Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎՈՒՐԳԱՎԱՆ



Վուրգավան գյուղը գտնվում է Արցախի Քաշաթաղի շրջանի հարավում, Բերձորից մոտավորապես 40 կմ հեռավորության վրա։ Գյուղն ազատագրվել է Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1993 թ.։ Առաջին անգամ, երբ լսեցի Վուրգավան գյուղի անունը, հարց առաջացավ՝ ինչո՞ւ Վուրգավան, որտեղի՞ց է ծագում գյուղի անունը։

ԵՎ ԻՍԿԱՊԵՍ. ԻՆՉՈ՞Ւ ՎՈՒՐԳԱՎԱՆ

Վուրգավանցիները պատմում են, որ սիսիանցի ազատամարտիկ Վուրգ Ոսկանյանը Քաշաթաղի շրջանում առաջինն այս գյուղն է այցելել, որից հետո գնացել է դեպի հյուսիսային շրջաններն ու զոհվել է Վակունիս գյուղում։ Վուրգի գյուղ այցելելուց հետո գյուղի անունը դրել են Վուրգավան, ու այդպես էլ մնացել է։ Այդ ժամանակ գյուղում են եղել սիսիանցի մի քանի կռվող տղաներ՝ իրենց ընտանիքների հետ, նրանք էլ դարձել են գյուղի առաջին վերաբնակիչները։

ՎՈՒՐԳԱՎԱՆՑԻՆԵՐԸ

1994 թ. գյուղն սկսել է վերաբնակեցվել Ստեփանակերտից, Գյումրիից, Ջերմուկից և Հայաստանի տարբեր շրջաններից եկած մարդկանցով։ Դժվար էր առաջին վերաբնակիչների կյանքը. տներն ավերված էին, էլեկտրականություն չկար, ճանապարհ չկար, կարելի է ասել՝ ոչինչ չկար։ Կար միայն այն գիտակցումը, որ սրբագույն հայրենիքի այս կտորն ազատագրվել է հայ զինվորի արյամբ, ու այն պետք է պահել։ Ու պահեցին առաջին վերաբնակիչները՝ անմիջապես շարունակելով ազատամարտիկների գործը։ Տարիների ընթացքում որոշ կենսական անհրաժեշտության հարցեր լուծվեցին։ Այսօր Վուրգավանում ապրում է 157 հոգի. մի քանի տարի առաջ գյուղում բնակվում էր 36 ընտանիք, այժմ այդ թիվը հասել է 40-ի։ Սա նշանակում է, որ վերջին տարիներին թեև քիչ թվով բնակիչներ, բայց, այնուամենայնիվ, գալիս են Վուրգավան։ Գյուղապետը՝ Գեորգի Խաչատրյանը, ասում է, որ ցանկացողները շատ են, սակայն գյուղում աշխատատեղերը այնքան էլ շատ չեն, այդ պատճառով էլ հիմնականում հենց նոր բնակիչներ չեն գալիս։

ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր Վուրգավանում ամրացած մարդկանց հաստատվելը հեշտ չի եղել ազատագրված հողում։ Ի թիվս շատ դժվարությունների, 2007թ. գյուղի գյուղատնտեսությունը կաթվածահար էր։ Գյուղի խոշոր եղջերավոր անասունները՝ 200 գլուխ, բոլորը միանգամից վարակվել էին բրուցելյոզով ու ոչնչացվել, գյուղացիները հսկայական վնաս են կրել։ Չնայած իսկապես ծանր հարվածին՝ գյուղից ոչ մի բնակիչ չի հեռացել։ Այսօր՝ 8 տարի անց վուրգավանցիները կարողացել են խոշոր եղջերավոր անասունների թիվը հասցնել 150-ի։ Գյուղացիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ ու այգեգործությամբ։ Գյուղի դիրքն ու կլիման թույլ են տալիս մեծ ծավալներով այգիներ մշակել։ Վուրգավանցին գտել է նաև սպառման ճանապարհները. բերքն առաքվում է կա՛մ Հայաստանի Հանրապետություն, կա՛մ էլ ուղարկվում է Ստեփանակերտ։

ԱՊԱԳԱՅԻ ՀՈՒՅՍՈՎ

Գյուղապետի խոսքով՝ գյուղում այժմ մեծ խանդավառություն է տիրում, ինչը կապված է ընթացող շինարարության հետ։ Վուրգավանի դպրոցը կիսավեր վիճակում է. խոնավ ու վթարային շենքը վտանգավոր է երեխաների և ուսուցիչների առողջության համար։ Գյուղում առհասարակ գոյություն չունի բուժկետ և համայնքապետարան։ «Հայրենասեր» կազմակերպությունն այս տարվա ամռանը հիմնովին վերակառուցում է Վուրգավանի դպրոցը, ինչպես նաև կառուցում է բուժկետ ու համայնքապետարան։ Դպրոցը շինարարության ընթացքում նաև կձևափոխվի, ինչը թույլ կտա տեղավորելու ավելի մեծ թվով աշակերտների. երեխաների թիվը տարեցտարի գյուղում աճում է։ Դպրոցում կկառուցվի նաև մարզադահլիճ։

Վուրգավանցիները 20 եւ ավելի տարիներ ապրում են Վուրգավանում՝ կրելով բազում դժվարություններ, շարունակում են ապրել, կառուցել ու իրենց հաստատուն ներկայությամբ պահպանել ազատագրված հայրենիքը: Առաջին տարիներին նրանք ապրել են առանց որևէ կենսական պայմանների եւ չհեռանալով գյուղից՝ հնարավորություն են տվել համայնքին կայանալու։ Այսօր արդեն Վուրգավանը հաղթահարել է կայացման դժվարին ընթացքը և թևակոխել զարգացման նոր փուլ։ «Հայրենասեր»-ի իրականացրած շինարարությունը, որի շնորհիվ գյուղը կունենա վերակառուցված դպրոց, բուժկետ ու համայնքապետարան, մեծապես նպաստում է գյուղի զարգացմանը՝ վաղվա օրվա հույս պարգևելով համայնքին։

Մարդիկ ոգևորված են շինարարությամբ ու թեկուզ առանց գլուխ բարձրացնելու զբաղված են գյուղատնտեսական գործերով, բայցեւայնպես, գալիս են, օգնում շինարարներին…

Թամարա ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Հայրենասեր» կազմակերպություն

Խորագիր՝ #27 (1096) 16.07.2015 – 22.07.2015, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


16/07/2015