Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՐԱՆՔ ԵՐԿԻՐՆ ԻՐԵՆՑ ՈՒՍԵՐԻՆ ԵՆ ՊԱՀՈՒՄ



Զրույց-ակնարկ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետի տեղակալ, գնդապետ ՍԱՍՈՒՆ ԲԱԴԱՍՅԱՆԻ հետ

Պարզապես, մի բան պիտի հասկանանք, որ թշնամիներով շրջապատված, սահմանամերձ լինելը մարդկանց ստիպում է արիանալ, ավելի լավ հասկանալ ազատության գինը: Թուրքի ոտքը Տեղ գյուղ չի մտել: Ասեք՝ ես ինչպես չհպարտանամ այս փաստով: Լենկ Թեմուրը նվաճելով հասավ Տեղ եւ Խնածախ գյուղերի մատույցներին, գրավեց հարեւանությամբ գտնվող Մինքենդ գյուղը (որն իր նվաճած հազարերորդ գյուղն էր, գյուղի անունը թարգմանաբար այդպես էլ կոչվում է՝ հազարերորդ գյուղ), բայց աշխարհիս տիրակալը չկարողացավ Տեղ եւ Խնածախ գյուղերը մտնել: Ես ինչպես չհպարտանամ իմ Բաղդասար պապով, որը, լսելով Արեւմտյան Հայաստանում թուրքերի վայրագությունների մասին, ջոկատ կազմեց ու մեկնեց՝ պաշտպանելու իր հայրենակիցներին: Նա իր ջոկատով զոհվեց, ու բոլորը թաղված են Արեւմտյան Հայաստանում:
Գնդապետ Ս. Բադասյան

-Պարոն Բադասյան, Գորիսի շրջանի Տեղ գյուղի մասին զանազան առասպելներ են շրջում՝ տղամարդկանց անհավանական խիզախությունից մինչև կանանց անսահման նվիրվածությունը: Ձեր համագյուղացիներից մեկը փորձում էր հավատացնել ինձ, որ ոչ մի տեղացի կին չի ամուսնացել պատերազմում իր ամուսնուն կորցնելուց հետո, որ Ձեր գյուղի աղջիկները երբեք չեն բաժանվում իրենց ամուսիններից, որովհետև շատ ներդաշնակ, ամուր ընտանիք են կազմում… մի խոսքով, էլ չշարունակեմ:

-Դուք որտեղի՞ց եք արմատներով:

-Խոյեցի եմ… ու չեմ կարծում, թե հայկական որևէ գյուղ իր նկարագրով, մարդկանց էությամբ ու կերպարով կարող է մեծապես տարբերվել մյուսներից: Ձեր գյուղի հարևանությամբ Խնածախն է՝ Գորիսի հին ու ավանդույթներ ունեցող գյուղերից մեկը, մի՞թե…

-Սադրիչ հարցեր մի տվեք (ծիծաղում է)… Դուք շատ լավ գիտեք, որ Խնածախը մեր նախարարի գյուղն է ու շատ հերոսական, ավանդապաշտ ու առաքինի նկարագիր ունի: Պարզապես, մի բան պիտի հասկանաք, որ թշնամիներով շրջապատված, սահմանամերձ լինելը մարդկանց ստիպում է արիանալ, ավելի լավ հասկանալ ազատության գինը: Թուրքի ոտքը Տեղ գյուղ չի մտել: Ասեք՝ ես ինչպես չհպարտանամ այս փաստով: Լենկ Թեմուրը նվաճելով հասավ Տեղ և Խնածախ գյուղերի մատույցներին, գրավեց հարևանությամբ գտնվող Մինքենդ գյուղը (որն իր նվաճած հազարերորդ գյուղն էր, գյուղի անունը թարգմանաբար այդպես էլ կոչվում է՝ հազարերորդ գյուղ), բայց աշխարհիս տիրակալը չկարողացավ Տեղ և Խնածախ գյուղերը մտնել: Ես ինչպես չհպարտանամ իմ Բաղդասար պապով, որը, լսելով Արևմտյան Հայաստանում թուրքերի վայրագությունների մասին, ջոկատ կազմեց ու մեկնեց՝ պաշտպանելու իր հայրենակիցներին: Նա իր ջոկատով զոհվեց, ու բոլորը թաղված են Արևմտյան Հայաստանում:

-Ասում են՝ թուրքերը միշտ հարձակվել են Գորիսի շրջանի գյուղերի վրա, վնաս են տվել, անասուն են գողացել, և միայն Տեղ գյուղի բնակիչներն են հակադարձ գրոհներ ձեռնարկել… Ձեր գյուղացիներն են ասում:

-Մի նեղվեք, ճիշտ են ասում: Անձամբ ես մեր փոքրիկ հրոսակախմբի հետ քանի-քանի անգամ եմ մասնակցել նման գրոհների…

-Սովետի՞ ժամանակ…

-Այո, սովետի ժամանակ:

-Բա ո՞ւր մնացին բարեկամության, ինտերնացիոնալիզմի սրտառուչ խոսքերը:

-Դրանք միշտ էլ դատարկ խոսքեր են եղել: Մելիքսեթ Պողոսյանը կազմեց «Մելիք Բարխուդար» 116 հոգանոց ազտագրական ջոկատը, որը կռվեց հայրենիքի ազատագրության համար մինչև պատերազմի հաղթական ավարտը: Հայաստանի ոչ մի գյուղից այդքան մարդ չի մասնակցել Արցախյան պատերազմին, ընդ որում՝ այդ 116-ից բացի, իմ շատ համագյուղացիներ կռվել են այլ ջոկատներում: Ստեփանակերտի Տղեցուց մայլում մեր գյուղացիներն են ապրում, նրանցից շատերը նույնպես կռվել են թշնամու դեմ: Այսօր ազգային բանակում մեկ գեներալ ունենք՝ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Վարդան Ավետիսյանը, բազմաթիվ գնդապետներ, փոխգնդապետներ, մայորներ: Միայն մեր ջոկատից 32 հոգի պատերազմից հետո մտավ բանակ, այդ թվում՝ ես ու երկու եղբայրներս…

-Երկրի նախագահի մասին էլ համեստորեն լռում եք:

-Դա էլ Դուք ասեք…

-Ձեր մասին մի պատմություն կա, լսե՞լ եք… ինձ մի զինվորական է պատմել: Տեղ գյուղից մի զինվորի հրամանատարը հարցնում է, թե՝ Ձեր գյուղը գեներալ ունի՞, ասում է՝ այո՛, գնդապետ Սասուն Բադասյանը:

-Դա լսել եմ: Գիտեք, պարծենալ չլինի, մենք շատ հերոսական ու հայրենիք սիրող ազգ ենք: Մի դեպք հիշեցի… Թորոս Խութ բարձունքը գրավելիս մեր տղաներից մեկը՝ Քոչարյան Գրենան, ասաց՝ ոնց որ վիրավորվեցի, մտածեցինք՝ գնդակը ոտքին կամ ձեռքին է կպել: Մեկ էլ տեսանք՝ արյունը առվի պես հոսում է գլխից: Տղերքը Գրենային ռազմադաշտից հանեցին, հասցրին հիվանդանոց: Մի քանի օր հետո, երբ գնացինք Գրենային տեսնելու, գլուխը հինգ անգամ մեծացել էր: Նայում եմ ու մտածում՝ սրա գլուխը պիտի որ ուժեղ ցավի, բայց հանգիստ զրուցում է, հարցեր է տալիս… Գրենան ապրեց: Գնդակը մի ականջի մոտով մտել էր, մյուսով դուրս եկել, բայց բժիշկները փրկեցին տղայի կյանքը: Մի օր էլ հայտնվեց դիրքերում: Ներս մտավ, թե՝ եկա՛, տղե՛րք: Ո՞ւր եկար, այ տղա, ասացինք, թող տուն գնա: Ասաց՝ չէ, բժիշկն ասել է, որ կարող է մինչև խոր ծերություն ապրեմ, կարող է՝ «տումբլերը» ամեն վայրկյան անջատվի… Հետո ասաց՝ տղերք, որ իմանայի՝ կապրեմ, մի կուշտ լաց կլինեի հիվանդանոցում, ցավս կթեթևանար: Մտածում էի՝ կմեռնեմ, լացով տղերքին չկոտրեմ, չխեղճացնեմ….Բայց ցավը շատ ուժեղ էր, սպանում էր… Ու ես հիշեցի, թե ինչպես էր հիվանդանոցում ուռած գլխով պառկել, անտրտունջ, առանց տնքոցի զրույց էր անում… Շատ հուզվեցինք, նույնիսկ լաց եղանք, մոտեցանք, գրկեցինք, ճակատը համբուրեցինք…

-Հիմա Գրենան ո՞ղջ է:

-Ողջ է: «Տումբլերը», փառք Աստծո, չեն անջատվել: Կենդանի հերոս է: Ու նրա նմանները քիչ չեն: Նրանք երկիրն իրենց ուսերին են պահում: Ամռանը, երբ թուրքերն ակտիվացել էին, վիրավոր տղերքը (մեկի ձեռքը չկար, մեկի ՝ աչքը, մեկի՝ ոտքը) եկան ու կամավոր հավաքագրվեցին, ասացին՝ զենք տվեք, սահման գնանք, անփորձ զինվորներին հետ քաշեք:

-Պարոն Բադասյան, շատ հետաքրքիր, հուզիչ զրույց ստացվեց, բայց ես ուզում էի Ձեր մասին գրել: Ասում են՝ Ձեր հայրը իր երեք որդիներին հանձնել է գյուղի ֆիդայիներին ու ասել՝ երեք տղաս մատաղ հայրենիքին:

