդները ռուսական «Սու-27»-երն են:
Չինաստանի հաջողության գրավականն են առատ ֆինանսավորումը, զարգացման ճիշտ ընտրված ուղղությունները, արևմտյան և ռուսական առաջավոր տեխնոլոգիաների պատճենումը, մշակումը և կատարելագործումը:
Չինաստանի ՌՕՈՒ թույլ կողմերն են` հեռահար ռադիոլոկացիոն համակարգով և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով օժտված ժամանակակից ինքնաթիռների, ինչպես նաև լիցքավորող ինքնաթիռների պակասը (ԱՄՆ ՌՕՈՒ համեմատ): Արևմտյան վերլուծաբանների կարծիքով, Չինաստանի ռադիոտեխնիկական զորքերը դեռ թույլ են ցածր թռչող թիրախների հայտնաբերման ոլորտում, ռադիոլոկացիոն հենակետերը թույլ են պաշտպանված օդային հարձակումներից, իսկ ռադիոլոկացիոն կայանները` խանգարումներից:
Փորձագետների կարծիքով, Չինաստանի ՌՕՈՒ Ռուսաստանի համար վտանգավոր են, քանի որ սրընթաց ավելանում է չինական չորրորդ սերնդի ինքնաթիռների քանակը: Ընդ որում, Չինաստանն ունի բավականաչափ թվով երրորդ սերնդի ինքնաթիռներ, որոնք հարկ եղած դեպքում կարող է «զոհաբերել»` ռուսական ՀՕՊ-ի մարտապաշարը ծախսելու համար: Չինաստանն արդեն գերազանցում է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության, ինչպես նաև ավիակիրների արտադրության ոլորտներում: