Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԵՂ ՀԱՎԱՏՈՎ ԽԵՆԹՈՒԹՅՈՒՆ



-Աֆո՛, քո խենթություն, քո ծռություն ծնված օրից քեզ հետ կմեծնա, հասակ կառնի։ Մենք կծերանանք, դու ավելի կխենթանաս։ Աֆո, ինչ լավ է՝ դու խմիչքի հետ սեր չունես։ Ես էլ սեր չունիմ, համա մի բաժակ կխմիմ, որ քո խենթությունը հասկնամ։
Հաճախ էր այս խոսքերը կրկնում երջանկահիշատակ, մեր կորուսյալ աշխարհի տարեգրությունը մեզ ավանդած այրը՝ Մուշեղ Գալշոյանը։ Ու հրաշալի մտավորականն ու գրողը մեկ էլ ձեռքը թափով զարկում էր սեղանին.
-Աֆո, մի բան ասա, Աֆո, մի ճար ու հնարք գտի, էրգիր տանող մի ճանապարհ ցույց տուր։ Չկա ամրոց ու փակ դուռ, որ հավատով, զորեղ հավատով ու քո խենթությամբ բախես, ու այն չբացվի։ Զորեղ հավատ է պետք, Աֆո, իմ ծուռ Աֆո։
…Բերդաձորից Ստեփանակերտ սլացող տաքսին, երբ պետք է շրջանցեր Շուշին, Աֆոն («Սասունցիներ» ջոկատի հրամանատար Ալֆրեդ Ներսիսյան) հիշել էր Մարաթուկին ննջող հայդուկներին։ Նրանց կենդանի պատկերն էր տեսնում Քիրսի գագաթի ամպերին։ Հիշել էր նրանց հավերժ շունչ ու հոգի տված սիրելի գրողին։ Աֆոն վարորդին ասաց.
-Մտնենք Շուշի, հետո Շուշիով կիջնենք Ստեփանակերտ։
Խոսքը հանդարտ էր, հայացքը՝ սեւեռուն։ Վարորդին թվաց՝ կատակում է.
-Սումգայիթից հետո վերջին հային մի ամիս առաջ ծեծուջարդով, ծաղրուծանակով են քշել Շուշիից։ Հիմա էլի հայ են փնտրում, մենք մեր ոտքով գնանք, դառնանք…
-Քշի՛ր Շուշի, մենք պիտի մտնենք մեր բերդաքաղաքը, մենք պետք է տեսնենք Ղազանչեցոց Սուրբ Աստվածածինը։Հավատդ զորացրու, թերթիր մեր պատմության էջերը։ Մեր բոլոր հաղթանակները մեզ տրվել են Աստծո կամեցողությամբ, երբ հավատ ենք ունեցել։ Հիշիր Առաքելոց կռիվը։ Իսկ պարտությունները եղել են, երբ կորցրել ենք մեր հավատը, ինչպես անառիկ Կարսը։
Աֆոն խենթացել էր.
-Քշիր Շուշի, մտիր հավատո՛վ։ Կտեսնես, որ մենք կբացենք Շուշիի դարպասները, եւ դա կլինի մեր վերջնական հաղթանակի նախանշանը, դա կլինի Ավետյաց երկրի մուտքը…
Արդեն մոտեցել էին Շուշիի դարպասներին։ Ադրբեջանական համարներով մեքենան տեսնելով՝ զրահամեքենաները ճանապարհ բացեցին, եւ մեքենան սլացավ մեր հնագույն մայրաքաղաքի սալահատակներով։ Ամենուր ոգեւորված, արնախում աչքերով ամբոխն արդեն տոնում էր իր հաղթանակը։
-Աչքդ լույս, Սպարտակ, քո նախնիների ծննդավայրն այսպես շուքով ե՞րբ էր մեզ դիմավորել,- դարձավ Աֆոն հրապարակախոս, արձակագիր Սպարտակ Ղարաբաղցյանին։ -Հիմա տես, թե ինչ ոգեւորությամբ են դիմավորում իրենց իսկական տերերին (մեքենայում էին գրող, հրապարակախոս Վրեժ Իսրայելյանն ու Սպարտակ Ղարաբաղցյանը)։
Աֆոն ձեռքը տարավ ծոցագրպանը, շոշափեց Եփրատի ջրերից վերցրած մասունքը, արդեն ողորկացած քարը, հետո կողքի գրպանից թափով հանեց Արշակ հորից մնացած «օսկրե» պոչով դանակն ու պատուհանից կիսով չափ դուրս գալով՝ ձեռքը սկսեց թափահարել։ Ճանապարհի եզրերին հավաքվածները նույն կերպ ողջունեցին իրենց «հերոսին»։ Մեքենան սլանում էր Ղազանչեցոց Սուրբ Աստվածածնի ուղղությամբ։
«Անդրանիկը քաջ յուր զինվորներով» երգի խրոխտ հնչյունները թափվում էին Շուշիի սալահատակին, ամբոխի ոգեւորությունը հասել էր գագաթնակետին։ Երեւաց Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին։
Իմ հայրենյաց հոգի Վարդան
Վարդան, Վարդան, Վարդան, Վարդան…
Աֆոն էլ ոչինչ չէր նկատում։ Հայացքը եկեղեցուն էր։ Աներեւակայելի մի զգացում էր տիրել նրան։ Թվաց՝ տեսնում է գմբեթի խաչը, որը փայլ է տալիս, ու Արշակ հոր դանակը խաչի զորությամբ այրում է ձեռքի ափը՝ եկեղեցու խաչի լույսը կապելով Մարաթուկի Սուրբ Աստվածածնի գմբեթի խաչին։
-Յա Մարաթուկ Աստվածածին,- Աֆոյի ձեռքը օդում ուրվագծեց խաչե մի պատկեր։ Եվ տեղի ունեցածը հրաշք էր, տեսիլք՝ Մարաթուկի Սուրբ Աստվածածինը կամրջվեց-կամարակապվեց Շուշիի Սուրբ Աստվածածնի հետ։
Շուշին քարացել էր, Շուշին լռել էր։ Անկանոն թափահարվող ձեռքեր էին, բացուխուփ արվող բերաններ, ու Աֆոն ոչինչ չէր լսում։ Երբ հասել էին եկեղեցուն, նա դիմեց վարորդին.
-Կանգնի՛ր, իջնե՛նք, ինչպես վայել է քրիստոնյային, մոմ վառենք, մեր աղոթքն անենք ու շարունակենք մեր ուխտի ճանապարհը։
Տղաները լուռ ժպտում էին, իսկ լռությունը համաձայնության նշան էր։ Սակայն վարորդը կտրուկ թեքվեց եւ շարժվեց Ստեփանակերտի ուղղությամբ.
-Աղոթքն ու մատաղը հետո, երբ Շուշին կազատագրենք։
Շուշիից դուրս գալը դժվար էր. եղան կրակոցներ, սակայն Աստծո կամեցողությամբ նորից բացվեց ճանապարհը, եւ մեքենան շարժվեց Ստեփանակերտի ուղղությամբ։ Լուռ էին բոլորը։ Լռել էր նաեւ Աֆոն։ Մտքով էրգրում էր։ Զորավարը Առաքելոց վանքից իր 30 զինվորներով գիշերով անցավ 6000 թուրք ասկյարների միջով ու դուրս եկավ պաշարումից։ Ձյուն էր, ձմեռ, գիշերը՝ խավար։ Ու Զորավարի ճանապարհն անցնում էր լույսերի միջով։ Շուշիի ճանապարհը նույնպես լուսավոր էր, շողարձակ, եւ այդ լույսի բազմերանգ շողերից ծիածանն իր կամարը կապել էր՝ հենվելով Մարաթուկի եւ Շուշիի Սուրբ Աստվածածին եկեղեցիների գմբեթներին…
Մեքենան սլանում էր Ստեփանակերտի ուղղությամբ։ Աֆոն լուռ էր՝ լռել էր ոնց անջուր ջրաղացքար։ Ականջին նորից Մուշեղ Գալշոյանի խոսքերն էին.
-Աֆո, իմ խենթ Աֆո, մի ճար ու ճամփա գտիր, իմ ծուռ Աֆո։ Քո ծռության հետ զորեղ հավատը ամեն մի դուռ կբացի, ամեն պարիսպ կխորտակի…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #18 (883) 11.05.2011 – 18.05.2011, Հոգևոր-մշակութային


19/05/2011