-Երբ խորհրդային բանակից վերադարձա, սահմանային ընդհարումներն արդեն սկսվել էին, ու եղբայրներս այդ թոհուբոհի մեջ էին: Բնականաբար, միացա նրանց: Տեսնելով երեքիս իրար հետ նույն ջոկատում կռվելիս՝ Վազգեն Սարգսյանը բարկացավ Մելիքսեթի վրա, ասաց՝ բա որ երեքն էլ զոհվեն, մեկին տուն ուղարկիր: Բայց ոչ մեկս տուն չգնաց, էդ ժամանակ էլ ես որոշեցի՝ գոնե մի զավակ ունենամ, որ շարունակվեմ, որ անհիշատակ չմեռնեմ: Սիրած աղջիկ ունեի: Ասացի՝ ուզում եմ ամուսնանանք, բայց մի պայմանով՝ եթե զոհվեմ, պիտի ամբողջ կյանքում հավատարիմ մնաս իմ հիշատակին: Ասի՝ հեշտ չի, ոչ էլ ստիպում եմ: Եթե իր մեջ այդքան ուժ գտնում է, ամուսնանանք: Լաց եղավ, երդվեց: Ամուսնացանք: Աղջկաս ծնվելուց 40 օր հետո լուր բերին, թե աղջիկ եմ ունեցել: Զանգիլանում էինք: Երկու ամիս հետո տեսա աղջկաս: Դեռ անուն չուներ, սպասում էին, որ ես ճակատից վերադառնամ, անունը որոշեմ: Մորս անունով կոչեցի՝ Արշալույս: Տղայիս ծնվելու լուրը Հորադիսում իմացա, եկան ասացին՝ անթրաշ ֆիդայի է ծնվել: Անասուն մորթեցինք, մատաղ արեցինք, բաժանեցինք զինվորներին: 45 օր հետո տեսա որդուս: Փոքր աղջիկս 2002թ.-ին է ծնվել՝ Սյունեն: Սյունիք բառից է….

-Գուցե հայ օջախի սյուն է…

-Այո՛: Ինչպես Սյունիքն է Հայաստանը պահող սյուներից մեկը… Սոսը եղբայր էր ուզում, բայց երկրորդ քույրն ունեցավ: Արդեն 20 տարեկան տղա է, բայց պարբերաբար հիշեցնում է՝ պա՛պ, եղբայր ես խոստացել: Դե, խոստացել եմ, պիտի կատարեմ:

-Պարոն Բադասյան, երկար տարիներ ծառայել եք զորքերում, եղել եք տարբեր աստիճանի հրամանատար: Հերոսությունը՝ հերոսություն, բայց խաղաղ ժամանակների բանակը մարտունակ դարձնելու համար պետք են իրական քայլեր, երկաթյա կարգապահություն է պետք: Ի՞նչն է պակասում մեզ: Ո՞նց անենք, որ խաղաղ ժամանակ զոհեր չունենանք, որ սևազգեստ մայրերը փողոց դուրս չգան, որ ցավն ու ամոթը չխառնվեն իրար…

-Իմ ղեկավարած զինվորական ստորաբաժանումներից երբեք զինվորի փախուստ չի եղել, երբեք որևէ զինվոր չի դատապարտվել:

-Ինչպե՞ս…

-Զինվորական ծառայությունն ինձ համար սոսկ աշխատանք չէ ( անկեղծ կասեմ, առանց համեստության), այլ ինքնանվիրում է՝ նվիրում հայրենիքին: Սխրանք է: Ու միայն նա պետք է զինվորական դառնա, ով հոգեբանորեն պատրատ է իր կյանքի 20-30 տարիները նվիրելու հայրենիքի պաշտպանությանը՝ հանուն ժողովրդի, հանուն երկրի, հանուն սեփական պատվի: Ու սրանք պիտի ոչ թե բարձրագոչ բառեր լինեն, որոնք հնչում են հանդիսությունների ժամանակ՝ կենացներ ասելիս, այլ կենսաձև, ճանապարհի գիտակցված ընտրություն:

-Պարոն Բադասյան, մենք կարծես թե հայրենասեր ու նվիրյալ զինվորականների պակաս չունենք: Սկսած պաշտպանության նախարարից՝ բանակում ծառայում են պատերազմ անցած, հող ազատագրած քաջեր, որոնք իրենց նվիրվածությունը հայրենիքին ու ժողովրդին արյամբ են ապացուցել:

– Քաջությունից բացի, մեզ ևս մի բան է պետք՝ բանակային օրենքը հարգելու պատրաստակամություն: Զինվորականի ոչ միայն ծառայության, այլև վարքի ու բարոյականության սահմանադրությունը պետք է լինի Կանոնագիրքը:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #27 (1096) 16.07.2015 – 22.07.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


16/07/2015