Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ



Հուլիսի 14-ը միջազգային դիվանագիտության պատմության էջերում գրանցվեց որպես չափազանց կարեւոր ձեռքբերման օր. Իրանը եւ վեց գերտերությունները համաձայնության հասան Իրանի միջուկային վիճահարույց ծրագրի շուրջ։

♦♦♦

«Լիահույս ենք, որ դա հավելյալ խթան կհանդիսանա Հայաստանի եւ բարեկամ Իրանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար»։

Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, ՀՀ արտգործնախարար

♦♦♦

«Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը, ինչ խոսք, համաշխարհային մակարդակի իրադարձություն է. դրանով հաստատագրվում է Իրանի՝ որպես տարածաշրջանային գերտերության կարգավիճակը, մեծ հեռանկար է բացում ինչպես հենց Իրանի, այնպես էլ Հարավային Կովկասի երկրների համար, աշխարհաքաղաքական առումով այն բերելու է նոր զարգացումների, սակայն, այս ամենով հանդերձ, ըստ իս, Իրանի համար այս պայմանավորվածությունը միաժամանակ հղի է նաև մի շարք անկանխատեսելի հետևանքներով՝ հատկապես ներքաղաքական դաշտում»:

Պրոֆեսոր Գառնիկ ԱՍԱՏՐՅԱՆ

Ճանաչված իրանագետ Գառնիկ Ասատրյանին խնդրեցինք մեկնաբանել իր իսկ վերոնշյալ հայտարարությունը:

ԻՐԱՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԻՑ ԱՌԱՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ Է

Իրանի միջուկային ծրագրի շուրջ վիեննական համաձայնությունը և պատժամիջոցների վերացման հեռանկարը դրականորեն է գնահատվում երկրների մեծամասնության կողմից: Վերլուծելով իրավիճակը՝ ես հաջողությունը կբաժանեի տնտեսական և քաղաքական մասերի: Կասկածից դուրս է, որ տնտեսական տեսակետից Իրանը լրջագույն առավելություններ է ձեռք բերում. եթե այս երկիրը տասնամյակներ շարունակ պատժամիջոցների առկայությամբ կարողացել է ինքնաբավ և դինամիկ զարգացող տնտեսություն ստեղծել, ապա պատժամիջոցների վերացումը կարող է խթանել այս խոշոր տերության հետագա աննախադեպ զարգացումը: Ես ասում եմ՝ «կարող է», որովհետև պատժամիջոցների վերացումը փուլային գործընթաց է, և չպետք է վայրկենական արդյունք ակնկալել: Եվ եթե հաշվի առնենք ԱՄՆ նախագահի խոսքերը՝ «Իրանի հետ մեր համաձայնությունը ոչ թե վստահության հիմքերի վրա է հենվում, այլ ստուգման», ինչպես նաև այն փաստը, որ հանրապետական շատ սենատորներ ընդհանրապես համաձայնագիրը համարում են սպառնալիք ԱՄՆ անվտանգությանը, դեռ անհայտ է, թե որքանով են իրական այնքան դժվարությամբ ու տառապանքով ընդունված համաձայնագրի կետերը. երկուստեք չափազանց մեծ է անվստահության տոկոսը:

Իմ կարծիքով՝ կնքված համաձայնության մեջ Իրանի ամենամեծ ձեռքբերումը քաղաքական է, ինչը, անտարակույս, Իրանի դիվանագիտական հաղթանակն է: Նշենք սակայն, որ Իրանն առանց այդ էլ տարածաշրջանում քաղաքական «ծանրաքաշ» երկիր է, որն իր գործողությունները Արևմուտքի, հատկապես՝ ԱՄՆ-ի հետ համաձայնեցնելու կարիք բոլորովին չի ունեցել ու չունի:

Մի խոսքով, անկախ այն բանից, թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները, և ինչքանով են իրականանալի համաձայնության կետերը, արձանագրված արդյունքը է՛լ ավելի կամրապնդի Իրանի դիրքերը միջազգային բեմահարթակում` ավելի բարձրացնելով նրա քաղաքական կարգավիճակը:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին համաձայնության ստորագրումից հետո իրանցի իր գործընկերոջը` Ջ. Զարիֆին բնութագրել է որպես «անզիջում, պրոֆեսիոնալ և հայրենասեր» մարդու և պետական գործչի:

Պատրաստեց Գևորգ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Խորագիր՝ #27 (1096) 16.07.2015 – 22.07.2015, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


16/07/2015